«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՊԱՀՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՈՀՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ»
Արխիվ 12-16«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՊԱՀՎԱԾՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՈՀՎՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ»
Սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որն ուղիղ անդրադարձ ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի վրա: Իրավիճակը շարունակում էր պայթյունավտանգ մնալ նաեւ այն ժամանակ, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27-ին շտապեց Նյու Յորք եւ հանդիպեց համանախագահների հետ: Ի վերջո, թե այս օրերին ադրբեջանական հրահրումները բանակցային գործընթացից դիվանագետներին շեղելու ու Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհը փակելու փորձ էր, թե այլ հեռահար նպատակներ էր հետապնդում, «Իրավունքը» պարզեց խնդրից քաջատեղյակ քաղաքական գործիչներից:
«ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԵՂԵԼՈՒ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ՀԱՅՏՆԻ ԵՆ»

Ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ` բանակցային գործընթացը շեղելու սցենարները վաղուց հայտնի են. «Ռեալ հարցի շուրջ բանակցությունները Ադրբեջանը տանում է դեպի պրոֆանացիա եւ դրանով բացահայտում իրական դեմքը: Մյուս կողմից հասկանալի է, որ Ադրբեջանում կա ներքին գործոնը` սպասվող ընտրությունների համար, որի պայմաններում նրանք կամա, թե ակամա գնում են դեպի իրավիճակի, չասենք սրացման, բայց տրամաչափի բարձրացման, որը բացարձակապես չի բերում ոչ մի դրական արդյունքի իրենց համար` միջազգային հանրության աչքերում: Այն բերում է ավելի մեծ կորուստների` հաշվի առնելով հայաստանյան կողմի պատրաստակամությունը` կազմակերպել համապատասխան արձագանքը: Բայց, իհարկե, այդ նշաձողը կրում են հայկական բանակի եւ պաշտպանության բանակի երիտասարդ ծառայողները, որ միայն եւ միայն ցավալի է: Ըստ էության Ադրբեջանի սխալ հաշվարկի եւ ոչ ադեկվատ պահվածքի պատճառով զոհվում են երիտասարդներ, որոնք իրենց առջեւ դրել են մի խնդիր` պաշտպանել եւ պատվով իրականացնել իրենց պարտքը հայրենիքի առջեւ»:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը միակողմանի է. «Հայաստանը բանակցում է, Ադրբեջանը` կողքից ձեւ է անում, թե բանակցում է: Հետեւապես, սահմանային միջադեպերը սխալ են բնորոշվում, թե կապված են նախագահների կամ արտաքին գործերի նախարարների հանդիպումներից: Ադրբեջանն իր ձեռագիրը երբեք չի փոխում եւ փորձում է ուժային ճանապարհով լուծել Արցախի հարցը` ի ցույց աշխարհի: Նա չի ընդունում բանակցային ոչ մի ձեւաչափ, այլ ասում է` Ղարաբաղը եւ հարակից շրջանները տվեք մեզ: Ի դեպ, դրանով էլ չեն բավարարվում, եթե ուշադիր լսել եք Ալիեւի վերջին բարբաջանքները, նա նաեւ հավակնություն ունի Զանգեզուրի, Սեւանա լճի եւ չգիտես էլ ինչի վրա: Այնպես որ, անլուրջ եմ վերաբերվում այդ բանակցային ամբողջ գործընթացին: Թուրքը` ազերին, մինչեւ չվախենա Հայաստանի բանակից, Հայաստանից, միջազգային հասարակության կարծիքից, ի վերջո, խոշոր պետությունների վերաբերմունքից, շարունակելու է իր այդ ագրեսորի քաղաքականությունը»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ այս հարցի շուրջ այլ տեսակետ ունի. «Ցանկացած կրակոց, հայտարարություն, ցանկացած այցելության ժամանակ արտասանած բառ նույնպես բանակցային գործընթաց է: Ուղղակի, կախված է նրանից` բանակցում են դիվանագետներն իրենց ասած բառերով, թե մեր զինվորները` զենքով առաջին գծում: Եթե այս տեսանկյունից նայենք, սա մի ընդհանուր համակարգ է, որն ամբողջը բանակցություններ են: Եվ այս բանակցությունների ժամանակ, հայկական բանակը համապատասխան այնպիսի դաս տվեց ադրբեջանցիներին, որ իրենք երկար դրա մասին կհիշեն: Այնուամենայնիվ, այս լարվածությունը կարող էր երկար տեւել, մեր պատերազմը չի ավարտվել: Մենք պատերազմի մեջ ենք գտնվում եւ այս հոգեբանությամբ պետք է ապրենք: Կարող է լինեն էլի սրացումներ, զոհեր, բայց դա էլ պատերազմի երեւույթն է, եւ պետք է մնանք կանգուն եւ հզոր: Իսկ այն, որ Ադրբեջանն ինչ-որ բան է փորձում մեկին ապացուցել, ինձ թվում է միայն ինքն իրեն է ապացուցել, որ այսօրվա դրությամբ ունի թույլ բանակ: Ավելին` դրանից բացի, միջազգային հանրությանն է ինչ-որ մի «հաղորդագրություն» ուղարկել, որտեղ ասել է` խաղաղություն չցանկացող կողմը հենց Ադրբեջանն է»:
Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐՋԸ ՉԵՐԵՎԱՑՈՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱԳԱՆ
Արտահայտած տեսակետները ամփոփելով` մեր բանախոսներից փորձեցինք պարզել նաեւ, թե Արցախյան հիմնախնդրի լուծմանը միտված բանակցային գործընթացը գտնվում է դիվանագիտական սեղանի շո՞ւրջ, թե՞ սահմանում` զինվորի ձեռքին: Քաղաքագետը գտնում է. «Հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ երկու կողմերի մոտ առկա է բացարձակ տարբեր մոտեցումներ հարցի կարգավորման վերաբերյալ, պարզ է, որ շատ դժվար է գտնել այն ձեւաչափը եւ այն բանաձեւը, որը բավարարի երկու կողմերին: Ավելին` ցույց տալ իրենց քաղաքացիներին, որ կարողացանք պաշտպանել իրենց կարծիքը միջազգային հանրության առաջ` բանակցային գործընթացի ժամանակ: Համապատասխանաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չկա բացահայտ ակնկալվող, լայնածավալ ռազմական գործողությունների սպասելիքը, մենք կարող ենք շարունակել միաժամանակ ակնկալել սադրանքների ծավալում: Բայց հիմնական շեշտադրումը գնում է դեպի բանակցային գործընթացի իրականացում, չնայած առայժմ ինչ-որ մի հասկանալի, հայտնի կամ երեւացող վերջ չկա»: ՀՀԿ-ական արցախցի պատգամավորը, եզրափակելով իր խոսքը, նշեց, որ ռեալ բանակցային գործընթացը տապալված է. «Վերջին դեպքերից հետո, երբ արդեն հակառակորդը հրետանի է օգտագործում, եւ վաղը չէ մյուս օրը, չեմ բացառում, որ օդուժ կօգտագործի, հնարավոր է մի տարօրինակ պատերազմական վիճակի մեջ լինենք: Ադրբեջանը բանակցային իմիտացիա է անում, իրականում նրանց մտադրությունն այն չէ, որ խաղաղ ձեւով լուծվի այդ սահմանային հարցերը Հայաստանի եւ Արցախի հետ»: Ապա հավելեց. «Ադրբեջանցու բնավորությունը շատ լավ իմանալով` գիտենք, որ միայն ուժային ճանապարհով կարելի է զսպել նրանց այդ նկրտումները»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության արցախցի պատգամավորն էլ հավատացած է. «Այն րոպեին, երբ կլինեն բանակցային գործընթացներ եւ սեղանի շուրջ կնստեն ՀՀ, Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, մենք կարող ենք խոսել, որ կա ինչ-որ ցանկություն` լուծում գտնելու: Իսկ մինչ այդ, բոլոր հանդիպումները միտված են լինելու միգուցե ինչ-որ լարվածության նվազմանը, միջազգային հանրության կողմի պահանջների կատարմանը, միգուցե դիրքերի ճշտմանը, բայց դա չի բերելու որեւէ վերջնական լուծման»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk