Զարմացած
Արխիվ 12-16
Հիշո՞ւմ եք ադրբեջանաթրքասեր ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ, ով այն աստիճանի էր թրքուհի Զեյնո Բարանի կրնկի տակ, որ նույնիսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից էին հետ կանչել: Եվ ահա այդ տխրահռչակը իր բերանը բացեց այն բանից հետո, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է: Տեսեք, տեսեք, այդ վայ-դիվանագետը հայտարարեց, իբր դրանով ՀՀ նախագահը վիրավորել է արցախցիներին, ոտնահարել նրանց պատկերացումները Անկախ պետականության մասին: Այն, որ այդ թերմարդու ինտելեկտի մակարդակը շատ ցածր է, կարծում ենք, անվիճելի է: Պարզապես հետաքրքիր է` ինչքանով շատ են ԱՄՆ պետական ապարատում Բրայզայի նմանները: Եթե բարձր տոկոս են կազմում, ապա այդ գերտերության համար դա թերեւս ազգային անվտանգության լրջագույն խնդիր է:
Մեզ անզարմանք չթողեց եւ ԱՄՆ նախագահ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ` ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից: Ինչքան էլ զարմանալի լինի, նա Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պիտակում է բռնակալ. «Այլախոհությունը ճնշող կառավարությունները թուլություն են ցուցադրում, այլ ոչ թե ուժ. պատմությունն ապացուցում է, որ սեփական ժողովրդից վախեցող վարչակազմերը տապալվում են»: Պարզապես, մարդու ծիծաղն է գալիս` Օբաման լրջորե՞ն կարծում է, որ Ասադը վախենում է Սիրիայի ժողովրդից... Ախր, իր երկրի ինքնիշխանությանը տեր կանգնող այդ առաջնորդը այնքան անկաշկանդ է շփվում սեփական ժողովրդի հետ, որ Օբաման դրա մասին երազել անգամ չի կարող: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է հիշատակել եւ նույն ՄԱԿ-ի ամբիոնից Արեւմուտքի հասցեին հնչեցրած Վլադիմիր Պուտինի խոսքը Սիրիայի վերաբերյալ. «Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ եք արել այդտեղ»:
Ռազմական լարվածությանը զուգընթաց` ահագին պակասել են քաղաքական սարսափ-ֆանտաստիկայի ոճով դավադրության տեսություններ շարադրողները, իբր ռուսները պատրաստվում են մեզանից խլել Արցախը ու նվիրել Ադրբեջանին: Այնուամենայնիվ, այդպիսի զարմանալի նմուշներ դեռ կան, զորօրինակ` «Ժառանգության» նախկին խոսնակ, այժմ քաղաքագիտության ծակ պրոֆեսոր ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ. «Եթե Ադրբեջանին պատերազմ սկսելու հարցում սադրելու մեջ Ռուսաստանի հիմնական նպատակը դեպի Արեւմուտք տանող էներգատար խողովակները հայերի ձեռքով վնասելն է, ուրեմն հայերն էլ պետք է այդ հավանական պատերազմում Արեւմուտքի աջակցությունը ստանալու, ինչպես եւ Արցախի անկախությունը ճանաչելու դիմաց նրա հետ պայմանավորվեն, որ չեն հարվածի այդ խողովակներին, մանավանդ որ դա առանձնապես ոչինչ չի տալու մեզ (պատերազմի համար անհրաժեշտ գումարները Ալիեւը վաղուց արդեն հավաքել է. մեզ համար շատ ավելի կարեւոր կլինի, որ Արեւմուտքը սառեցնի այդ գումարները իր բանկերում): Ու պատերազմ սկսելու կրեմլյան սադրանքը կանխելու ձեւերից մեկն էլ այն կլինի, որ ռուսները իմանան Հայաստան-Արցախի եւ Արեւմուտքի միջեւ առկա նման պայմանավորվածության մասին»:
Սակայն մեզ զարմացրեց եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Պատգամավորը կմասնակցի «Արեւելյան Եվրոպայի ապագան. Կանանց կարգավիճակի բարելավում» թեմայով բարձրաստիճան կլոր սեղան քննարկմանը, որտեղ հանդես կգա ելույթով»: Դե ինչ ասես սրան, զարմանալի է, թե ինչ թեմայով է մեկնում... Ախր, ինչքան ցածր պետք է ընկնի քաղաքական գործիչը, որ մեկնի ֆեմինիստական քննարկման:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

