ՀՀ վարչապետ. «ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱ»
Արխիվ 12-16ՀՀ վարչապետ. «ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱ»
Այսօր` կառավարության նիստում, մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ անդրադարձավ ՀԷՑ-ի վաճառքին` մասնավորապես նշելով. «Այսպիսով կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են եւ դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը ՀՀ Նախագահի հետ եւ որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա»: Ապա նշեց, որ ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը. «Քանի որ ԻՆՏԵՐ ՌԱՕ ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով ՏԱՇԻՐ խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման եւ էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ ՏԱՇԻՐ խմբի կազմում գործող Կասկադ-Էներգո ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին ՏԱՇԻՐ խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր ԻՆՏԵՐ ՌԱՈ ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը: Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում ՏԱՇԻՐ խումբը բանակցեց եւ արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր ԻՆՏԵՐ ՌԱՈ խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»: Ի դեպ, այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին, ինչի մասին ՀՀ վարչապետն ընդգծեց. «Մեր խնդրանքով, ՏԱՇԻՐ խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում եւ իջեցնել տեխնոլոգիական եւ առեւտրային կորուստները: Միաժամանակ, ՏԱՇԻՐ խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչեւ 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության եւ փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը»: Մանրամասնելով ասվածը` շեշտեց. «Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի եւ ամսական միչեւ 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:
Հանձնարարում եմ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով Տաշիր խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk