«ՉՃԱՆԱՉԵԼՈՎ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
Արխիվ 12-16«ՉՃԱՆԱՉԵԼՈՎ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նախկին Խորհրդային Միության էմիգրանտ ՅՈՒՐԻ ՍԵՐԵՑԿԻՆ, ով ընտրվելու դեպքում կդառնա առաջին ռուսախոս կոնգրեսականը ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում: Այս թեկնածուի առաջադրումը կարեւոր է հայերիս համար այնքանով, որ նա իր նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկն է համարում հասնել նրան, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հենց այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ամերիկյան քաղաքական գործչի հետ:
Պարոն Սիրեցկի, որքանով տեղյակ ենք, պատրաստվում եք ընտրվելու դեպքում ԱՄՆ-ում հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ինչպե՞ս եք պատկերացնում այն:
– Կիսով չափ հույն եմ, ով ծնվել է Մոլդովայում, բայց համարում եմ ինձ ռուս` մշակույթով ու լեզվով: Իմ մեջ Խորհրդային Միությունից մի բան է մնացել` անկեղծորեն հավատացել եմ ժողովուրդների ընկերությանը, նույնիսկ եթե այն գոյություն չուներ: Բայց մեր ընտանիքում, մեր քաղաքում, դպրոցում ու փողոցում այն կար: Այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են Հայրենական մեծ պատերազմը, ֆաշիզմը, հայերի ցեղասպանությունը, հրեաների բնաջնջումը եւ այլն, իմ արյան մեջ է: Եվ ես չկարողացա սովորել զանազանել մեզ բոլորիս` ազգային պատկանելությամբ, նույնիսկ ԽՍՀՄ տապալումից հետո: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ԱՄՆ-ն այս կամ այն պատճառով չի ճանաչի այդ փաստը, բայց ես` նախ որպես մարդ, դրա հետ համաձայնել չեմ կարող: Տասնյակ հայ ընկերներ ունեմ եւ տեսնելով, թե նրանք ինչպես են վերաբերում այդ սարսափելի ողբերգությանը, չեմ կարող անտարբեր մնալ: Կոնգրեսի թեկնածուները միշտ խոստանում են հայ ընտրողներին, որ հանդես կգան Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, բայց սա ընդամենը քաղաքականություն է եւ պայքար` ձայներ կորզելու համար: Հետեւաբար, չեմ կարծում, որ ինչ-որ թեկնածու, կարող է այդ հարցով զբաղվել լրջորեն: Չգիտեմ` կկարողանա՞մ միայնակ համոզել ԱՄՆ-ի իշխանություններին ընդունել հայերի ցեղասպանությունը, բայց վստահ եմ, որ կանեմ ավելին այս ուղղությամբ, քան որեւէ այլ կոնգրեսական, որը դժվարությամբ է անգամ պատկերացնում, թե որտեղ է գտնվում Հայաստանը, եւ ինչ է նշանակում բարբարոսաբար, անասնաբար մարդկանց կոտորելը: Հայ ժողովուրդը սփռված է ողջ աշխարհով ու պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ մեզնից յուրաքանչյուրի պարտքն է մասնակից դառնալ այս պատմական արդարության վերականգմանը: Ըստ իս, ԱՄՆ-ն` որպես գերտերություն, պարտավոր է ճանաչել այդ փաստը: Չճանաչելով հայերի ցեղասպանությունը` ավելացնում ենք անպատժելիությունն աշխարհում, ինչի պատճառով այսօր էլ տարբեր ազգերի նկատմամբ կիրառվում են դաժան կոտորածներ: Իմ կարծիքով` սա անթույլատրելի է, եւ ես պատրաստ եմ պայքարել դրա դեմ:
– Շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Դուք էլ շահարկում եք Հայոց ցեղասպանության թեման` հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում շատ հայեր կան, որոնք կարող են Ձեզ ընտրաձայներ բերել...
– Հիշեցնեմ` պատասխանելով ստի դետեկտորի հարցերին` բոլորի համար պարզ դարձավ, որ չեմ խաբում իմ ընտրողներին: Իսկ իմ որոշումը` հասնել հայերի ցեղասպանության ճանաչմանը, բացառապես իմ համոզմունքն է: Ի դեպ, իմ հայ ընկերներից երբեք եւ ոչ ոք, անգամ հայկական կազմակերպությունները չեն խոսել ինձ հետ այս թեմայի շուրջ: Իհարկե, հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, բայց ես` Յուրի Սերեցկիս, կարծում եմ, որ բարբարոսաբար մեկը մյուսի հետեւից ազգերի բնաջնջումը պետք է ճանաչվի, եւ վերականգնվի պատմական արդարությունը: Ես նախընտրական քարոզարշավով չեմ զբաղվում, տվել եմ հարյուրավոր հարցազրույցներ, բայց դուք առաջին հայկական լրատվամիջոցն եք, որը կապ հաստատեց ինձ հետ: Որեւէ հայկական կազմակերպություն չի զբաղվում իմ քարոզարշավով առ այսօր: Եթե ես պայքարեի հայերի ձայների համար, ապա ինքս կփնտրեի նրանց հետ հանդիպում: Ես բաց եմ երկխոսության համար, ավելին` պատասխանատվություն եմ կրում իմ ամեն ասած խոսքի համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk