ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ «ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆ»՝ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ԹԵԺ ՊԱՅՔԱՐԸ
Արխիվ 12-16ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ «ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՆ»՝ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ԹԵԺ ՊԱՅՔԱՐԸ
Այն, որ այս օրերին Նյու Յորքում վճռվելու է, առանց չափազանցության, աշխարհի հետագա ճակատագիրը, թերեւս արդեն քչերն են կասկածում: Այսինքն՝ կախված այն բանից, թե ի՞նչ վերջնական պայմանավորվածություններ ունեցան ¥կամ որ հարցերի շուրջ չունեցան¤ ԱՄՆ-ի եւ Չինաստանի ղեկավարները, ապա՝ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը, կորոշվի ոչ միայն առաջին պլան մղված հայտնի գլոբալ հակամարտությունների ¥հատկապես՝ սիրիական, «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ ահաբեկչական համակարգից բխող, դեպի Եվրոպա փախստականների հոսքերի, ուկրաինական եւ այլն¤, այլեւ այդ տեսանելի գործընթացների հիմքում ընկած եւ համեմատաբար քիչ տեսանելի բազում այլ երեւույթների հետագա ընթացքը:
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Կարճ ասած՝ ԱՄՆ-ը կգնա՞ իր գլոբալ դիրքերի թուլացմանը՝ տեղ բացելով ռուսների եւ չինացիների համար եւ ի՞նչ չափով, թե՞ պետք է սպասել նրանց առճակատման էլ ավելի ծանր սրացումների: Թվարկված երկրների լիդերների անձնական հանդիպումներն արդեն տեղի ունեցել են, այդ հարցերի պատասխաններն արդեն կան: Թե ինչ տեսքով՝ թերեւս հանրության համար պարզ կդառնա միայն իրադարձությունների հետագա ընթացքից: Չնայած՝ որոշակի նյուանսներ էս գլխից են ինչ-ինչ եզրահանգումների հնարավորություն տալիս:
Այդ նյուանսներից առաջինն անշուշտ այն էր, որ միայն ՄԱԿ-ի Գերագույն անսամբլեայի նյույորքյան գագաթաժողովից հաշված օրեր առաջ որոշվեց, որ Օբամա-Պուտին հանդիպում տեղի կունենա, ինչն արդեն իսկ ակնարկ էր, որ այս հանգուցալուծումային փուլ Վաշինգտոնը մտնում է բավականին թույլ դիրքերով: Ճիշտ է, Սպիտակ տունը խոսնակի մակարդակով հայտարարեց, թե հանդիպման նախաձեռնությունը Կրեմլինն էր, սակայն դա էլ ավելի բարդ վիճակում դրեց Օբամային այն բանից հետո, երբ ռուսական կողմը պարզապես դիվանագիտորեն Վաշինգտոնին մեղադրեց ստախոսության մեջ, որին ամերիկացիները նույնիսկ չփորձեցին հակադարձել:
Ճիշտ է, առաջին հայացքից անշան բան է երեւում, թե ով էր հանդիպման նախաձեռնողը: Սակայն Օբաման, որ տեւական ժամանակ խոսում էր Մոսկվային քաղաքական մեկուսացման ենթարկելու մասին, ու հիմա ինքն է ստիպված հանդիպում խնդրել Վ. Պուտինից, դա արդեն իսկ նշանակում է ինքնախոստովանություն, որ այդքան գովաբանված մեկուսացման քաղաքականությունը խայտառակ ձախողում է ունեցել:
Դրանից զատ. այդ բանակցությունների առանցքը Սիրիան էր: Իսկ դա նշանակում է, որ երբ Օբաման «դեմքը կորցնելու» գնով ստիպված է այդ թեմայով բանակցել ՌԴ նախագահի հետ, դրանով աշխարհի առաջ եւս մեկ ինքնախոստովանությամբ է հանդես գալիս, որ սիրիական ուղղությամբ իր իսկ ողջ երկարամյա քաղաքականությունը եւս ոչ միայն խայտառակ ձախողում է ունեցել, այլեւ, ամենակարեւորը, որ իրավիճակը դարձել է անկառավարելի, Վաշինգտոնը դրա դեմ ռեալ լուծումներ չունի, եւ հիմա ստիպված է առնվազն ականջ դնել այն լուծումներին, որոնք առաջարկում է Վ. Պուտինը՝ վաշինգտոնյան այդ սխալների պատճառով ստեղծված ողջ տարածաշրջանային կեղտը մաքրելու ուղղությամբ:
Իհարկե՝ կարող էր նաեւ չլսել Պուտինին՝ ձեւացնելով, թե ոչ մի արտառոց բան էլ չի պատահել: Բայց. Օբաման այս օրերին առավել քան լուրջ խնդիր ունի նաեւ իր թիվ մեկ դաշնակցի՝ Եվրոպայի հետ, որը ԱՄՆ-ի «դեմոկրատացրած» երկրներից հոսող փախստականների հեղեղի ծանրության տակ հայտնվել է քաղաքական փլուզման եզրին: Թե ինչպես հենց ՄԱԿ-ի այս գագաթաժողովի նախաշեմին փախստականների այդ գերխնդիրը պայթեց՝ իր հերթին շատ հեռուները տանող մտորումներ առաջացնող հարց է: Բայց վերցնենք միայն բուն փաստը՝ փախստականների այդ խնդիրը կա, որի ծանրության տակ անգամ կանցլեր Մերկելի կարգի օբամասեր լիդերներն են ստիպված խոսում սիրիական ուղղությամբ ռուսական քաղաքականության օգտին: Այս կամ այն չափով այդ քաղաքականությանն արդեն կողմ են արտահայտվել նաեւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ին դաշնակից համարվող երկրները՝ Իսրայել, Թուրքիա, Սաուդյան Արաբիա եւ այլն: Գումարած դրան՝ օրերս Ռուսաստանը, Իրանն ու Իրաքը հայտարարեցին ընդդեմ ԻՊ-ին Բաղդադում կոորդինացիոն կենտրոն ստեղծելու մասին: Եվ, վերջապես, կիսապաշտոնական հայտարարությունների մակարդակով խոսվում է նաեւ այդ գործընթացին Չինաստանի մասնակցության մասին: Այդ մասին վկայող բազում օրինակներից մեկն է ՌԴ Ֆեդերացիայի խորհրդի անդամ, միջազգային հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Իգոր Մորոզովի հայտարարությունը. «Հայտնի է, որ Չինաստանը միացել է Սիրիայում մեր ռազմական օպերացիային, եւ արդեն չինական ռազմանավերը մտել են Միջերկրական ծով եւ նրանց է հետեւում ավիակիրը»:
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է «ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ»
Հնարավոր էր այս իրողությունները շտկել Ուկրաինայում վիճակը թեժացնելով եւ ռուսներին այդ ուղղությամբ կենտրոնացնելով: Սակայն Պորոշենկոյից այդպես էլ նախագահ դուրս չեկավ. երկիրը փաստացի դեֆոլտի մեջ է, վարկերի տեսքով տրամադրվող արտաքին օժանդակությունը գողանում են եւ այդպես շարունակ: Էլ չասած, որ փախստականների բեռն ուսերին ունեցող Եվրոպայի համար ուկրաինական նոր պատերազմը «դագաղի վերջին մեխի» էֆեկտը կունենար: Եվ այն փաստը, որ ներկայումս եվրոպական ամենաբարձր ատյաններից Կիեւին պարզապես տեղեկացնում են, թե՝ «Եվրոպան ձեր համար բանկոմատ չէ», արդեն իսկ զրոյացնում է նոր ուկրաինական պատերազմի վտանգը: Ավելի կոնկրետ՝ Վաշինգտոնը կարող է ստիպել: Բայց այդ դեպքում հաստատ Դոնբասի բանակը մի քանի շաբաթում կգրավի Կիեւը, ու վերջ, այս խաղաքարտը եւս ԱՄՆ-ը կկորցնի:
Որպես վերջին տարբերակ, Վաշինգտոնը վերջերս շրջանառության մեջ դրեց Գերմանիայում ժամանակակից ինքնակառավարվող միջուկային ավիառումբեր կենտրոնացնելու մասին ծրագիրը: Այսինքն, թե նույնիսկ գերմանական ավիացիան կզինեն նման ռումբերով: Բայց Մոսկվան ընդամենը պատասխանեց, թե՝ Կալինինգրադից «Իսկանդերները» թիրախի տակ կառնեն Լեհաստանն ու Արեւելյան Գերմանիան եւ հրթիռակիր ավիացիան կմոտեցնեն սահմաններին: Եվ միջուկային թիրախի դերում հայտնվելու վտանգը էլ ավելի ընդգծված դարձրեց ոչ միայն Բեռլինի հարաբերությունները Սպիտակ տան հետ, այլեւ նույնիսկ գերհավատարիմ Լեհաստանն սկսեց անդրօվկիանոսյան տերերի նկատմամբ կիսաթաքնված հիստերիկ ժեստեր ուղղել:
Ուրեմն՝ հնարավո՞ր են ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ եւ ի՞նչ տեսքով: Սիրիական հարցով պայմանավորվածության մասին ակնարկեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին, թե. «Ես կարծում եմ՝ բոլորն էլ այսօր համաձայն են, որ Ասադը պետք է մնա իր պաշտոնում, որպեսզի մենք կարողանանք դիմակայել ահաբեկիչներին»: Ռոհանին պնդում է, որ դա համաձայնեցված է նաեւ արեւմտյան լիդերների հետ: Ճիշտ է, թե ԻՊ-ին հաղթելուց հետո Ասադի հարցին վերադառնալու պայմանով: Սակայն դա ավելի շուտ նմանվում է Օբամայի «դեմքը փրկելու» տարբերակի, թե՝ Ասադին հեռացնելու հարցը միայն հետաձգում է՝ ընդհանուր գործին չխանգարելու համար: Միայն թե երբ այս քառամյա պատերազմով Վաշինգտոնը չկարողացավ Ասադին հեռացնել, հետո ինչպե՞ս է դա անելու: Չնայած՝ այն ժամանակ արդեն Օբաման նախագահ չի լինի, եւ շատ բաներ կարելի է նրա վրա «դուրս գրել»:
Այլ բան, որ, այսպես ասած, պուտինյան կոալիցիայի հաջողության դեպքում Ռուսաստանն ամենայն հավանականությամբ Սիրիայում կունենա ռազմաբազա, Սիրիան, Իրաքը եւ Իրանը մեծ հավանականությամբ պայմանագրային հարաբերությունների մեջ կմտնեն Եվրասիական միության հետ, էլ չասած, որ Չինաստանն իր հաստատուն տեղը կգտնի այս տարածաշրջանի տնտեսությունում: Երկրորդը. իսլամիստ ահաբեկիչների չեզոքացումը օրակարգից հանում է նաեւ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ նրանց ծավալվելու վտանգը, այսինքն՝ այդ գծով «Մետաքսի ուղու» հոսքերն ուղղելու ծրագրերի նկատմամբ վտանգը եւս օրակարգից դուրս է գալիս: Այդ երկու գործոնն էլ բավականին ծանր տնտեսաքաղաքական հարված են ԱՄՆ-ի համար: Այսինքն՝ եթե անգամ Վաշինգտոնը ստիպված լինի հաշտվել ռուսական կոալիցիայի փաստի հետ, մեկ է, ԱՄՆ-ը մնում է այն զորեղ երկիրը, որը հազիվ թե հեշտ ու հանգիստ համաձայնի նման դիրքային կորուստների հետ: Համենայնդեպս` երեկ ՄԱԿ-ում Օբամայի կոշտ ելույթը այդ մասին է ակնարկում: Իսկ դա նշանակում է, որ ռուսներն ունենալու են Մերձավոր Արեւելքում հնարավորինս արագ դիրքերն ամրացնելու, իսկ Վաշինգտոնը՝ հակահարվածի խնդիր: Եվ նկատենք, որ այդ երկու խնդիրների համար էլ հարավկովկասյան տարածաշրջանի դերը պահպանում է իր արտակարգ կարեւորությունը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk