ԿՈՄԻՏԱՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՒՌՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Արխիվ 12-16ԿՈՄԻՏԱՍԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՒՌՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Երգիչ Մավր Մկրտչյանը օրերս է վերադարձել Արգենտինայից` համերգային շրջագայություններից, ուր մեկնել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլի հետ: Մավրը «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Արգենտինայում հանդես են եկել 2 համերգով. «Առաջին համերգը, որը նվիրված էր ՀՀ անկախության 24-ամյակին, տեղի ունեցավ հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` հայերի համար: Իսկ մյուսը` աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներից մեկում` Կոլոնի Օպերային թատրոնում»,- տեղեկացրեց երգիչն ու փոխանցեց, որ երգչախմբի հետ Հայաստան են վերադարձել դրական լիցքերով, ինչին նպաստել է նախ առաջին օրվա համերգը հայկական եկեղեցում` հայերի համար, ապա. «Երկրորդ համերգը` մոտ 4 հազար հանդիսատեսի առջեւ, որից միայն մոտ հազարը հազիվ թե հայ լիներ, մնացածը արգենտինացիներ էին: Ծրագրում հնչեց Կոմիտաս, հիմնականում` Ռոբերտ Մլքեյանի մշակումներով, որը շատ բուռն ընդունելության արժանացավ հատկապես արգենտինացի հանդիսատեսի կողմից»:
Ի դեպ, Մավրը Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ վաղը համերգային շրջագայության կմեկնի Հունաստան 2 համերգով` Աթենքում եւ Սալոնիկում:
«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ» ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՌՈԲԵՐ ԳԵԴԻԿՅԱՆԻ ՖԻԼՄՈՎ
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն արդեն մեկնարկել է իր միամսյակը: Այս անգամ «Կինոաշուն» ծրագիրը սկիզբ է առել Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով:
«Իրավունքի» հետ զրույցում ծրագրի հիմնադիր, Ազգային կինոկենտրոնի նախագահ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հետադարձ հայացք գցելով` ասաց, որ այսօր ծրագիրը ծառայում է իր նպատակին. «Երբ նոր էինք սկսում, մեր նպատակը մեկն էր` հայ հանդիսատեսին վերադարձնել հին ավանդույթները` տանել դեպի կինոթատրոն: Այսօր արդեն կարելի է ասել այդ առաքելությունն իրականացված է: Անկախ այն հանգամանքից, թե ինչ ֆիլմ է ցուցադրվում եւ այն ինչ որակի է, հայ հանդիսատեսն այսօր գնում է կինոթատրոն հայկական արտադրության ֆիլմեր դիտելու: Նույնիսկ` այդ ֆիլմերի տոմսերը գնելու համար հերթեր են գոյանում»:
Գ. Գեւորգյանի փոխանցմամբ, եթե ծրագրի առաջին տարիներին իրենք էին խնդրում կինոթատրոններին, ուսումնական հաստատություններին կամ մշակույթի կենտրոններին մասնակից դառնալու Ազգային կինոյի ամիս ծրագրին, այսօր արդեն իրենք են խնդրում միանալ մեզ:
Հ.Գ. Գ.Գեւորգյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունքի» առաջիկա համարում:
ՀԱՅՏՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Շաբաթներ առաջ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Մշակութային Հայաստան» ծրագրի հաղորդավար, Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ ՎԱՀԱԳՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ եւս համալրեց ամուսնացած հայտնի հաղորդավարների շարքերը:
«Իրավունքի» տեղեկություններով` Վահագնը տիկնոջ` մասնագիտությամբ տնտեսագետ ԳԱՅԱՆԵԻ հետ ծանոթացել է պատահական` ընդհանուր ծանոթների միջոցով:
Ի դեպ, նորապսակները Սեւանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցում Տեր ու Հնազանդ լինելու խոստում տալուց եւ մտերիմների հետ անցկացրած հարսանեկան խնջույքից հետո մեկնել են ամուսնական ճամփորդության` Իսպանիայի Բարսելոնա քաղաք:
«Իրավունքը» միանում է բազմաթիվ շնորհավորանքներին եւ զույգին մաղթում սիրառատ կյանք եւ մանկան ուրախ ճիչերով առլեցուն ամուր ընտանիք:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԳՈՒԹԱՆ-2015»-Ը ՎԵՐԱԾՎԵՑ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆԻ
Երեկ Կասկադի Գաֆեսճյան քանդակների պարտեզի տարածքում մեկնարկեց «Գութան-2015» Հայաստանի ազգագրական երգի-պարի փառատոնը:
Փառատոնն արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է մեծ ոգեւորությամբ ու սպասվածի պես լայն արձագանք գտավ: Ինչպես եւ խոստացել էին փառատոնի կազմակերպիչները, հայ ժողովրդի համար փառատոնը դարձրին ազգագրական երգի-պարի իսկական տոն, դա էր վկայում երիտասարդների համախմբված պարն ու ոգեւորությունը:
Փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Մրրո) «Իրավունքի» հետ զրույցում նշեց. «Անում ենք մի գործ, որն արդար է, ամեն մի արդար գործ պիտի շարունակություն ունենա: Փառատոնը շարունակական է լինելու եւ տարեցտարի ընդլայնելու ենք «Գութանի» շրջանակները: Հաջորդ տարի նպատակ ունենք փառատոնն անցկացնել շրջաններում` Բերդում, Գորիսում, Շուշիում եւ մնացած շրջաններում»:
Ա. Գրիգորյանի հավաստմամբ. «Անցյալ տարի 11 խումբ ունեինք, այս տարի 14-ն են, միայն «Սասուն» ազգագրական երգի-պարի խումբն է բացակայում` հյուրախաղերի մեկնեցին ԱՄՆ: Դրա համար փառատոնին մասնակցեց 13 խումբ: Գնալով ավելանալու ենք` չենք պակասելու, հավատում եմ, որ հաջորդ տարի ավելի շատ կլինեն»:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk