«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՅՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՊԱՀՈՎԵՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ»
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՅՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՊԱՀՈՎԵՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ»
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը հասավ նրան, որ 1994թ.-ից ի վեր առաջին անգամ ադրբեջանական կողմը սկսեց գործադրել խոշոր տրամաչափի՝ 122 միլիմետրանոց հրետանի: Դա արդեն համարվում է տիպիկ պատերազմական զենք: Ուրեմն՝ ինչի՞ սպասենք. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, ով, հիշեցնենք, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներից է.
Վերջին սրացումները պայմանավորված են Ադրբեջանի ռազմավարությունով` ձեւավորել վախի մթնոլորտ ե՛ւ հայկական բանակում, ե՛ւ մեր բնակչության շրջանում: Դրանով իսկ ստիպել Հայաստանին՝ գնալ զիջումների: Լարվածությունն ուղղված է նաեւ միջազգային հանրությանն ու Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի ներկայացնեն մի այնպիսի առաջարկ, որը բխում է Ադրբեջանի շահերից: Այսինքն՝ Բաքուն այդ կերպ շանտաժ է անում: Այլ հիմնավորում այս պարագայում լինել չի կարող:
Ինչ վերաբերում է այն կորուստներին, որն ունենում է Ադրբեջանը, ցականում եմ նշել, որ 1998 թվականներից մինչ օրս ինքն է գնացել սրացումների, ինքն է առաջինը օգտագործել զրահատեխնիկան, հրթիռային համակարգեր, ավիացիա: Այսօր էլ օգտագործում է ծանր զինտեխնիկա, հինգ-վեց կիլոմետր խորությամբ խփում է իր թիրախներին` դրանով իսկ ստիպելով հայկական կողմին դիմել ադեկվատ քայլերի: Եվ հայկական կողմը դա անում է, ավելին` անում է ժամանակին, ճիշտ եւ գրագետ: Եվ միայն այն փաստը, որ Ադրբեջանը որոշում է ընդունել եւ արգելել է մամուլում եւ առհասարակ խոսել կորուստների մասին, խոսում է այն մասին, որ թշնամու կորուստները մեծաքանակ են, եւ իրենք վախենում են այն խուճապից, որը կսկսվի, երբ խոսվի իրական զոհերի մասին: Իսկ հայկական կողմը, ինչպես գիտեք, երբեք չի թաքցնում ո՛չ զոհերի, ո՛չ վիրավորների մասին տվյալները:
- Այսինքն՝ առաջիկայում լայնամասշտաբ պատերազմի վտանգ այնուամենայնիվ չե՞ք տեսնում:
- Ոչ, եթե Ադրբեջանը հասկանար, որ ի վիճակի է լայնամասշտաբ պատերազմի, ապա նրանք դա վաղուց կանեին: Իսկ գիտակցելով, որ չեն կարողանում այդ քայլին դիմել, նրանք ընտրել են այս մարտավարությունը:
- Պարոն Հարությունյան, ադրբեջանական մամուլը հաճախ է անդրադառնում` իրենց բանակի գերազանց սպառազինությանը: Միայն անկեղծ՝ հայկական բանակն ունի՞ համարժեք սպառազինությունը:
- Դե, դա բնական է, որովհետեւ Ադրբեջանը նպատակ ունի վերցնել Ղարաբաղը եւ գիտի, որ դրան կարող է ձգտել միայն պատերազմի միջոցով: Բայց չի դիմում այդ քայլին, քանի որ Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ ի վիճակի չէ պատերազմել Հայոց բանակի դեմ: Իսկ ինչո՞ւ, քանի որ բացի նրանից, որ մեր բանակը ավելի մարտունակ է, այլ նաեւ, որ մենք ունենք այն զինատեսակները, որոնք կապահովեն մեր բանակի հաղթանակը: Ուստի, նման խոսակցությունները պարզապես անհիմն են, եւ անհասկանալի է, թե ինչ նպատակ են հետապնդում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
