ԻՆՉՊԵՍ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԴԵՂԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԴԵՂԵՐԸ
Վերջին մեկ ամսվա ընթացքում հայաստանյան դեղատներում առաջին անհրաժեշտության դեղերը հերթական անգամ թանկացել են: Մասնավորապես սրտի հաբերը` եթե նախկինում 200 դրամ էին, ապա այսօր 220 դրամ են, ճնշման որոշ դեղերի գներ էլ բարձրացել են 30-40 դրամով: Մարզերում, ինչպես մեր խմբագրություն դիմած մշտական ընթերցողներից մեկն ասաց` «ավելի խայտառակ թանկություններ են, բինտը, «սանտավիկը» ինչ է, որ էդ էլ են թանկացրել: Դեղատան աշխատողներին որ հարցնում ենք՝ ինչի՞ է թանկացել, ասում են` ի՞նչ իմանանք, գիտեք, մեզ համար լա՞վ է, բայց ուրիշ ճար չունենք, թանկով առնում ենք, հո էժանով չե՞նք ծախելու»:
Նշենք, որ դեղերի շրջանառությունը կարգավորվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքով եւ դեղերի շուկան գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ¥ՏՄՊՊՀ¤ վերահսկողության տիրույթում: Ուստիեւ, պարզելու համար վերջին թանկացումների պատճառները ¥«միամիտ» բան ասացինք¤, փորձեցինք դիմել վերահսկող մարմնին` ՏՄՊՊՀ-ին: Հանձնաժողովի լրատվության պատասխանատու Գայանե Սահակյանը նախ մեզ ասաց.
- ՏՄՊՊՀ-ն բոլոր դեղերը վերահսկելու գործառույթ չունի: Մենք վերահսկում ենք միայն գերիշխողներին, բայց դաշտում հազարավոր այլ ընկերություններ կան, որոնք մեր տեսադաշտից դուրս են: Ամեն դեպքում իմացեք, որ մեր գործառույթները սահմանափակվում են միայն գերիշխողներով, այլ շուկաներում մենք գործառույթ չունենք:
Մեր զրուցակիցը նաեւ խոստացավ, որ ավելի հստակ պատասխաններ ունենալուն պես` կտան կոնկրետ պարզաբանում: Սակայն երկու-երեք օր անց ստացանք շատ քիչ բան ասող պատասխան.
- ՀՀ ՏՄՊՊՀ-ը դիմել է դեղերի շուկայում գործող մի քանի տնտեսվարողների, որպեսզի վերջիններս ներկայացնեն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը դեռեւս չի ստացվել: Այնուամենայնիվ ուզում եմ մեկ անգամ եւս նշել, որ Հանձնաժողովը գների վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի: Գերիշխող ապրանքային շուկաներում գնի բարձրացման կամ նվազման փաստը կարող է ուսումնասիրվել Հանձնաժողովի կողմից միայն այն դեպքում, երբ առկա են հնարավոր չարաշահման ռիսկեր:
Այդ դեպքում, ինչո՞ւմն են կայանում ՏՄՊՊՀ-ի գործառույթները, երբ դեղերի շուկայում թանկացում է նկատվում արդեն շուրջ մեկ ամիս, իսկ նրանք միայն լրատվամիջոցի հարցից հետո են որոշում հարցումներ ուղարկել: Իսկ ինչ մնում է շուկայի վերահսկողության լիազորություններին, ապա փաստենք, որ բազում դեղատեսակների ներմուծումը, մասամբ էլ տեղական արտադրությունը մենաշնորհային դաշտում են: Իսկ որ ամեն մի թանկացում գալիս է հենց ներկրող-մոնոպոլիստներից եւ ոչ թե դեղատներից, նոր բան չէ: Այնպես որ, ցանկության դեպքում բոլոր լծակներն էլ կարելի է տեսնել եւ կիրառել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
