ՌԴ-Ն ՈՒ ԱՄՆ-Ը «ԼԵԶՈՒ ԳՏԱՆ» ԵՎ... ԿԿՌՎԵՆ «ՏԱԿԻՑ»
Արխիվ 12-16ՌԴ-Ն ՈՒ ԱՄՆ-Ը «ԼԵԶՈՒ ԳՏԱՆ» ԵՎ... ԿԿՌՎԵՆ «ՏԱԿԻՑ»
ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներն ու դրան հաջորդած հանդիպումը դարձել է համաշխարհային քաղաքականության բազմակողմանի քննարկումների թիվ մեկ թեման: Եվ այնքան թեժ, կրքոտ, որ նույնիսկ ոչ պակաս զորեղ Չինաստանի առաջնորդի` Սի Ծինփինի ելույթը մնաց խոր ստվերում: Դա, իհարկե, սպասելի եւ հասկանալի է, ու դեռ երկար ժամանակ քաղաքական, վերլուծական եւ լրատվական դաշտը նախադասությունների եւ արտահայտությունների մակարդակով «կքանդի-կհավաքի» Պուտին-Օբամա «ելույթային մենամարտը»:
ՊՈՒՏԻՆ-ՕԲԱՄԱ «ՄԵՆԱՄԱՐՏԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սակայն կան որոշ ընդհանուր դրվագներ, որոնց հետ շատ-շատերն այս պահին էլ են համաձայն: Առաջինը. Օբաման երկար-բարակ բացատրում էր, թե կոնկրետ ինչ մղումներից ելնելով է ԱՄՆ-ը տարիներ շարունակ խառնվում տարբեր երկրների «հեղափոխություններին»: Ընդհանուր իմաստը սա էր՝ հո չէինք թողնելու, որ բռնապետները ճնշեին իրենց քաղաքացիներին կամ մեծ երկրները՝ փոքրերին: Հասկանալի է՝ շատերը կողջունեն Օբամայի այդ դեմոկրատական կոչերը, շատերը կընդունեն դառը քմծիծաղով կամ հայհոյանքներով, թե աշխարհում ամենամեծ ճնշողը հենց ԱՄՆ-ն է: Բայց այս բոլոր մոտեցումների մեջ կա մեկ ընդգծված գնահատական. Օբաման փորձում էր բացատրել եւ դրանով էլ՝ արդարանալ, թե ինչու է այդպես վարվել: Մինչդեռ մինչեւ վերջերս էլ իրեն հրապարակավ համարում էր բացառիկ պետության բացառիկ լիդեր, ով ամեն ինչ շատ ճիշտ է անում եւ որեւէ մեկին բացատրություն տալու կարիք անգամ չունի, էլ ուր մնաց՝ արդարանալ: Եվ երբ անվերապահորեն ճիշտ լինելու փոխարեն լսվում են բացատրություններ եւ արդարացումներ, դա վերլուծական հանրության շատ առանցքային ներկայացուցիչներ համարում են թուլության նշան. «Օբաման առնվազն կես քայլ ետ է գնում, եւ աշխարհի թիվ մեկ պետության լիդերն այդ նահանջը չէր իրականացնի, եթե ստիպված չլիներ: Կամ այլ կերպ. եթե հնարավորություն ունենար, առաջ կգնար: Նման թույլ փորձ արեց՝ «Ղրիմի անեքսիա» եւ «Ասադը պետք է հեռանա» արտահայտություններն օգտագործելով: Դա լուրջ կլիներ, եթե նաեւ տեղում հայտարարեր, թե ինչ քայլերի է դիմելու: Իսկ այդ դեպքում նաեւ պետք է բացատրեր, թե ինչպես է լուծելու «Իսլամական պետության» խնդիրը: Եվ երբ համաշխարհային առաջնորդների հավաքին իրեն թիվ մեկ տերության լիդեր համարող Օբաման լուծումներ չի առաջարկում եւ դեռ մի բան էլ սկսում է արդարանալ, հասկանալի է, որ համաշխարհային առաջնորդները լուծումների առաջարկ պետք է սպասեին Պուտինից: Այդպես էլ վարվեցին, եւ հենց դա էր Օբամայի ոչ թե պարզապես կես քայլ նահանջը, այլ՝ պարտությունը: Իսկ դրանից հետո «Ղրիմի անեքսիա» եւ «Ասադը պետք է հեռանա» արտահայտությունները արդեն նմանվում են սովորական անիմաստ հռետորաբանության»:
ԵՎ սրան զուգահեռ ընդգծված էր մեկ այլ նյուանս, որի հետ նույնպես դժվար է չհամաձայնել: Խոսքը Վ. Պուտինի արտահայտության մասին էր, որը նախօրեից բոլորի ուշադրության կենտրոնում է. «Դուք գոնե հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ եք արել...»: Կարծես ուսուցիչը նախատում էր չարաճճի աշակերտին, այն էլ՝ նրա սեփական տուն այցելելով եւ աշակերտն էլ ընդամենը ինչ-որ անիմաստ ինքնարդարացման խոսքեր էր հնչեցնում. թերեւս հենց այս ամփոփ գնահատականը պետք է տալ Պուտին-Օբամա «ելույթային մենամարտին»: Համենայնդեպս՝ այն փաստը, որ նույնիսկ ամերիկյան լրատվավերլուծական դաշտը շատ ավելի լուրջ ուշադրության արժանացրեց Ռուսաստանի, ու ոչ թե սեփական նախագահի ելույթը, առաջարկները, հենց այդ եզրակացության օգտին է խոսում:
Գումարած դրան՝ Օբաման մինչ այդ ելույթը էլի էր պարտություններ արձանագրել: Ռուսաստանին մեկուսացում է հայտարարել, բայց ինքն է հանդիպում խնդրում ու մեկուկես ժամ զրուցում Պուտինի հետ: Խոսում է Ղրիմի անեքսիայից, բայց «ագրեսորի» հետ ժամուկես զրուցելուց առաջ հազիվ է ոտքի վրա մի քանի բառ փոխանակում «զոհի»՝ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ: Սպառնում է Ասադին հեռացնել, սակայն քննադատական բառ անգամ չի հասցեագրում Սիրիայի իշխանություններին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու մասին Պուտինի հայտարարություններին: Եվ այդպես շարունակ. դրանցից ամեն մեկը թուլության նշան է, համենայնդեպս՝ աշխարհի անվերապահ լիդեր լինելու ապացույց չէ: Եվ չմոռանանք ամենակարեւորը. դա տեղի է ունենում մյուս բոլոր պետությունների ղեկավարների աչքի առաջ: Այսինքն՝ նրանց մոտ ասոցացվում է մեկ բան. Պուտինը եկավ, Օբամային իր իսկ տան մեջ բերանից եկածն ասեց, իսկ նա գլուխը կախ մի կերպ արդարանում էր: Թե իրականում ինչ են պայմանավորվել կամ չեն պայմանավորվել Պուտինն ու Օբաման իրենց առանձնազրույցի ժամանակ, արդեն անգամ սա է երկրորդ պլան մղվում. համաշխարհային առաջնորդները ոչ թե դրա ականատեսն էին, այլ՝ «Պուտինը եկավ...»-ի: Փաստ, որին ամերիկյան քաղտեխնոլոգ Յան Բերմերը նման գնահատական տվեց. «Դա իսկական աշխարհաքաղաքական տրիումֆ էր»: Մոտավորապես նույնն է ասում հեղինակավոր Time-ը՝ Պուտինը մոտ է մեծագույն դիվանագիտական տրիումֆին: Եվ էականը ոչ թե այս մասնավոր գնահատականներն են, այլ այն, որ, կրկնենք, դա տեղի ունեցավ համաշխարհային առաջնորդների աչքի առաջ, եւ այդ փաստը, միանշանակ, իր խորքային ուղղումները կունենա այդ երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների վրա:
ԲԱՆԱԼԻՆ ՍԻՐԻԱՆ Է
Իհարկե՝ այս ամենից հետո անգամ չպետք է մոռանալ, որ նման դիվանագիտական պարտությունից հետո ԱՄՆ-ը, ի վերջո, շարունակում է մնալ աշխարհի հզորագույն երկիրը: Տեղի ունեցածը պարզապես կարող է համաշխարհային քաղաքականության մեջ որոշակի մթնոլորտային փոփոխություն առաջացնել: Այլ բան, որ դա կարող է եւ գործնական տեսք ստանալ, ինչի թիվ մեկ հարթակը մնում է Սիրիան: Այսինքն՝ կհաջողվի՞ Ռուսաստանին կայունացնել Ասադի վիճակը, սիրիական պատերազմը: Այնուհետեւ. ինչքանո՞վ է ռեալ «Իսլամական պետությանը» նաեւ Իրաքում ջարդելու հարցը, հաշվի առնելով, որ այդ ահաբեկչական համակարգի դեմ պայքարի կոորդինացիոն կառույցը հիմնվել է Բաղդադում, այսինքն՝ Մոսկվան եւ Թեհրանը դրել են ԻՊ-ին ոչ միայն Սիրիայից, այլ նաեւ Իրաքից դուրս մղելու խնդիր:
