«ՍԱ ԴԵՌ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ»
Արխիվ 12-16«ՍԱ ԴԵՌ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ»
Վերջին օրերին արտաքին ու ներքին քաղաքական մի շարք հարցեր մղվեցին հետին պլան, քանի որ թե՛ հանրության, թե՛ քաղաքական գործիչների ուշադրությունը սեւեռված էր սահմանային լարվածության վրա: Իսկ դրան զուգընթաց տեղի ունեցան հանդիպումներ միջազգային կառույցներում, ու հայտարարություններ հնչեցին, որոնք դեռ շատ երկար կունենան մեկնաբանման կարիք: Այս համատեքստում էլ «Իրավունքը» զրուցեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
ՔԱՅԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂ ԵՐԿՐԻՑ` ԴԱՌՆԱԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵՐԿԻՐ
–Պարոն Մինասյան, երեկ ՀՀ նախագահը ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին նշել է, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է: Ավելին` ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության եւ համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Բազմիցս դրա մասին խոսվել է տարբեր մակարդակներով` Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Սա քայլ է, որով Հայաստանը անվտանգություն սպառող երկրից դառնում է անվտանգություն տրամադրող երկիր, որը կարող է ինչ-որ չափով աջակցել, որպեսզի աշխարհի տարբեր վայրերում, տարբեր հակամարտություններում խաղաղապահ առաքելությունների միջոցով որոշ չափով ուժեղացվի անվտանգությունն այդ տարածաշրջանում:
– Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ ՀՀ նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է: Կարելի՞ է համարել, որ սա քաղաքական շրջադարձ է` թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ ԼՂՀ-ի համար:
– Կարծում եմ` այս պահին սա դեռ նախազգուշացում է ադրբեջանական կողմին, որը ցույց է տալիս, որ բացի ռազմական զսպման միջոցներից, Հայաստանը կարող է օգտագործել քաղաքական ռեսուրսներ: Այսինքն` եթե Ադրբեջանը շարունակի էսկալացիան, ապա Հայաստանը կարող է իսկապես գնալ ճանաչման գործընթացի: Բայց այս պահին դեռ սա չի նշանակում քաղաքականության կտրուկ փոփոխություն, այլ դեռեւս «մեսիջ» է` ուղղված Ադրբեջանին:
«ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԶԵՆՔ, ՈՐԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐԻՑ»
–Եվ այդ «մեսիջն» անմիջապես գտավ իր հասցեատիրոջը, քանի որ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ, Բաքվում նախկին ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան շտապեց հայտարարել, թե արցախահայերը պետք է վիրավորվեին այս հայտարարությունից:
– Ընդհանրապես, չեմ ուզում մեկնաբանել այդ նախկին դիվանագետի հայտարարությունները, որոնք. կարծում եմ, չափազանց հեռու են որեւէ պատմական կամ քաղաքական իրականությունից:
– Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ շատ շեշտվեց, թե հակառակորդը սկսել է կիրառել ՆԱՏՕ-ից ձեռք բերված զենքը: Այս իրավիճակում ճի՞շտ եք համարում ՀԱՊԿ-ի չխառնվելը եղած լարվածությանը` անկախ նրանից, որ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով ասաց, թե պատրաստ է ինքնուրույն իր անվտանգությունն ապահովել:
– Առաջինը` խոսքը ՆԱՏՕ-ի անդամ երկրի մասին չէ, եւ մյուս կողմից` պետք է հիշենք նաեւ, որ Ադրբեջանն օգտագործում է զենք, որը ձեռք է բերվել ՀԱՊԿ անդամ երկրից` Հայաստանի դաշնակից Ռուսաստանից: Հետեւաբար, այստեղ երկու կողմից էլ զենքն օգտագործվել է, եւ սա կապված է ՀԱՊԿ-ի սկզբունքային թուլության հետ, որը միավորում է երկրների, որոնք ունեն անվտանգության շատ տարբեր սպառնալիքներ: Օրինակ, Հայաստանի եւ Ղազախստանի կամ Ղրղզստանի անվտանգության սպառնալիքները շատ տարբեր են:
«ԱՎԵԼԻ ԼԱՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԲԵՐԵՆ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ»
–Ինչի՞ կբերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ու ի՞նչ տվեցին ադրբեջանական հրահրված սադրանքները հենց Ադրբեջանին:
– Ադրբեջանական կողմին չգիտեմ ինչ տվեց, բացի լրացուցիչ զոհերից: Իսկ թե ինչի կբերի` պարզապես, մեր մարտավարությունն ավելի կուժեղանա, բայց կպահպանվի բանակցային իրավիճակը նույն էտապի վրա, ինչը կա այս պահին:
– Հայ զինվորների վերջին հաջողություններից ոգեւորված` տեսակետներ են հնչում, որ ժամանակն է Նախիջեւանը հետ վերադարձնելու...
– Իհարկե` ոչ, որովհետեւ յուրաքանչյուր ավելի լայն ինչ-որ ռազմական գործողություններ կբերեն լայնամասշտաբ պատերազմի, որը չի բխում ո՛չ հայկական կողմի, ո՛չ էլ նույնիսկ ադրբեջանական կողմի ու հասարակության շահերից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk