ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ. «ԵՍ «ՈՉ»- Ի ՃԱԿԱՏ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
Արխիվ 12-16ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ. «ԵՍ «ՈՉ»- Ի ՃԱԿԱՏ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
Լրագրողներն այսօր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեցին` ինչու նա եւ Իշխան Խաչատրյանը դեմ քվեարկեցին Սահմանադրության նոր նախագծին, իսկ Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանն ու Լեւոն Դոլոխյանը` ձեռնպահ: «Քսան րոպե ընդմիջում վերցնելուց առաջ մենք բազմաթիվ առաջարկություններ ենք արել, որոնցից մի մասն ընդունվել է մի քանիսը` ոչ: Քանի որ ամբողջությամբ մեր առաջարկները չեն ընդունվել, մենք չենք կարող կողմ լինել փոփոխությանը: Բայց բարոյական չի լինի նաեւ, որ մեր առաջարկների մի մասի ընդունման պատճառով դեմ քվեարկենք: Խմբակցությունով քննարկեցինք ու որոշեցինք` ազատ թողնել քվեարկությունը»,- արդարացավ խմբակցության ղեկավարը:
Հնարավո՞ր է ՕԵԿ-ը միանա «Ոչ»-ի ճակատին: Հեղինե Բիշարյանի խոսքով` ինքը «Ոչ»-ի ճակատ չի տեսնում: «Ես ընդհանրապես ոչ մի ճակատ էլ չեմ տեսնում: Ոչ «այո»-ի, ոչ «ոչ»-ի լրջագույն ճակատներ չեմ տեսնում: «Հիմա կտեսնենք` ինչ գործընթաց կլինի, դրանից կախված էլ պարզ կլինի մեր հետագա մարտավարությունը: Երկրորդ` մեր շուրջ են հավաքվել մոտ 130 հասարակական-քաղաքական ուժ, որն արդեն լրջագույն ճակատ է»
«Իրավունք»-ի հարցին` ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը նախապես տեղյակ՞ էր, թե ինչպես է քվեարկելու խմբակցությունը, տիկին Բիշարյանի խոսքով` խմբակցությունն ներկայացրել է Արթուր Բաղդասարյանին իր առաջարկը, որին նա դեմ չի եղել:
Տիկին Բիշարյան, «Հայկական վերածնունդ» կազմակերպությունում ընդգրկված «Հայոց Հայրենիք» կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն չունի ընտրված իշխանություն, չընտրված երկրի ղեկավար: ՕԵԿ-ն ընդունո՞ւմ է այդ հայտարարությունը:
- «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահն իր տեսակետի մասին է խոսել: Մենք ոչ մի քաղաքական ուժի կամ քաղաքական ուժի ղեկավարի չենք արգելել ու արգելում, որ նա իր կարծիքը հայտնի: Դա «Հայկական վերածնունդ» կազմակերպության ընդհանուր կարծիքը չէ:
- Բայց այդ կարծիքը արդյոք շատ չի տարբերվում «Հայկական Վերածնունդ» կազմակերպության կարծիքից:
- Ինչի մասին խոսել է «Հայոց Հայրենիք» կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանը, քննարկում չի եղել «Հայկական Վերածնունդ» կազմակերպությունում: Մենք չենք քննարկել այնպիսի հարցեր, որոնք տարբերվում են «Հայկական Վերածնունդ» կազմակերպության կարծիքից: Եթե մենք միասնական ենք տարբերի հարցերի դեպքում, դա չի նշանակում` նա չի կարող ունենալ այնպիսի կարծիք, որը կարող է չհամընկնել իմ կարծիքին: Բացի այդ` նախորդ ընտրություններում Անահիտ Եղոյանը մեզ հետ չի համագործակցել, «Հայկական Վերածնունդ»-ի անդամ չի եղել , հետեւաբար ես կարող եմ միայն հարգել կարծիքը:
- Փաստորեն, եթե որեւէ հասարակական կամ քաղաքական ուժ ցանկանում է լինել «Հայկական Վերածնունդ»-ի անդամ, Դուք չե՞ք նայում նրա անցած ճանապարհը, նրա դիրքորոշումները:
- Անցած ճանապարհն ի՞նչ կապ ունի: Ի՞նչ է, պետք է նայել, թե որ հարցի շուրջ որ քաղաքական ուժը ինչ է հայտարարել տարիներ առա՞ջ…
-Դե «Հայոց Հայրենիքը» պնդում է իր տեսակետը…
- Քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ ու բարեկամներ չկան: Հարցեր կան, որոնց շուրջ կարողանում ենք համախմբվել այնպիսի ուժերի հետ, որոնց հետ հակառակորդ ես:
- Դուք գիտե՞ք, որ «Հայոց հայրենիքը» ՀԱԿ դաշինքի անդամ է մինչ այժմ:
- Ես տեղյակ չեմ, կճշտեմ, բայց ասեմ`Անահիտ Եղոյանը բավական ակտիվ աշխատում է «Հայկական Վերածնունդ»-ում:
- Կես կատակ, կես լուրջ`մի ոտքով ՀԱԿ-ում, մի ոտքով`«Հայկական վերածնունդ»-ում...
- Ես էդպես չէի ասի, քանի որ նա հստակ աշխատում է «Հայկական վերածնունդ»-ում: Դե հիմա ՀԱԿ-ից դուրս գալու-չգալու հարցեր քննարկել է, թե ոչ, դա տեխնիկական խնդիր է, կարծում եմ` կանի:
Հ.Գ. Այստեղ տեղին է հիշել ՀՀ 1-ին նախագահի հետեւյալ խոսքերը. «Պոլի փեդ լինի, թող ՀՀՇ լինի»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk