«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԿԻՆՈ ՆԱՅԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ»
Արխիվ 12-16«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԿԻՆՈ ՆԱՅԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ»
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն արդեն մեկնարկել է իր միամսյակը: Այս անգամ «Կինոաշուն» ծրագիրը սկիզբ է առել Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով: «Իրավունքի» հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի նախագահ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հետադարձ հայացք գցելով` ասաց, որ այսօր ծրագիրը ծառայում է իր նպատակին. եթե ծրագրի առաջին տարիներին ծրագրի հիմնադիրներն էին խնդրում կինոթատրոններին, ուսումնական հաստատություններին կամ մշակույթի կենտրոններին մասնակից դառնալու ազգային կինոյի ամիս ծրագրին, այսօր արդեն իրենք են խնդրում միանալ:
«ԲԱ ՈՒՐ Ա՞ «ՏԵԼԵՎԻԶՈՐԸ», ՈՐՏԵ՞Ղ ԵՆՔ ԿԻՆՈ ՆԱՅԵԼՈՒ...»
-Երբ նոր էինք սկսում, մեր նպատակը մեկն էր` հայ հանդիսատեսին վերադարձնել հին ավանդույթները` տանել դեպի կինոթատրոն: Այսօր արդեն կարելի է ասել այդ առաքելությունն իրականացված է: Անկախ այն հանգամանքից, թե ինչ ֆիլմ է ցուցադրվում եւ այն ինչ որակի է, հայ հանդիսատեսն այսօր գնում է կինոթատրոն` հայկական արտադրության ֆիլմեր դիտելու: Նույնիսկ` այդ ֆիլմերի տոմսերը գնելու համար հերթեր են գոյանում: Հայկական կինոն այսօր Երեւանի կինոթատրոններում ավելի շատ տեղ ունի, քան` ցանկացած արտասահմանյան կինո:
- Այսինքն «Կինոաշո՞ւնը» նպաստեց դրան:
- Իհարկե, «Կինոաշունը» էապես նպաստեց եւ հանդիսատեսին վերադարձրեց կինո նայելու մշակույթը, ինչը հենց մեր նպատակներից մեկն էր: Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ, մի գյուղում ֆիլմ էին ցուցադրել, գյուղի հանդիսատեսը եկել ու զարմացած հարցրել էր. «Բա ո՞ւր ա «տելեվիզորը», որտե՞ղ ենք կինո նայելու...»: Երբ «Կինոաշունը» սկսում էինք, Երեւանում մեկ կինոթատրոն էր գործում, այսօր 5-ն են: Չեմ ասում, թե «Կինոաշունը» կինոթատրոն ստեղծեց, բայց նպաստեց, որ մարդիկ էկրանի վրա կինո դիտեն, կապ չունի` թե ինչ կարգի ֆիլմ է: Հետաքրքրություն կա կինոյի հանդեպ, այսօր հանդիսատեսը այս կարգի կինոյի համար է գնում կինոթատրոն, վաղը ուրիշ սերունդ կգնա` մեկ այլ կարգի ֆիլմ դիտելու: Կամաց-կամաց բոլոր ժանրերը կունենան իրենց հանդիսատեսը:
«ՏԵԽՆԻԿԱ ՉՈՒՆԵՆՔ, ԴԱՀԼԻՃ ՉՈՒՆԵՆՔ, ՀԱՎԵՍ ՉՈՒՆԵՆՔ...»
- Պարոն Գեւորգյան, արդեն մեկնարկել է «Կինոաշունը»` ընդլայնելով իր տարածությունը, դրա հետ մեկտեղ` նաեւ ծախսերն են շատանում:
- Այս տարի «Կինոաշունն» ունի երկու ուղղվածություն. նախ` նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ու բացարձակապես բոլոր ծրագրերում այդ թեմայով ներառված է մեկ ֆիլմ: «Կինոաշունի» հանդեպ հետաքրքրությունը շատացել է, եթե նախկինում ամեն համայնք 2-3 ֆիլմ էր ցուցադրում, հիմա հասել է` 10-15-ի: Դա շատ լավ է, մեր նպատակը հենց դա էր: Առաջին տարիներին չէին ցանկանում ֆիլմ ցուցադրելու մասին նույնիսկ խոսել մեզ հետ. «Ի՞նչ ֆիլմ ցուցադրել, որտե՞ղ ցուցադրել, տեխնիկա չունենք, դահլիճ չունենք, հավես չունենք...», այսինքն` արհեստական դժվարություններ էին ստեղծում: Հիմա էլ մեզ չեն սպասում, արդեն իրենք են ֆիլմերի ցուցակներ ուղարկում: Իրոք, «Կինոաշունի» տարածությունը` ե՛ւ քանակային, ե՛ւ տարածքային իմաստով մեծացել է, դա շատ լավ է, բայց միեւնույն ժամանակ դա իր հերթին բերում է ֆինանսական որոշ դժվարություններ:
- Ասացիք, որ ընդգրկված են բոլոր մարզերը, իսկ Տավուշի մարզում ինչպե՞ս է լինելու ֆիլմերի ցուցադրությունը` հատկապես վերջին օրերի լարված իրավիճակից հետո:
- Մեր նպատակն է ավելի շատ ներառել սահմանապահ գյուղերն ու զորամասերը: Պաշտպանության նախարարության եւ մարզպետարանների խորհրդով ենք որոշում, թե ինչպես եւ որտեղ լինեն ցուցադրությունները: Նույնիսկ որոշակի ծրագիր փոխվեց, որովհետեւ ասացին այդ վայրում չի կարելի ցուցադրություն իրականցնել, վտանգ կա: Մենք ինքնուրույն չենք որոշում, թե որտեղ ինչ ցուցադրենք:
«ՀԱՅՖԻԼՄՈՒՄ» ՊԵՏՔ Է ԶՐՈՅԻՑ ՍԿՍԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ
- Պարոն Գեւորգյան, բազմաչարչար «Հայֆիլմն» ի վերջո վերադարձվեց պետությանը...
- Այո, եւ դա լավ ու դրական որոշում էր: Ամբողջ տասը տարիների ընթացքում պարզվեց, որ պայմանագրային այն պարտավորությունները, որ պիտի ի կատար ածվեր, դրա չնչին մասն էր կատարվել: Իսկ պետությանը ոչինչ չէր մնում անելու, քան հետ վերադարձնել: Իսկ թե ինչ պայմաններում, դա երկրորդական խնդիր է: Բայց առաջին քայլն արվեց` վերադարձվեց պետությանը: Հիմա պիտի սպասենք, որովհետեւ «Հայֆիլմի» տարածքն ահռելի վիճակում է: Նախկինում «Հայֆիլմը» ժապավենային արտադրություն էր, լրիվ ուրիշ կարգավիճակ ուներ: Դեռ տարածքի ու շենքի վիճակի մասին չեմ խոսում, բայց այնտեղ եղած տեխնիկան ներդրումների ու վերականգնման կարիք ունի: Նախկին տեխնիկական միջոցները չգիտեմ գոյություն ունեն, թե` ոչ, նույնիսկ, եթե դրանք փաթեթավորված մի անկյունում դրված լինեն, այսօր պիտանի չեն ո՛չ մոնտաժային սեղանները, ո՛չ կամերաները, ո՛չ լուսային ու ձայնային սարքերը արդեն հնացած են, արդեն ուտիլ են համարվում: Լավագույն դեպքում` թանգարանի նմուշ կլինեն: Դրա համար «Հայֆիլմում» զրոյից պիտի սկսեն ամեն ինչ, ներդրումները հարկավոր են ոչ միայն շենք-շինությունների, այլ նաեւ տեխնիկական վերազինման համար, լրիվ նոր սարքերով պետք է համալրվի: Այսինքն` ժամանակ է պետք, որ պետությունն էլ հասկանա, թե ինչպես եւ ինչ ներդրումներ են արվելու: Առաջին քայլը արագ էր պետք անել` ժամկետն անցել էր ու պարտավորությունները չէին կատարել: Հիմա պիտի երկրորդ քայլին սպասենք:
«ՃԻՇՏ ՉԷՐ ՄԵԾ ՏՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ»
-Անդրադառնանք նաեւ «Հայակ» ամենամյա կինոմրցանակաբաշխությանը, որն այս տարի տեղի չունեցավ: Շատերը կարծում են, որ «Հայակն» արդեն երկու տարին մեկ է իրականանալու:
- Ոչ, կլինի ամենամյա, ինչպես ի սկզբանե որոշել էինք: Իսկ այս տարի հետաձգեցինք, որովհետեւ 2015-ը եւ տարվա ընթացքում իրականացված բոլոր միջոցառումները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իսկ «Հայակը» իր տեսակով տոն է, ու ճիշտ չէր այս իրավիճակում մեծ տոն կազմակերպել: Դրա համար որոշեցինք իրականացնել հաջորդ տարի, եւ անվանակարգերում ավելացնել եւս մեկը` 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմերի մրցույթ ու մրցանակ տալ լավագույն ֆիլմին: Իհարկե, առաջարկ կա երկու տարին մեկ անել, որովհետեւ ֆիլմերը քանակային առումով քիչ են: Բայց, կարծում եմ, ամենամյա կլինի, դեռ վերջնական չեմ կարող ասել, գտնում եմ` այդպես ճիշտ կլինի:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk