ՌԱԶՄԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՌԱԶՄԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Եվ այսպես, Ադրբեջանի աննախադեպ ագրեսիվ գործողությունների առնչությամբ ՀՀ նախագահը հանդես եկավ կտրուկ ելույթով, որն իսկական քաղաքական սենսացիայի տպավորություն է թողնում: Մասնավորապես. «Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը` Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել` կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ` խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը»:
ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ
Միասնական պետություն լինելու փաստի շեշտումը իսկական հիսթերիա հարուցեց Բաքվում, իսկ Բաքվի ամերիկյան լոբբիստներից մեկը` տխրահռչակ Մեթյու Բրայզան, անգամ «յուղ վառեց», իբր Սերժ Սարգսյանը վիրավորում է Արցախի պետականությունը: Բայց իրականում կարելի է արձանագրել, որ տեղի ունենում աստիճանական վերադարձ դեպի նորանկախ Հայաստանի ակունքները: Եվ վերադարձը տեղի է ունենում ինչպես Արցախի հարցի վերաբերյալ մոտեցումներում, այնպես էլ` պետական կառավարման մոդելի:
Ի վերջո, ինչպիսի՞ն էր մոտեցումն ակունքներում` որ տեղի է ունենում Արցախի վերամիավորումը Հայաստանի Հանրապետությանը, որ առկա են ոչ թե առանձին պետականություններ, այլ մեկ միասնական պետություն: Ինչ վերաբերում է պետական կառավարմանը, ապա դեռ շաբաթներ առաջ ՍԴ անդամ Կիմ Բալայանն իրավացիորեն նկատեց, որ Հայաստանի անկախության մասին 1990 թվականի Հռչակագրով նախատեսված էր կառավարման խորհրդարանական կարգ: Եվ նոր Սահմանադրությամբ տեղի է ունենում վերադարձ հենց խորհրդարանական կարգին, որը առավել մոտ է հայերիս հոգեկերտվածքին, ապահովում է ներդաշնակ կոլեկտիվ աշխատանքի մեխանիզմներ եւ թույլ չի տալիս անձակենտրոն իշխանության ձեւավորում: Գումարած դրան` համամասնական ընտրակարգը նաեւ օբյեկտիվորեն նվազեցնում է օլիգարխիայի ներգրավումը օրենսդիր մարմին, հետեւաբար եւ` օրենսդրական դաշտի վրա ներազդելու չափն էլ է նվազում:
Եվ եթե նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին քաղաքական որոշումը Սերժ Սարգսյանն ընդունեց 2013-ի սեպտեմբերի 4-ին` ստորագրելով հրամանագիր համապատասխան հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, ապա դեպքերի բերումով այնպես եղավ, որ այս տարվա սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահի կողմից հռչակվեց վերադարձ դեպի վերամիավորման կուրս Արցախի հարցում: Ամեն ինչ եկավ ի շրջանս յուր, այնպես, ինչպես նախատեսված էր նորանկախ Հայաստանի ամենահիմնարար փաստաթղթով` Անկախության հռչակագրով: Ճիշտ է, դա տեղի ունեցավ քառորդ դար հետո, սակայն ճշմարիտ որոշումները երբեք էլ ուշացած չեն լինում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՍՊԱՌՈՂ
Այժմ անդրադառնանք ՀՀ նախագահի ելույթի այլ ուշագրավ դրվագին. «Քաղաքակիրթ աշխարհի օրենքը կոչ է անում մարդկությանը վերջ դնել մարդկության հանդեպ հանցագործությունների անպատժելիությանը: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է այս խնդրում: Մենք հետեւողականորեն բացահայտելու, հայտնաբերելու եւ հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի` հրաման կատարող շարքայինից, մինչեւ նման հրաման արձակող հրամանատարություն: Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ: Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել»:
Ըստ էության, դա շատ պատասխանատու հայտարարություն էր ուժեղ պետության դիրքերից: Պետություն, որը ստանձնում է տարածաշրջանում արդար միջազգային կարգուկանոն հաստատելու պատասխանատվությունը: Ի դեպ, հակառակորդի կողմից թիկունքային զորամասին հրթիռային հարված հասցնելու եւ դրա հետեւանքով 4 զինծառայող սպանելու եւ 16-ին վիրավորելու փաստով քրգործ է հարուցված, եւ ըստ «Ռազմինֆո» կայքէջի անցկացվել են քննչական գործողություններ, եւ քրգործը հարուցվել է. «Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, եւ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ»:
Իր հերթին մեր պաշտպանական գերատեսչությունը ուշագրավ հայտարարություն է արել, թե ինչպես պետք է հարկադրի հակառակորդին վերադառնալ բանակցային դաշտ. «ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետեւողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաեւ միջազգային հանրության անհասցե քննադատությունը եւ մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու եւ դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային եւ հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան եւ կենդանի ուժը»:
Ուշադրության արժանի է եւ հետեւյալ իրողությունը` թեեւ այս օրերին հնչել են բազում քննադատություններ, թե Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ինչով են զբաղված ՀԱՊԿ-ը եւ դաշնակից Ռուսաստանը, փաստը մնում է փաստ, որ Հայաստանը այս հարցում չի դիմել ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ էլ Ռուսաստանին: Հայաստանը համարել է, որ այդ խնդիրները ի վիճակի է լուծել ինքնուրույն, ու այդ հարցում անվտանգության սպառող դառնալու անհրաժեշտություն չկա: Ավելին, ըստ հայտնի ռուս արեւելագետ Կոնստանտին Դոլգովի, առնվազն տեղեկատվության հավաքման եւ օպերատիվ մշակման տեսակետից Հայաստանը կարող է շատ օգտակար դեր խաղալ եւ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Այսինքն` նաեւ մեր ռազմավարական դաշնակից, գերտերություն Ռուսաստանի կողմից էլ աստիճանաբար առաջ է գալիս մեր երկրի ընկալումը` որպես անվտանգության մատակարար պետության:
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ
Ադրբեջանական ագրեսիվ գործողությունների եւ մեր բանակի հակահարվածի ֆոնի վրա միանգամից ետին պլան մղվեցին «ռեժիմի դեմ» պայքարողները: Մի տեսակ հանրորեն չի ընկալվում այդպիսի մոտեցումը, իսկ խուճապ ստեղծելու փորձերին, անտեղի չարախոսություններին, քաղաքական ֆանտաստիկայի ժանրից խուճուճ դավադրությունների տեսությանը հանրությունն ավելի ու ավելի արգահատանքով է վերաբերվում:
Եվ եթե առաջ Ազատության հրապարակում «շտապ հավաքներ» տեղի էին ունենում այս կամ այն հակաիշխանական կամ առնվազն բողոքի գործողության օրակարգով, այժմ օրակարգը փոխվել է` հավաքվում են քննարկելու, թե ինչպես կարող են օգտակար լինել սահմանամերձ բնակավայրերին, ինչպես կարող են կանգնել առաջնագծի զինվորի կողքին եւ ոգեւորել նրան: Ի դեպ, օրինակ, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող «Ազատամարտիկների դաշինք» միավորումը այժմ հենց այդ խնդրով է զբաղված, պատրաստվում են նաեւ առաջարկություններով դիմել ՊՆ-ին: Եվ այդ միավորման անդամ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանն ուղղակիորեն ասում է. «Չէ, այդ հարցում քաղաքականություն չկա, դա մեր ազգի, մեր տեսակի առաքելությունն է»:
Բայց միաժամանակ որոշ քարոզչամիջոցներ չեն դադարեցնում թույն, ապատեղեկատվություն եւ անվստահություն տարածող քարոզչությունը, սակայն այսօրվա մթնոլորտում դրանք արդեն ընկալվում են ոչ թե որպես ընդդիմադիր խոսքի աղբյուր, այլ որպես տեղեկատվական-հոգեբանական պատերազմում թշնամուն աջակցողներ:
Ինչեւէ, կարելի է արձանագրել, որ անկախ նրանից, թե ովքեր են մազութային սուլթանատին խրախուսել հերթական ագրեսիայի, ստացել են տրամագծորեն հակառակ արդյունքը: Նրանք ակնթարթորեն համախմբել են մեր հանրությանը, մարդկանց ուղեղները միանգամից մաքրել ավելորդություններից, իսկ մեր պետությանը խնդրողի դերում հայտնվելու փոխարեն դրդել են կոշտ եւ վճռական կեցվածքի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk