ՄՅՈՒՌՈՆԻ ՔԱՎՈՐԸ ԱՆԳԼԻԱԲՆԱԿ ԲԱՐԵՐԱՐ ՀԱՅԿ ՏԻՏԻԶՅԱՆՆ ԷՐ
Արխիվ 12-16ՄՅՈՒՌՈՆԻ ՔԱՎՈՐԸ ԱՆԳԼԻԱԲՆԱԿ ԲԱՐԵՐԱՐ ՀԱՅԿ ՏԻՏԻԶՅԱՆՆ ԷՐ

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», երեկ` Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատ արքայի անունը կրող Բաց Խորանում տեղի ունեցավ 21-րդ դարի երրորդ Մյուռոնօրհնեքը: Ի դեպ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ` հայ Եկեղեցու որոշ արարողակարգեր, ինչպիսին Ջրօրհնեքն է կամ Մյուռոնօրհնեքը, ունեն իրենց «կնքահայրերը»: Սրբազան ավանդության համաձայն, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Սրբալույս Մյուռոնի օրհնություն կատարեց, Մյուռոնի կնքահայրության պատիվը շնորհեց հայոց Տրդատ արքային, ով ստանձնեց հայության համար պատրաստված հրաշազարդ յուղի պաշտպանությունն ու հովանավորությունը:
Ի գիտություն, ընդգծենք, որ Ջրօրհնեքի կնքահորը անվանում են «Խաչի քավոր», իսկ Մյուռոնօրհնության կնքահորը` «Մյուռոնի քավոր»: Վերջին շրջանում այս երկու արարողությունների կնքահայրերը եկեղեցանվեր աշխարհականներ են` ի նշան հավատացյալ ժողովրդի աղոթքների: Կնքահայրն ունի իր կարեւոր դերակատարությունը Մյուռոնօրհնության ընթացքում: Մյուռոնօրհնության թափորի մեջ` Հայրապետի անմիջապես առջեւում, ծիսական մետաքսե շապիկով, քայլում է կնքահայրը, ով սովորաբար բարձրանալով Բեմ, օգնում է բացել Կաթսան:
Հայ Առաքելական Եկեղեցում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը, սովորաբար, տեղի է ունենում 7 տարին մեկ: Մյուռոնօրհնությունը կատարում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ Մյուռոնի Կնքահայրը ներկայացնում է համայն հայությունը: Ջրօրհնեքի արարողությունը, ի տարբերություն Մյուռոնօրհնեքի, տեղի է ունենում հայկական բոլոր
եկեղեցիներում, եւ յուրաքանչյուրն Եկեղեցի ունի Խաչի իր քավորը: Խաչքավոր ընտրվում են եկեղեցական համայնքի ամենատարբեր խավի մարդիկ, ովքեր տարվա ընթացքում իրենց մասնավոր զորակցությունն են բերում տվյալ եկեղեցու առաքելությանը, աջակցում են հոգեւոր հովվին` կյանքի կոչելու նրա կողմից նախաձեռնած եկեղեցաշեն ծրագրերը:
Մյուռոնի քավորն ընտրվում է` հաշվի առնելով ազգային-եկեղեցական կյանքում նրա ունեցած ավանդը: Քավորությունը նաեւ Եկեղեցու գնահատանքն է ազգային եւ եկեղեցական կյանքում տվյալ անձի ունեցած կարեւոր ավանդի եւ վաստակի: Ուստի` 21-րդ դարի երրորդ Մյուռոնօրհնության քավորությունը պատիվ ունեցավ ստանձնել Մայր Աթոռի բարերար ՀԱՅԿ ՏԻՏԻԶՅԱՆԸ (Անգլիա):
Հավելենք, որ Մյուռոնի քավոր են եղել 2001թվականին արգենտինահայ բարերար ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ (Արգենտինա), իսկ 2008-ին` ամերիկահայ բարերար ՍԱՐԳԻՍ ԲԵԴԵՎՅԱՆԸ (ԱՄՆ):
Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
Լուսանկարները` ter-hambardzum.net-ի
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

