ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՆՈՐ ԱԼԻՔՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ ՍՏԱՑԱՎ ՇՔԵՂ ՄԻԱՎՈՐՆԵՐ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՆՈՐ ԱԼԻՔՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ ՍՏԱՑԱՎ ՇՔԵՂ ՄԻԱՎՈՐՆԵՐ

Ժամեր առաջ` «Նոր Ալիք-2015» երգի մրցույթի համերգային առաջին օրը, իր ելույթով Սոչիի բեմից փայլեց Հայաստանը ներկայացնող ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ: Այսօր մեր մասնակիցը կատարեց Boney M-ի հանրահայտ «Sunny» երգն, իհարկե, իր ուրույն ոճով, եւ վերջում օդային համբույներ ուղարկեց` ջերմացնելով անձրեւային եղանակից սառած հանդիսատեսին: Ելույթից ընդամենը րոպեներ առաջ Գ. Կյոկչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսպիսով, ես պատրաստ եմ… Մինչ ելույթս ցանկանում եմ ասել` այս պահին, իրոք, կարոտել եմ ընկերներիս եւ հարազատներիս։ Հաջողություն, եղեք պոզիտիվ»: Եվ, իսկապես, հայաստանյան մասնակիցը պատրաստ էր գրավել ժյուրիի սիրտն ու ի պատասխան ստանալ բարձր միավորներ` հիմնականում 11 եւ մի քանի 10 բալ (ժյուրիի կազմում են` Իգոր Կրուտոյի նախագահությամբ` Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Վալերիան, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Անի Լորակը, Անժելիկա Վարումը, Դիմիտրիս Կոնտոպուլոսը): Արդյունքում ունենք 85 միավոր, ինչի մասին «Նոր Ալիքի» հաղորդավարներից «Чай Вдвоем» խմբի նախկին անդամ ՍՏԱՍ ԿՈՍՏՅՈՒՇԿԻՆՆ, ով, ի դեպ, երեկ մրցույթի
բացման հանդիսավոր արարողության ժամանակ հանդիսատեսին ողջունեց հայերեն «բարեւ ձեզով», նշեց. «Շքեղ միավորներ են»:
Ի դեպ, թեպետ հայաստանյան որեւէ հեռուստաընկերություն չէր կարողացել ձեռք բերել մրցույթը հեռարձակելու իրավունք, սակայն սա չխանգարեց, որպեսզի հայաստանցիները օնլայն կամ Ռուսաստանի առաջին հեռուստաալիքով հետեւեին, աղոթեին, հաջողություն մաղթեին ու սատարեին մեր մասնակցին: Այնպես որ, մեզ մնում է շարունակել նույն ոգով աջակցել մեր մասնակցին` մաղթելով հաղթանակ ու փայլուն ելույթներ, չէ՞ որ միջազգային մրցույթում ծածանվում է Հայաստանի դրոշը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

