Զարմացած
Արխիվ 12-16
Մինչ հայրենասեր երիտասարդությունը համառ ջանքեր է գործադրում, որպեսզի համացանցը մաքրի հայկական ազգանուններով հանդես եկող թուրքերի խաղաղասիրական կոչ-խայծերից, զարմանքով հայտնաբերում ենք, որ կեղծ մարդասիրական կոչով է հանդես գալիս հայտնի լուսանկարիչ ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ. «Կներեք, բայց ես չեմ ընդունում թշնամու բանակի կորուստների առթիվ ոգեւորութունն ու ուրախությունը: Եթե մերոնք մի ամբողջ գումարտակ էլ ոչնչացնեն, միեւնույնն է, մեր տղաներին հետ չենք բերի... Մեկ էլ, թեկուզ քարկոծեք, բայց սահմանից այն կողմ, փշալարերից այն կողմ նույնպես տղաներ են կանգնած, որոնց մայրերը սպասում են իրենց զավակներին»: Ճիշտն ասած, մեկ առանձին արվեստագետի այդպիսի, մեղմ ասած, անընդունելի խոսքին չէի անդրադառնա, սակայն ցավն այն է, որ այդ մարդուն կարդացողները չափազանց շատ են` միայն ֆեյսբուքյան էջը ունի 66 հազար ընթերցող: Ինչեւէ, խոսքի ազատությունը լավ բան է, սակայն գործնականում պատերազմից դուրս չեկած երկրում վաղուց ժամանակն է, որպեսզի այսպիսի կոչերը օրենքով համարվեն արգելված եւ պատժելի:
Բայց, ի հեճուկս անընդունելի կոչի, այժմ թարմ դրական լուր Արցախից մեր զինվորների նոր խոշոր հաջողության մասին, որը հաղորդել է արցախյան մեր գործընկեր ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԸ. «Թշնամին կրկին պատժվել է: Արցախի սահմանի հարավ-արեւելյան եւ արեւելյան հատվածում (Ակնա եւ Վարանդա) մեր տղաները լիկվիդացրել են թշնամու հենակետը` այսպիսով լռեցնելով մեր դիրքապահների ուղղությամբ արձակվող կրակոցները: Պատժիչ գործողությունների արդյունքում շարքից հանվել է թշնամու ռազմական տեխնիկան, 82 մմ ականանետային մարտկոցը, ավտոտեխնիկան, ռազմաբազայի տարածքում գտնվող զորանոցը եւ այլ շինություններ: Թշնամին ունի երկու վիրավոր: Ի դեպ, ազիկները արդեն սկսել են հմտանալ թաքնվելու հարցում: Չնայած բախտները չի բերել: Թաքստոցը, որտեղ ծվարել էին 10 գոյուն, եւս ոչնչացվել է: Տասից չորսը փլատակների տակից դուրս են եկել ու փախել, իսկ մնացած վեցի մասին առայժմ տեղեկություն չկա: Հույս պահենք, որ ոչնչացվել են: Ամեն մի ոչնչացված թշնամու հետ լռում է նրա զենքը, որ պիտի կրակի մեր դիրքապահների ուղղությամբ: Ուրեմն, ինչքան շատ ոչնչացված թուրք, այնքան հանգիստ մեր դիրքերում»:
ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ այնքան է սեւեռվել սահմանադրությանը «ոչ» ասելու վրա, որ հանդես է եկել հետեւյալ զարմանալի, շշմեցուցիչ հայտարարությամբ. «Իհարկե, դուք կերազեիք, որ գնայինք ու մենակ փողոցում կռիվ անեինք, բայց մենք ձեզ նման նվեր չենք տա: Կօգտագործենք բոլոր լծակները, բոլոր ամբիոններն ու հնարավորությունները` ժողովրդին մոբիլիզացնելու նպատակով, լինի դա փողով հանրահավաք, լիագումար նիստ, թե քարոզարշավ: Ես կարծում եմ, որ արդեն շատ բան հասցրել ենք անել, արդեն ժողովուրդը համատարած խոսում է, որ մեզ սահմանադրական փոփոխություն պետք չէ»: Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է պարոն Զուրաբյանը պատրաստվում «փողով հանրահավաք» անել: Թե՞ դա ՀԱԿ-ի ծրագրի մի մասն է. եւ նա պարզապես պահի տակ բերնից թռցրեց այն, ինչը սովորաբար խնամքով թաքցնում են:
Լավ, մի կողմ դնենք ՀԱԿ-ի քաղաքական հեքիաթները եւ անցնենք իրական ՀԵՔԻԱԹՆԵՐԻՆ: Եվ ահա բրիտանացի գիտնականները պարզել են զարմանալի մի բան, որ երեխաներին քնելուց առաջ հեքիաթ կարդալը էապես նպաստում է նրանց զարգացմանը` ունենում են ավելի սահուն խոսք եւ մտածողություն, ավելի լավ հիշողություն, զարգանում է նաեւ արտիստիզմը: Եվ հետաքրքիր մի բան այդ հետազոտությունից` մինչեւ երկու տարեկան աղջիկների պարագայում հեքիաթը էապես ավելի դրական է ներգործում, եթե հեքիաթ կարդացողը հայրիկն է:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk