«ՀՈՊԱՐ»-ԻՑ «ԽՈՊԱՆ»,« ՋԻՋԻ»-ԻՑ «YAHOO». Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԱՎԵՇՏԻ ՈՒ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16«ՀՈՊԱՐ»-ԻՑ «ԽՈՊԱՆ»,« ՋԻՋԻ»-ԻՑ «YAHOO». Ո՞Վ Է
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԱՎԵՇՏԻ ՈՒ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՐ
«Հոպար», «Խոպան»,« Ջիջի», «YAHOO», «Red» այս եւ այլ զավեշտալի ու օտարահունչ անուններով տաքսի սերվիսներ, անհատ տաքսիներ հաճախ կարելի է տեսնել հիմնականում մայրաքաղաքում: Առաջին հայացքից թվում է, թե անվանումների վրա կանգ առնելը մանրուք է, սակայն իրականում խախտվում է լեզվի մասին պետական օրենքը հատկապես օտարալեզու անվանումների դեպքում: Ո՞ր ոլորտը պետք է կարգավորի խնդիրը` տրանսպորտի եւ կապի նախարարությո՞ւնը, որը լիցենզիայի թույլտվություն է տալիս տաքսի սերվիսներին, ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեսգի՞ստրը, թե՞ լեզվի պետական տեսչությունը: Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն «Իրավունք»-ին հավաստիացրեց` դա տրանսպորտի եւ կապի նախարարության գործառույթը չէ: «Նախարարությունը նայում է անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը: Իսկ եթե ՍՊԸ-ը է, ում անունով է գրանցված: Իսկ հետագայում տաքսի սերվիսն ինչ գովազդ է տեղադրում մեքենայի վրա, դա մեզ չի վերաբերում: Մեզ մոտ երեւում է պետռեգիստրում գրանցված անհատ ձեռնարկատիրոջ կամ ՍՊԸ-ի անունը»,- ասաց պրն Մելքոնյանը:
Անդրադառնալով տաքսի սերվիսների զավեշտի հասնող անուններին` պրն Մելքոնյանն այսպես պատասխանեց. «Եթե անհատ ձեռնարկատերը կամ ինչ-որ իքս անունով ՍՊԸ-ն գնում է պետռեսգիստր եւ այնտեղ գրանցվում որպես «հոպար», շատ կներեք «Քույրիկ» կամ «Մորաքույր» ՍՊԸ-ը, մենք ո՞վ ենք, որ դա չընդունենք»:
Լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տեսչությունը տուգանում է այն կառույցներին, որոնց անունները օտար լեզվով են գրած: Իսկ եթե անունը հայատառ է, բայց զավեշտալի, օրենքը թույլ չի տալիս որեւէ քայլ ձեռնարկել: «Մենք ընդամենը կարող ենք խորհուրդ տալ, որ տրամաբանությանը, լեզվական իմաստությանը չի համապատասխանում անունը»,- ասաց տեսչության ղեկավարը:
Լեզվի մասին օրենքը խախտած կառույցին լեզվի պետական տեսչությունը տուգանում է մոտ 200.000-250.000 դրամի չափով: Տուգանելը երբեմն Ս. Երիցյանի հավաստմամբ արդյունք տալիս է, սակայն տուգանքը գանձվում է դատական կարգով:
Ս. Երիցյանը կարծում է`ժամանակն է, որ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տաքսի սերվիսների անունները նույնպես գրանցի եւ խնդրին ուշադրություն դարձնի. «Մենք մի քանի անգամ առաջարկել ենք նախարարությանը, որ եթե նա է գրանցում տաքսի ծառայություններին. թող գրանցի նաեւ անուններն ու նրանց գործունեություն ծավալելու անունը»:
Լեզվի պետական տեսչությունը, Սերգո Երիցյանի խոսքով, երկար ժամանակ է վատնում`«պեղելու», թե այս կամ այն տաքսի ծառայությունը որ ՍՊԸ-ին է պատկանում: «Պեղումները» հաճախ ցույց են տալիս, որ որոշ ՍՊԸ-ներ գրանցված են ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում, Վանաձորում: «Խնդիրն օրենսդրորեն եւ ենթաօրենսդրական ակտերով պետք է կարգավորվի, այսինքն` հանրությունն ու պատկան մարմիններն իմանան` իքս անվանումով ՍՊԸ-ն ունի այս տաքսի ծառայությունը»,- կարծում է լեզվի պետական տեսչության ղեկավարը:
