ԲՀԿ-ԱԿԱՆ ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ «ԲՈՅԿՈՏԸ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ «ԲՈՅԿՈՏԸ»
ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումն այսօր դրվեց քվեարկության: 104 կողմ, 10-ը` դեմ, 3` ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց: ԲՀԿ պատգամավորներից մի քանիսը, սակայն, այսօր խորհրդարանում չէին: Խոսքը` Էլինար Վարդանյանի, Հայկ Խաչատրյանի, Ստեփան Մարգարյանի, Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի մասին է: Եթե Վարդան Օսկանյանն ու Վահե Հովհաննիսյանը հայտարարել էին սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու մասին, Էլինար Վարդանյանի ու Ստեփան Մարգարյանի դիրքորոշումն այդքան էլ հստակ չէր: Նրանք խուսափում էին հստակ կարծիք հայտնել, մինչդեռ լրատվամիջոցները գրում էին, որ վերոնշյալ երկու պատգամավորները դեմ են բարեփոխումներին: Այսպես ասած քոչարյանամետ Հայկ Խաչատրյանը եւս դեմ էր բարեփոխումներին, սակայն իր այդ կարծիքի համար պատգամավորն իսկական կրակի մեջ ընկավ: Պատահական չէ, որ ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավորը «անհետացել է»:
«Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանից պարզեց` տեղյակ է, թե ինչու իր գործընկերները չեն մասնակցում քվեարկությանը: «Ես չեմ կարող ասել` ինչու Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը չէին մասնակցում քվեարկությանը: Հայկ Խաչատրյանը տասն օր առաջ մեկնել է ԱՄՆ-ը` առողջական խնդիրների պատճառով»,- այս կերպ պատճառաբանեց իր գործընկերների բացակայությունը այսօրվա նիստից ԲՀԿ-ական պատգամավորը:
Մեր դիտարկմանը`արդյոք պատահական է սահմանադրական բարեփոխումներին դեմ եղող պատգամավորների բացակայությունը, Աբրահամ Մանուկյանն ասաց. «Կարող է զուգադիպություն լինել, կարող է դիտավորություն, չեմ կարող ասել»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

