«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ
Արխիվ 12-16«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ
ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ
Փաստաբան Հայկ Հովհաննիսյանը օրերս հյուրընկալվել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը` պատմել է իր և իր ընտանիքի դատական վեճի մասին «Ամերիաբանկի» հետ: Ըստ Հովհաննիսյանի` հաղորդումը նույն օրը պետք է եթեր հեռարձակվեր, սակայն դա տեղի չի ունեցել:
Մինչդեռ այն, ինչ տեղի է ունեցել փաստաբանի եւ բանկի միջեւ (համենայնդեպս` Հ. Հովհաննիսյանի ներկայացրած պատմությունից ելնելով), բավականին ուշագրավ պատմություն է: Նաեւ այն տեսանկյունից, որ նման պատմության մեջ կարող է հայտնվել կամ արդեն հայտնվել է Հայաստանի ամեն մի քաղաքացի:
Այսպես, մեզ հետ զրույցում Հայկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Ամերիաբանկի» բաժնետոմսեր է ունեցել, որն այժմ պատկանում է բանկին: Հնարավոր բան է. ցանկացած ընկերության բաժնետոմսեր միշտ էլ կարող են մեկից մյուսին անցնել: Միայն թե, այս դեպքում այդ անցումը, ըստ Հ. Հովհաննիսյանի, տեղի է ունեցել ոչ օրինական ճանապարհով. «Դա մեկ օրում չի եղել: Բանկը մեծացրել է բաժնետոմսերի անվանական արժեքը, հրավիրել են բաժնետերերի ժողով: Բաժնետերերի հրավիրած վերջին ժողովի մասին, որին մենք եւս պետք է մասնակցեինք, չէինք ծանուցվել»:
Գործը հիմա դատարանում է, եւ, ըստ մեր զրուցակցի, բանկն այդպես էլ չի կարողանում դատարանում ապացուցել, որ ծանուցել է հայցվորին` Հայկ Հովհաննիսյանին: Վերջինիս խոսքով` եթե ինքը մասնակցեր ժողովին, ապա դեմ էր քվեարկելու օրակարգում ընդգրկված հարցերին, որոնք վերաբերել են բաժնետոմսերի համախմբմանը եւ հետգնմանը, քանի որ դա, ըստ նրա, պարզապես բաժնետոմսերը խլելու գործընթաց է եղել: Եվ ոչ միայն նրանից, այլ, մեր զրուցակցի խոսքով` բանկը փորձել է նաեւ այլ բաժնետերերից եւս, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ բաժնետոմս, խլել բաժնետոմսերը: Բայց նրանց գտվելու վայրը պարզապես անհայտ է եղել:
Դատական գործընթացին մասնակցում է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկը: Հ.Հովհաննիսյանի տեղեկացմամբ` «Ամերիաբանկը» Կենտրոնական բանկից ստացել է պարզաբանում, ըստ որի` ԿԲ-ն ուսումնասիրել է միջազգային փորձը եւ հղում արել ԱՄՆ-ի Դելավեր նահանգի մի օրենքի երկու հոդվածների, որոնց համաձայն` որոշակի դեպքերում թույլատրվում է հետ գնել բաժնետոմսերը` ստանալով ԿԲ-ի վերահսկողական դրական դիրքորոշումը: «Բայց միաժամանակ, պարզաբանման մեջ ասվում է, որ ամեն առանձին դեպք պետք է քննարկվի առանձին: Սակայն արդյոք «Ամերիաբանկը» ստացե՞լ է ԿԲ-ի վերահսկողական դրական դիրքորոշումըª դեռ պարզ չէ, քանի բանկը դատարանում չի ներկայացրել ԿԲ-ի դիրքորոշումը հաստատող փաստաթուղթը: Անգամ ԿԲ-ին ենք գրավոր դիմել, սակայն մեզ եւս նման պարզաբանում չի ներկայացրել: Երկրորդ. եթե նույնիսկ ԿԲ-ի պարզաբանումը լինի, նա չի կարող բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքը փոխել: Ըստ այդ օրենքի 37-րդ հոդվածի` բանկին արգելվում է գնել, զիջել, հետգնել իր բաժնետոմսերը, մի բան, որը մեր դեպքում տեղի է ունեցել: Ակնհայտ է, որ ԿԲ-ն ու «Ամերիաբանկը» համագործակցում են»,- մանրամասնում է հայցվորը:
Ինչո՞ւ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարն ու հաղորդավար Պետրոս Ղազարյանը հրաժարվեցին Հայկ Հովհաննիսյանի հետ զրույցը եթեր հեռարձակել: Հարցին փաստաբանն այս կերպ պատասխանեց. «Չեմ կարող ասել: Կարծում եմ, որ այս փուլում այլ լծակներ են գործի դրել` ծանոթներ, ընկերներ, ազդեցիկ անձնավորություններ, որոնք կարող էին խնդրելª հանել հաղորդումը»:
Իսկ հայցվորը փորձե՞լ է կապ հաստատել բանկի սեփականատեր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հետ. մեր այս հարցը փաստաբանն անպատասխան թողեց: Դրա փոխարեն նա փորձել է մոտ մեկ տարի բանակցել բանկի հետª մինչ դատարան դիմել, սակայն բանկը հարկ չի համարել իր հետ բանակցել. ««Ամերիաբանկից» ինձ ասել են, որ ճիշտ են վարվել, խոսելու ոչինչ չունեն ինձ հետ: Բայց չէ՞ որ արժեթղթերը մեր սեփականությունն են, չէ՞ որ հայրս այդ բանկում եղել է 1990-ականներից եւ, կարելի է ասել, համահիմնադիրներից է»,- եզրափակեց Հայկ Հովհաննիսյանը:
Այս պատմության ֆոնին մեզ մնում է հիշեցնել, թե Հայաստանի քանի-քանի քաղաքացիներ 1990-ականներից ի վեր գրեթե նույն կերպ կորցրեցին տարբեր տնտեսական կառույցներում իրենց ունեցած մեկ, տասը եւ շատ ավելի մեծ թվով բաժնետոմսերըª կոնկրետ «շուստրիներին» հնարավորություն տալով տեր դառնալ եղած-չեղածին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

