ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ. «ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵ՛Ք ԱԼԿՈՀՈԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ»
Արխիվ 12-16ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ. «ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵ՛Ք ԱԼԿՈՀՈԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ»
- Հարգելի բժիշկ, կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ի՞նչ միջոցներ կան: Ինչպե՞ս նվազեցնել հավանականությունը: Կարո՞ղ է արդյոք առողջ սննդակարգը կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը:
Հարցին պատասխանել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրենի տեղակալ, ուռուցքաբան, մամոլոգ,
բ.գ.թ. ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.
-Ռիսկի որոշ գործոններ, ինչպիսին, օրինակ, ընտանեկան պատմությունն է, փոխել հնարավոր չէ: Սակայն գենետիկական անալիզներով ապացուցված կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածություն ունեցող կանանց Արեւմուտքում առաջարկում են կրծքագեղձերի պրոֆիլակտիկ հեռացում:
Ինչեւէ, ապրելակերպը փոխելով` դուք կարող եք նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը, եւ սա ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, անգամ բարձր ռիսկի խմբի կանանց մոտ:
. Սահմանափակե՛ք ալկոհոլի օգտագործումը: Եթե դուք օգտագործում եք ալկոհոլ (անկախ տեսակից` գարեջուր, գինի, լիկյոր եւ այլն) ամեն օր (անկախ քանակից` անգամ մեկ բաժակ), ապա գտնվում եք ռիսկի գոտում:
. Մի՛ ծխեք: Հետազոտությունների արդյունքները ենթադրում են անմիջական կապ ծխելու եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ, հատկապես երիտասարդ կանանց մոտ: Բացի այդ, ծխելու սովորությունից ազատվելը ամենալավ նվերներից է, որ կարող եք մատուցել ձեր առողջությանը:
.Հետեւե՛ք ձեր քաշին: Գերքաշը եւ ճարպակալումը բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սա է՛լ ավելի վտանգավոր է, երբ կինը գերքաշ է հավաքում դաշտանադադարից հետո:
. Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ: Ֆիզիկական ակտիվությունն օգնում է զերծ մնալ գերքաշից եւ ճարպակալումից, որոնք համարվում են ռիսկի գործոններ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս կապակցությամբ խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվություն կամ 75 րոպե ակտիվ ֆիզիկական ակտիվություն: Սա անհրաժեշտ է համալրել առնվազն շաբաթը երկու անգամ ուժային մարմնամարզությամբ:
. Կրծքագեղձով կերակրելը: Կրծքագեղձով կերակրելը կարող է որոշակի դեր խաղալ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում: Կինը ինչքան երկար կերակրի կրծքով, այնքան մեծ կլինի պաշտպանական էֆեկտը:
. Հորմոնաթերապիայի սահմանափակում: Հորմոն փոխարինող թերապիայից 3-5 տարի շարունակ օգտվելը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը: Եթե դուք օգտագործում եք հորմոնալ միջոցներ` դաշտանադադարի տհաճ երեւույթները նվազեցնելու նպատակով, ապա խորհրդակցեք բժշկի հետ որեւէ այլ մեթոդի ընտրության համար: Այդ տհաճ երեւույթներից կարելի է ազատվել նաեւ ոչ հորմոնալ մեթոդների շնորհիվ, օրինակ` ֆիզիկական ակտիվությամբ: Եթե, այնուամենայնիվ, դուք որոշել եք օգտագործել հորմոնալ դեղամիջոցներ, ապա հնարավորինս նվազեցրե՛ք դեղաչափը:
Հետազոտությունները, ցավոք, ցույց են տվել, որ մրգերով եւ բանջարեղենով կանոնավոր սնվելը չունի պաշտպանական հատկություն` կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ: Իսկ ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգը կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնում է աննշան: Այնուամենայնիվ, առողջ սննդակարգը զգալիորեն իջեցնում է այլ տեսակի քաղցկեղների զարգացման հավանականությունը, ինչպես նաեւ` շաքարային դիաբետի, սրտային խնդիրների, ինսուլտի: Բացի այդ, առողջ սննդակարգը թույլ է տալիս զերծ մնալ ավելորդ քաշից, որն իր հերթին կարեւոր գործոն է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում:
Հարգելի՛ կանայք, եղե՛ք ուշադիր սեփական առողջության նկատմամբ:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

