«ԺԱՄԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄՈՏ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ, ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆԵՐԻ ՀԵՏ ՍՈՒՐՃ ԽՄՈՒՄ...»
Արխիվ 12-16«ԺԱՄԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄՈՏ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ, ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆԵՐԻ ՀԵՏ ՍՈՒՐՃ ԽՄՈՒՄ...»
2001 թ-ից Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ` մի շարք փաստաթղթերի հետ ստորագրելով նաեւ տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, որն ուժի մեջ մտավ 2002 թ-ին: Խարտիայի ստորագրումից հետո Կոնգրեսը սերտորեն աշխատում է Հայաստանի պետական եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ այլ շահառուների հետ` խթանելով եւ ամրապնդելով տեղական ժողովրդավարությունը երկրում:
Այսօր մի շարք համայնքների ղեկավարների հետ կազմակեպվել էր հանդիպում`քննարկելու համայնքների ինստիտուցիոնալ եւ կազմակերպչական հատկությունները: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր խոսքում ասաց, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո սպասվում են լուրջ փոփոխություններ: «Մեր նպատակն է տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի ակտիվ դարձնել հանրային ու քաղաքական կյանքին: Կարեւոր է համայնքի ղեկավարի եւ համայնքի բնակիչների միջեւ վստահությունը»,- ասաց փոխնախարարը:
Վաչե Տերտերյանը նաեւ կարեւորեց գյուղապետերի կողմից համայնքների զարգացման հետաքրքիր ու մրցունակ ծրագրերի ներկայացումը եւ դրանց դիմաց ֆինանսական աջակցություն ստանալը միջազգային կառույցների կողմից. «Հաճախ ենք տեսնում, թե ինչպես են գյուղապետերը պետական տարբեր կառույցների դռներ թակում ֆինասնական աջակցության ակնկալիքով, ժամերով սպասում, քարտուղարուհիների հետ սուրճ խմում եւ դատարկաձեռն հետ վերադառնում»:
Ախուրիկ համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանն էլ ասաց, որ մասնակցելով նման սեմինարների ու քննարկումների` փորձում է ժողովրդավարական արժեքները հասցնել նաեւ իր համայնք: «Ես չգիտեմ` կընտրվեմ նորից համայնքի ղեկավար (բայց կարծում եմ` կընտրվեմ), ջանում եմ իմ համայնքում ձեւավորել քաղաքացիական հասարակություն»,- ասաց կին համայնքապետը:
Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն էլ կարեւորեց երիտասարդների մասնակցությունը համայնքների ղեկավարման գործընթացին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

