ԲԻԲԻՆ. «ՀԷՑ-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՅՆՔԱՆ Է ԲԵՌՆՎԱԾ, ՈՐ ՀԵՏԱԳԱ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆՀՆԱՐԻՆ»
Արխիվ 12-16ԲԻԲԻՆ. «ՀԷՑ-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՅՆՔԱՆ Է ԲԵՌՆՎԱԾ, ՈՐ ՀԵՏԱԳԱ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆՀՆԱՐԻՆ»
Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ անունը գաղտնի պահելուն, մասնավորապես նշել էր. «Սեպտեմբերի 30-ին հայտնի կլինի, կհրապարակվի ՀԷՑ-ը գնած ընկերության անունը»: Իսկ մինչ այդ, թե ի վերջո էլեկտրաէներգիայի թանկացման հիմքում ինչ ծախսեր են ընկած, ինչ սպասելիքներ ունի ՀԷՑ-ը հայտնի աուդիտից եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ մենք գրավոր հարցմամբ դիմել էինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ԵՎԳԵՆԻ ԲԻԲԻՆԻՆ:
ՀԷՑ-ի պարտքերի մասին շատ է խոսվում եւ հնչում են տարբեր թվային գնահատականներ: Ի վերջո ի՞նչ չափով է, ըստ Ձեզ, այդ պարտքերը դրված սակագնի թանկացման պատճառների մեջ, եւ ի՞նչ ծագում ունեն դրանք:
- Շուրջ 11 տարի (1999-2009թթ.) էլեկտրաէներգիայի սակագները ՀՀ սպառողների համար մնացել են անփոփոխ, չնայած նրան, որ միանգամայն հիմնավորված պատճառներով (գնաճ, վառելիքի թանկացում եւ այլն) երկրի կայուն էլեկտրամատակարարմանն ուղղված ծախսերն ավելացել են: Այդ ժամանակահատվածում սակագների աճը հնարավոր է եղել զսպել էլեկտրացանցերի սեփականաշնորհման հաշվին:
- Այդ պարտքերի մեջ ի՞նչ մասնաբաժին ունի ընկերության ոչ արդյունավետ կառավարման բաղադրիչը, ինչի մասին քանիցս ակնարկ է արվել:
- Վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ի աշխատանքի վրա սկսել են ազդել համակարգային խնդիրներ, որոնք որեւէ կերպ կապված չեն ընկերության գործունեության կամ կառավարման հետ: Դրանք ենք` մեծ եւ փոքր հէկ-երի արտադրանքի ծավալների նվազումը, ատոմային էլեկտրակայանի վերանորոգման ժամկետների ձգձգումը, էներգահաշվեկշռի խախտումը: ՀԾԿՀ-ի կողմից հաստատված էներգահաշվեկշռում այս հանգամանքները նախատեսած չեն եղել: Արդյունքում, ընկերությունը չի ստացել 37,7 մլրդ դրամի չափով նախատեսված եկամուտը: Հենց սա էլ ստեղծված ֆինանսական իրավիճակի հիմնական պատճառն է:
- ՀԷՑ-ի պարտքերի ձեւավորման գործում ի՞նչ դեր է ունեցել ջէկ-ից չնախատեսված մեծ ծավալներով էլեկտրաէներգիայի ձեռքբերումը, ինչի մասին խոսել է նաեւ Ռոբերտ Նազարյանը:
- ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան կազմակերպված է այնպես, որ էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերի գերազանցումը ամբողջովին վճարվում է ՀԷՑ-ի կողմից. ոչ մի արտադրող ֆինանսական ոչ մի պատասխանատվություն չի կրում էլեկտրաէներգիայի նախատեսված քանակության թերստացման համար:
Այս պայմաններում իր ֆինանսական պարտավորությունները կատարելու համար ՀԷՑ-ը փոխառու միջոցներ է ներգրավել ՀՀ բանկերից: Սակայն այսօր ընկերության վարկային պորտֆելն այնքան է բեռնված, որ հետագա վարկավորումը դարձել է անհնարին. խախտված է ընկերության վճարունակությունը:
2013 եւ 2014 թվականներին երկու անգամ տեղի ունեցած վերջնական սակագների բարձրացումը մեծ մասամբ պայմանավորված է էներգահամակարգի այլ օղակներում ծախսումների ավելացմամբ: Օրինակ` վերջին 2 տարիների ընթացքում վերջնական սակագներն ավելացել են 11.85 դրամ/ կՎտ ժ-ով: Հարկ է նշել, որ միայն 2.51 դրամ/կՎտ ժ (20%)-ն է առաջացել ՀԷՑ-ի ծախսումների ավելացման պատճառով, ընդ որում, 2.02 դրամ/կՎտ ժ-ը պայմանավորված է էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի խախտման պատճառով վնասների փոխհատուցումը ընկերության ծախսերում ներառելով, ինչը նախատեսված է սակագնային մեթոդիկայով: Սակագնի հաշվարկի հիմքում ընկած ՀԷՑ-ի շահագործման ծախսերի մեծությունը վերջին 3 տարիների ընթացքում փաստացի չի փոփոխվել` չնայած զգալի գնաճին եւ նյութերի, աշխատանքների եւ ծառայությունների արժեքի ավելացմանը:
- Ավելի նպատակահարմար չէ՞ «Հրազդան» ջէկ-ի արտադրած ամենաթանկ էլեկտրաէներգիայի փոխարեն էլեկտրաէներգիայի ձեռքբերումները իրականացվեն «Երեւան» ջէկ-ից, կամ «Հրազդան» ջէկ-ի 5-րդ էներգաբլոկից, ինչը կարող է նկատելիորեն ազդել էլեկտրաէներգիայի վերջնական արժեքի վրա:
- Այս կամ այն արտադրողից էլեկտրաէներգիայի գնումը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի իրավասության շրջանակում է, ոչ թե ՀԷՑ-ի:
Կրկնենք՝ մեր այս հարցազրույցը գրավոր տարբերակով էր՝ պարոն Բիբինը պատասխանեց մեր գրավոր հարցերին: Եվ ըստ այդմ էլ նկատենք, որ որոշ դեպքերում ոչ միայն կոնկրետ հարցադրմանը սպառիչ պատասխան չկա, այլեւ տրված պատասխանը մի շարք նոր հարցերի տեղիք է տալիս: Մասնավորապես՝ այդ ինչպե՞ս «1999-2009թթ. էլեկտրաէներգիայի սակագները ՀՀ սպառողների համար մնացել են անփոփոխ», երբ ցանցերի մասնավորեցման շեմին սակագինը 15-ից թռավ մինչեւ 25 դրամ, ինչը բացատրվում էր, թե օբյեկտիվ սակագնից առաջ են ընկնում, որպեսզի ՀԷՑ-ի սեփականատերը զերծ մնա ֆինանսական բարդություններից ու ներդրումային հնարավորություններ ունենա: Կամ՝ ՀԷՑ-ը, այնուամենայնիվ, բանկերից «փոխառու միջոցներ է ներգրավել» եւ արդեն վարկային պորտֆելը գերծանրաբեռնված է: Ուրեմն՝ ո՞ւր են գնացել այդ միջոցները, եթե պարոն Բիբինը ընկերության վատ վիճակի պատճառը համարում է հէկ-երի, ատոմակայանի մեղքով չստացած 37,7 մլրդ դրամը: Էլ չասած, որ նախորդ թանկացումը բոլոր հաշվարկներով պետք է բավարարեր այդ կորստի վերականգնմանը: Եվ այդպես շարունակ՝ բազում հարցեր մնում են անպատասխան: Այդ ամենի հանրագումարում էլ առաջ էր գալիս մեկ «միամիտ» հարց. «Բացառո՞ւմ եք, որ հայտնի աուդիտը ի հայտ կբերի ընկերության նախկին ղեկավարության կողմից մեծածավալ վարկեր վերցնելու եւ ոչ նպատակային օգտագործելու փաստեր»: Այս հարցը նույնպես գրավոր հղել էինք պարոն Բիբինին, սակայն այն մնացել էր անպատասխան:
Բայց անկեղծ ասած՝ այսքան պատասխանների հույսն էլ չունեինք, ուրեմն առայժմ բավարարվենք եղածով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk