«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԿԱ Է ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ»
Արխիվ 12-16«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԿԱ Է ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ»
Սահմանադրական բարեփոխումների նախագծին «ոչ» ասող ճամբարը հայրաքաղաք Գյումրիում կայացած հանրահավաքից ոգեւորված` այսօր պատրաստվում է նմանատիպ ելույթներով ներկայանալ մայրաքաղաքում` Ազատության հրապարակում: Ի վերջո, թե ինչի կհանգեցնի վերջիններիս նախաձեռնությունը, եւ որքանով են ուշադրության արժանի հնչած հակափաստարկներն ընդդեմ սահմանադրական բարեփոխումների նախագծի, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԲԵՔ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՆՈՒՄ»
–Այսօր Սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի ճամբարը պատրաստվում է հանրահավաք անցկացնել, որոնց թվում են նաեւ Ձեր ընդդիմադիր գործընկերներից մի քանիսը: Որքանո՞վ եք հավանական համարում, որ «Չեք անցկացնի» կարգախոսը կարող է իրականություն դառնալ:
– Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ առկա է լուրջ քաղաքական եւ, իհարկե, հասարակական կոնսոլիդացիա: Անշուշտ, յուրաքանչյուր նախաձեռնություն կարող է օրենքի սահմաններում ակտիվություն ունենալ եւ իր շուրջը համախմբել այնքան համախոհ, որքան կստացվի: Դրական է, որ երկրում տարատեսակ նախաձեռնությունները կայանում են որպես քաղաքացիական հասարակության կայացվածության բաղկացուցիչ տարր, եւ նորմալ է, որ արժանանում են լրատվական դաշտի ուշադրությանը:
– Նախորդ շաբաթ Գյումրիում անցկացված «Ոչ»-ի ճամբարի հանրահավաքի ժամանակ տարատեսակ «ոչ»-եր հնչեցին, որոնցից շատերը նույնիսկ Սահմանադրության փոխոխությանը չէին առնչվում: Կարելի՞ է ասել, որ սրանով, պարզապես ստվերում հայտնված քաղաքական գործիչները փորձում են վերականգնել իրենց կորցրած ձայները:
– Լավագույն գնահատական տվողը եղել եւ մնալու է ժողովուրդը, որը երբեք, ոչինչ չի մոռանում: Թե ինչու Գյումրու հանրահավաքին հստակություն չկար, եւ դա, ինչպես դուք նշեցիք, արտահայտվում էր անգամ կոչերի եւ կարգախոսերի ոչ հստակ լինելուց, ապա ճիշտ կլինի հղել նախաձեռնողներին, որոնք առավել կմանրամասնեն` հարցին պատասխանելիս:
– Ի դեպ, արտասահմանից Հայաստան է ժամանել, որպեսզի սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդյո՞ք սահմանադրական փոփոխությունն առաջին հերթին ձեռնտու չէ հենց «Ժառանգությանը», որպեսզի այլեւս որեւէ խմբակցություն այդպես չկազմաքանդվի, ինչպես իրենց դեպքում եղավ:
– Յուրաքանչյուր կուսակցություն, քաղաքական կամ հասարակական միավորում եւ անհատ ինքն է որոշում եւ վերլուծության արդյունքում հանգում այն եզրահանգմանը, որով ինքը պետք է կողմ կամ դեմ լինի հասարակական որեւէ գործընթացի: «Ժառանգության» դեպքում վստահ եմ` ճիշտ կլինի հարցը հղեք «Ժառանգության» կոմպետենտ ներկայացուցիչներին:
«ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԻՐԱԶԵԿՎԱԾ ԼԻՆԵԼ»
–Լինելով նաեւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ում ազդեցության ներքո է գտնվում նաեւ կուսակցության երիտասարդների միությունը` հետաքրքիր է Ձեր տեսակետը, թե ինչու երիտասարդը պետք է «այո» կամ «ոչ» ասի սահմանադրական բարեփոխումներին:
– ԲՀԿ Երիտասարդների միությունը, լինելով ԲՀԿ ստորաբաժանումների անբաժանելի մասը, իհարկե, կազմակերպել է համապատասխան քննարկում երիտասարդների հետ, լսել նրանց դիրքորոշումը եւ ներկայացրել մասնագիտական վերլուծություններ: Սահմանադրությունը երկրի իրավական մայր փաստաթուղթն է եւ առնչվում է ժողովրդի բոլոր սոցիալական եւ տարիքային շերտերին` առանց բացառության: Ուստի` երիտասարդը պետք է եւ պարտավոր է իրազեկված լինել այն բոլոր դրական փոփոխություններին, որոնք ներկայացվել են Սահմանադրության փոփոխությունների նախագծում:
– Ընդդիմախոսների բերած ամենածանրակշիռ հակափաստարկն այն է, թե սահմանադրական փոփոխության արդյունքում իշխանությունները կվերարտադրվեն: Ըստ Ձեզ` ՏԻՄ ընտրություններին ընդհանրապես չմասնակցող քաղաքական ուժերը, որքանո՞վ է իրատեսական, որ թեկուզ այս սահմանադրությամբ կկարողանան վաղը իշխանության գալ:
– Ընտրական գործընթացը ժողովրդավարության կայացման ֆունդամենտալ երաշխիքներից մեկն է, որով ժողովրդի կամարտահայտությունն իշխանության ձեւավորման գործում դառնում է ուղղակի եւ կենսական նշանակություն ունենում պետության եւ պետականության ձեւավորման գործում:
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունն առավել կարեւոր է, քանի որ ընտրող եւ ընտրվող կապն առավել սերտ է, եւ նմանատիպ ընտրությունները գերազանց հնարավորություն են ստեղծում հենց տեղում ծանոթանալու հեռավոր, սահմանամերձ համայնքների բնակիչների խնդիրներին եւ մշակել այն հայեցակարգերը, որոնք կնպաստեն դրանց հաղթահարմանը:
«ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՈՒՄ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ»
–Գյումրիում կայացած հանրահավաքից պարզ դարձավ, որ ընդդիմախոսները դեմ են առաջին հերթին նախագահականին ու կոնկրետ անձանց: Չե՞ք կարծում, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում առաջին հերթին բավարարվում են հենց նրանց պահանջները` նվազեցնելով նախագահական ինստիտուտի լիազորությունները:
– Առաջարկվող նախագծով երկրի կառավարման մոդելում արմատական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացվելու: Դրա հիմնական առանցքը, թերեւս, նախագահի ինստիտուտի ազդեցության նվազեցման, խորհրդարանի նոր եւ ընդարձակ լիազորությունների շնորհման եւ կառավարության ու վերոնշյալ երկու մարմինների հետ բալանսավորված, իրավական հիմք ու նոր մոդել ձեւավորելն է:
– Թեպետ արդեն հայտնի է «Բարգավաճ Հայաստանի» դրական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում, բայց մամուլում շարունակում են շրջանառվել անուններ ԲՀԿ խմբակցությունից, ովքեր դեմ են բարեփոխումներին ու զարմանալիորեն լռում են այդ պատգամավորները: Ի վերջո, այսօր հայտնի՞ է, թե ովքեր են շրջանցելու խմբակցության դիրքորոշումը:
– Մենք արդեն հայտարարել ենք, որ կուսակցության կայացրած որոշումը պարտադիր է բոլորի համար, սակայն եթե կլինեն անհատներ, որոնք դեմ կլինեն դրան, ապա վստահ եղեք, որ մենք դա առանձնակի ուշադրությամբ կքննարկենք եւ հասարակությանը կտեղեկացնենք կայացրած որոշումների մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

