«ԱՌԱՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ». ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16«ԱՌԱՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ». ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
«Իսկապես նախորդ տարվա ընթացքում Կենտրոնական Բանկի կատարած աշխատանքը արժանի է դրվատանքի եւ մենք տեսնում ենք հաջողության ապացույցներ մասնավորապես ֆինանսական կայունության ապահովման շրջանակում»,- իր ելույթը, Կենտրոնական Բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մասին այս նախադասությամբ սկսեց իր ելույթը ՍԻՄ նախագահ, պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Շարունակելով խոսքը ասաց, որ նա չի խոսելու զուտ թվերից, տեսություններից, մակրոտնտեսական ցուցանիշներից, այլ խոսելու է ժողովրդի համար հասկանալի խնդիրներից. «Դրանք հետեւյալն են. Ժողովուրդի մեծ մասն այսօր ունի կախվածություն բանկերից, գտնվելով ծայրահեղ վիճակում ճարահատյալ հայտնվում է բանկային խնդիրների մեջ: Պետք է հասկանանք, որ բանկային համակարգը բացի ֆինանսական կայունություն, ցուցանիշներ ապահովելուց, սղաճը զսպելուց, ունի մեկ նպատակ՝ ծառայել ժողովրդին, քանի որ առանց իրեն բանկային համակարգը ոչ մեկին պետք չէ: Այստեղ հարց է առաջանում, հիմա ժողովուրդն է բանկային համակարգի համար, թե հակառակը: Եթե հարցնեք շատ-շատ մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն մասնավոր առեւտրային բանկերի հետ, նրանք կհամարեն, որ գտնվում են ճորտատրիական վիճակում՝ բանկերի նկատմամբ: Ելնելով դժվար իրավիճակից, կամ սխալ հաշվարկներից, ինչպես նաեւ լավ չտիրապետելով բանկային համակարգի նրբություններին քաղաքացիները ընկնում են կախվածության մեջ, որից հետո ստիպված են ամբողջ կյանքում աշխատել բանկի վրա եւ փակել պարտքերը: Այդպիսի բան լինում է ճորտատրիական համակարգում, երբ մարդը դառնում է ինչ որ մեկի համար աշխատող ստրուկ: Կենտրոնական Բանկի խնդիրն է առեւտրային բանկերին մի քիչ ձգել: Չի կարելի նրանց թույլ տալ խաղալ մարդկանց ճակատագրերի հետ: Ես հարց եմ ուղել այս առումով, թե քանի բնակարաններ են անցած տարվա ընթացքում անցել սեփականատերերից բանկերին եւ քանիսն են դրանցից եղել մարդկանց վերջին կացարանը: Երկու տարի է, ինչ Կենտրոնական Բանկին առաջարկում եմ արգելել վերջին կացարանները որպես գրավ դնելու հնարավորությունը: Ռուսաստանը օրեր առաջ ընդունեց մի օրենք` ֆիզիկական անձանց սնանկության մասին, որով մանրամասն նկարագրում է, թե ինչպես պետք է վարվեն այն մարդկանց հետ, ովքեր չեն կարողանում մարել վարկային պարտավորությունները: Այդ օրենքով արգելվում է մարդկանցից գրավի դիմաց բռնագրավել նրանց վերջին կացարանը եւ նրանում գտնվող կահույքը, կամ ավտոմեքենան, եթե այն մարդու ապրուստի միակ միջոցն է՝օրինակ եթե նա տաքսիէ քշում, ընտանիքի կարիքները հոգալու համար: Լավագույն հոգեբանների մեկնաբանությամբ, մեր երկրում շատ մարդիկ գնում են ինքնասպանությունների, հայտնվելով ֆինանսական դժվարությունների առաջ, որոնք շատ անգամ առաջացնում են առեւտրային բանկերը: Պետք է կարողանանք կարգավորել առեւտրային բանկ եւ քաղաքացի փոխհարաբերությունները:Այսօր որոշ բանկեր քաղաքացիներին զրկում են աշխատավարձ ստանալուց, սառեցնում են հաշիվները: Մեկ այլ բանկ տալիս է «Նուռ» քարտ եւ առանց քաղաքացու իմացության գումար են փոխանցում դրա վրա, հետո էլ տոկոսներ հաշվում: Մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում վերջին մուծումը կատարել, մի երկու տարուց թուղթ է գալիս, որտեղ նշված է, որ 50 հազար դրամը դառել է 500 հազար դրամ, բայց այդ ընթացքում բանկը ոչ մի անգամ չի հիշեցնում, չի մտնում բանակցությունների մեջ քաղաքացու հետ»:
«ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԳՅՈՒՂԱՑԻՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻ ՀԵՏ»
Պարոն Բաբուխանյանը իր ելույթում առանձնացրեց նաեւ գյուղացիական վարկերի մասին հարցը նշելով, որ չպետք է դրանք տրվեն արտարժույթով. «Գյուղացին ինչ կապ ունի վալյուտայի հետ, այն դեպքում, որ այն ինչ պետք է գնի, ձեռք է բերում դրամով:»
Ելույթի վերջում ՍԻՄ նախագահը հարց բարձրացրեց, թե ֆիզիկական վարկառուների շրջանում որքան են խնդրահարույց վարկային պատմությունները: «Մեր ֆինանսական կայունությունը չի կարող լինել երկարատեւ եւ հստակ, քանի դեռ չկա վճարունակ ժողովուրդ»,- եզրափակեց իր ելույթը պատգամավորը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