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրն ֆիրմային անվանումների գրանցումով զբաղվում է 2011 թ-ի կեսերից` պետռեգիստրի էլեկտրոնային կայքի ստեղծումից հետո: Մինչ այդ մտավոր սեփականության գործակալությունն էր զբաղվում դրանով: 
Իրաբանական անձանց պետական ռեսգիստրի գործակալության գրանցման բաժնի պետ Արմեն Առաքելյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց անվանումների գրանցման ընթացակարգը: Ավտոմատ ձեւով`տեղեկատվական համակարգի միջոցով, ստուգվում է անվանումը, որպեսզի այն չհամընկնի նախկինում գրանցված կազմակերպության հետ, այլ կազմակերպության անունը չօգտագործվի: Ստուգում է նաեւ, որ որպեսզի հայհոյանք չլինի անվանումների մեջ: Տեղեկատվական համակարգը չի ստուգում բառի օտարամուտ կամ ոչ օտարամուտ լինելը:
Մնացած բոլոր դեպքերում, ըստ բաժնի պետի, այսինքն` անվան զավեշտալի կամ օտարամուտ լինելով պետք է զբաղվի լիցենզավորողը: «Տաքսի սերվիսը եթե հանդես է գալու որպես ֆիզիկական կամ իրավաբական անձ, մենք կարող է առնչություն չունենանք եւ չենք ունենում հիմնականում: Իսկ եթե տաքսի սերվիսն իր ֆիրմային անունով է հանդես գալիս, որը գրանցվում է մեզ մոտ, առնչություն ունենք: Մենք լծակ ունենք ֆիրմային անվանումները գրանցելիս, բայց դա չի առնչվում անունների զավեշտալի կամ օտարահունչ լինելուն»,- մանրամասնում է պաշտոնյան:
Ինչ վերաբերում է լեզվի մասին պետական օրենքով առաջնորդվելուն, Արմեն Առաքելյանն ասաց, որ եթե հայտատուն իր ֆիրմային անունը հայերենով է ներկայացնում եւ եթե այն օտար բառ է, բայց գրված է հայերենով, օրենքի ոչ մի դրույթով չես կարող այն չգրանցել:
Սակայն պետռեգիստրի պաշտոնյայի համար կարծես բիզնեսն ավելի կարեւոր է, քան լեզվի մասին պետական օրենքը: Երբ օրենքի մասին նրան հիշեցրինք, Արմեն Առաքելյանն ասաց, որ բիզնեսին ընդառաջելու եւ լրացուցիչ վարչարարություն իրականացնելու խնդիր է տեսնում. «Կամայականություններ կարող են լինել, եթե, օրինակ, Պողոսը որոշի` ֆիրմային այս անունը հայեցի է, թե ոչ»:
Ինչ վերաբերում է զավեշտալի անուններ ունեցող տաքսի ծառայություններին, պետռեգիստի ներկայացուցիչը կարծում է, որ դրանք գրանցված անուններ չեն, քանի որ տաքսիների 90%-ը սերվիսներ չեն, այլ անհատ տաքսիստներ: «Պետռեգիստրում չի կարող գրանցվել տաքսի «Հոպար»: Դուք կարող եք ցանկ ներկայացնել եւ մենք ստուգենք` նման անվանումներով կազմակերպություններ գրանցված են թե ոչ»,- եզրափակեց իրաբանական անձանց պետական ռեսգիստրի գործակալության գրանցման բաժնի պետը:
Հ.Գ. Փաստորեն, քանի դեռ օրենսդրական դաշտում բացթողում կա, եւ լեզվի մասին պետական օրենքն էլ կարծես լրամշակելու կարիք ունի` ծիծաղելու ու մտորելու առիթ դեռ կունենանք: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում էլ «շնից շատ» կարող ենք տեսնել օտարալեզու անուններով առեւտրային կառույցներ: Այսքանից հետո մնում է եզրակացնել` անհրաժեշտ են օրենսդրական եւ ենթաօրենսդրական փոփոխություններ, որոնք անվանումների հարցում լիազոր մարմիններին հնարավորություն կընձեռեն կիրառել անողոք եւ օպերատիվ վարչարարություն: Իսկ դատարանի դուռ պետք է գնա ոչ թե լիազոր մարմինը, այլ օտարամոլ ձեռներեցը, որի սիրտը կմղկտա` իր սիրելի օտարահունչ անվան վարչական արգելքի պատճառով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk