«ՓՐԿԻՉՆԵՐԸ» ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ Ի ՑՈՒՅՑ ԴՆԵԼ ԻՐԵՆՑ ԱՊԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16«ՓՐԿԻՉՆԵՐԸ» ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ
Ի ՑՈՒՅՑ ԴՆԵԼ ԻՐԵՆՑ ԱՊԱՇՆՈՐՀՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն ինչ ձախողելը թեև ընդդիմադիրների մոտ արդեն ձեռագիր է դարձել, և եթե նկատել եք՝ ոչ մի ընդդիմադիր նախաձեռնություն երկար կյանք չի ունենում: Այդ իսկ պատճառով էլ անընդհատ լսում ենք նոր նախաձեռնությունների ստեղծման մասին, շատ հաճախ՝ մեկը մյուսին հակասող: Հաջորդը ընդդիմադիր դաշտում արդեն բազմաթիվ ձախողումների հեղինակ «Հիմնադիր խորհրդրանի» կողմից ստեղծվող՝ «Հանրային փրկության ճակատն» է, որը հայտնի չէ, թե ու՞մ է «փրկելու» և ումի՞ց: Ինչևէ, «փրկիչները» որոշել են հերթական անգամ ի ցույց դնել իրենց ապաշնորհությունը և առանց այն էլ ընդամենը մի քանի տասնյակ մնացած իրենց համակիրներին էլ ավելի հիասթափեցնել իրենց հերթական ձախողմամբ՝ ավելի քչացնելով նրանց թիվը: Դա, իհարկե, իրենց իրավունքն է, սակայն հետաքրքիր է, թե ի՞նչ տրամաբանությամբ են շարժվում «փրկիչները» և ու՞մ վրա են հույս դրել: Պարզվում է՝ հույսը դրել են միայն սեփական խորամանկության, նաև այնպիսի քաղաքական ուժերի վրա, ովքեր իրենցից էլ ավելի անփառունակ վիճակում են և նույնիսկ այդ մի քանի տասնյակ հետևորդները չունեն: Օրինակ, սեֆիլյանականներն այդ հարցով բանակցում են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և էլի մի քանի «մարդ-կուսակցություն» ֆորմատի ընդդիմադիր ուժերի և կազմակերպությունների հետ: Արդեն ինքնին հասկանալի է, թե ինչ իրենից կներկայացնի «Հանրային փրկության ճակատը», ինչպիսի «բազմամարդ» հանրահավաքներ կկազմակերպի, նաև իր հերթական ներկայացմամբ որքան կուրախացնի և կծիծաղեցնի հանդիսատես ժողովրդին: Ի դեպ, «փրկիչները» իրենց «Հանրային փրկության ճակատում» չեն շտապում ընդգրկել ՀՀՇ/ՀԱԿ-ի ներկայացուցիչներին, որովհետև վերջիններս ունեն իրենց «ՈՉ»-ի ճակատը: Սեֆիլյանը անպայմանորեն արդեն հաշվարկած կլինի, որ «ՈՉ»-ի ճակատը, որին ինքը երբևէ չի վստահել, շատ կարճ կյանք ունի և մոտ ապագայում ենթակա է տապալման: Հավանաբար «Հիմնադիր խորհրդարանը» հաշվարկ է արել, որ տապալումից հետո «ՈՉ»-ականները կվազեն ու կթակեն իրենց դուռը: Իհարկե, Սեֆիլյանն իր հոգու խորքում ընդունում է ՀՀՇ/ՀԱԿ-ին որպես առաջնային դերակատար սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի գործընթացում, սակայն մի բան է հոգու խորքում ընդունելը, այլ բան է դա բարձրաձայն խոստովանելը: Վերջին տարբերակը կնշանակի պարտություն ընդդիմադիր դաշտում մրցակցության մեջ, ուստի Սեֆիլյանը ծրագրել է «ՈՉ»-ի տապալմանը զուգահեռ նոր շարժում ստեղծելով՝ դուրս մղել ՀԱԿ-ին առաջնային դիրքերից և հիմնական դերակատարի դերը տալ «Հիմնադիր խորհրդարանին»: Այդպիսով Սեֆիլյանն իր «Հիմնադիր խորհրդարանով» հույս ունի ներկա քաղաքական գործընթացների թատերաբեմում դառնալ միակ և «անկրկնելի» ուժը:
Ահա այսպիսի մտքերով են միմյանց մխիթարում, նաև հետագա գրանտները ստանալու ակնկալիքով գործունեության իմիտիացիա ստեղծում մեր տխրահռչակ ընդդիմադիրները, մասնավորապես՝ «Հիմնադիր խորհրդարանը»:
«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