Հասկանալի է՝ Վաշինգտոնը նույնիսկ գրկաբաց կընդուներ, եթե ռուսներն ու պարսիկները իր փոխարեն լուծեն ԻՊ-ի խնդիրը, միայն թե դա չվերածվի նաեւ նրանց աշխարհաքաղաքական հաղթանակի: Այլ հարց է, թե դա ինչքանո՞վ է իրատեսական նպատակ: Այն, որ ԻՊ-ը մի այնպիսի արտառոց խնդիր չէ, ինչպես որ ներկայացվում է, դժվար չէ գլխի ընկնել: Որոշակի ուժեր այդ կառույցը, անշուշտ, ունի: Սակայն համապատասխան տեխնիկական վերազինման դեպքում անգամ Ասադի եւ Իրաքի բանակի ներկայիս կազմի համար ԻՊ-ին ջարդելը բարդ բան չէ: Երեկ էլ Սիրիա հասավ Սու-34 ռմբակոծիչների խմբաքանակը, եւ այդ կարգի տեխնիկայի մուտքը հուշում է, որ Ասադի զորքերի վերազինման հարցը գրեթե լուծված-վերջացած է: Այսպիսով՝ եթե Վաշինգտոնը հապաղի մտնել կամ պաշտոնապես համագործակցել ռուսական կոալիցիայի հետ, վերջնականապես խաղից դուրս մղվելու ռիսկի է ենթարկվում: Եվ այդ առումով սպասելի էր Պուտին-Օբամա հանդիպման եւ դրան նախորդած եւ հաջորդած ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ անձնական բանակցությունների արդյունքում պետքարտուղար Քերիի հայտարարությունը. «ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը համաձայնել են Սիրիայի հետ կապված հիմնական մոտեցումներում, սակայն ճգնաժամի կարգավորման հարցում տարաձայնություններ մնում են»: Այսինքն՝ Ասադի հեռանալ-չհեռանալու հարցը մնում է օրակարգում, եւ նկատենք, որ իշխանափոխության դեպքում Ռուսաստանը կարող է խնդիրներ ունենալ նաեւ Սիրիայում հետագայում ռազմաքաղաքական դիրքերը պահելու հարցում: Մի խոսքով այն տպավորությունն է, որ քաղաքական փակուղի մտած Օբաման կարծես թե համաձայնել է, որ ԻՊ-ին պետք է ջարդել, սակայն ամենեւին էլ այն մտքին չէ, որ դա իր համար վերջն է, որ Սիրիան պատրաստվում է զիջել ռուսներին: Այս քաղաքական ընթացքը միանգամայն սպասելի էր, հաշվի առնելով, որ խոշոր հաշվով խաղաքարտին ոչ թե Սիրիան կամ նաեւ Իրաքը զիջել-չզիջելու հարցն է, այլ եթե Օբամայի քաղաքական պարտությունները վերածվեն նաեւ Մերձավոր Արեւելքում դիրքային պարտության, ԱՄՆ-ի կշիռը արդեն կսասանվի այն չափով, որ անհնար կդառնա պահպանել նաեւ դոլարի համաշխարհային հեգեմոնիան: Իսկ դրա հետեւանքն արդեն պարզ է:
Եվ արդյունքում՝ ամեն ինչ գալիս է մեկ շատ պարզ հարցադրման. եղած օժանդակությամբ հանդերձ` Ասադին կհաջողվի՞ արագորեն ազատագրել իր երկիրը, որն արդեն ոչ միայն Օբամայի, այլեւ ԱՄՆ-ի համար կվերածվի քաղաքական խոշորագույն կրախի, եւ կարելի է կռահել, որ Վաշինգտոնը «տակից» ամեն ինչ անելու է` դա թույլ չտալու համար: Հաշվի առնելով նաեւ, որ Ասադի ձախողման դեպքում արդեն Օբաման է ստանալու հակահարձակման լավ հնարավորություն, թե՝ սա՞ էր Պուտինի խոստացածը:
Դե ուրեմն սպասենք իրադարձությունների գերարագ զարգացումներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
