ԻՄ «Ո՛Չ»-Ը ՔՈ «Ո՛Չ»-ԻՑ ԼԱՎՆ Ա
Արխիվ 12-16ԻՄ «Ո՛Չ»-Ը ՔՈ «Ո՛Չ»-ԻՑ ԼԱՎՆ Ա
Հոկտեմբերի 2-ին Երեւանում «Չեք անցկացնի» քաղաքացիական շարժումը, որն ընդդեմ սահմանադրական բարեփոխումների ձեւավորված «Ոչ»-ի ճակատին է միացել, կանցկացնի հանրահավաք: «Ոչ»-ի ճակատում են նաեւ խորհրդարանական ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻՑ պարզեցինք` արդյո՞ք միայն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը, ռեսուրսները բավարար կլինեն մարդաշատ հանրահավաքներ կազմակերպելու համար: «Ես մեկ ամիս է, որ բացակայել եմ Հայաստանից, չեմ կարող ոչինչ հստակ ասել: Մինչեւ շաբաթվա վերջ մեր քաղխորհրդի նիստը կլինի, որից հետո բոլոր հարցերին կպատասխանեմ,- ասաց Մակեյանը:- Թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեսուրս ունեն, բայց երկուսին էլ տեսել է ժողովուրդը»:
Սահմանադրական բարեփոխումներին կողմ փորձագետներն ասում են, որ «Ոչ»-ի ճակատը պետք է կարողանա մարդկանց հիմնավորել` ինչո՞ւ պետք է «Ոչ» ասեն սահմանադրությանը, ոչ թե հանրաքվեն տապալելու հայտարարություն անեն, որը, ըստ այդ փորձագետների, խուլիգանական քայլի է նմանվելու: «Այդ փորձագետների զգալի մասը ծախված է: Նրանք Բաղրամյան 26-ի հրահանգով են խոսում»,- վստահ է քաղաքական գործիչը:
«Խնդիրն այն է, որ հանրությունը չի ընդունում այս ռեժիմին, հետեւաբար ինչպե՞ս կարող է ընդունել այս սահմանադրությունը: Բոլորը հասկանում են, որ «դեմ»-ն ու «կողմ»-ը կարեւոր չեն: Իշխանությանը պետք է մարդիկ գնան ընտրության»,- եզրափակեց կուսակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

