OՐՀՆՎԵՑ 21-ՐԴ ԴԱՐԻ ԵՐՐՈՐԴ ՄՅՈՒՌՈՆԸ, ՈՐԸ ԿՈՉՎԵՑ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16OՐՀՆՎԵՑ 21-ՐԴ ԴԱՐԻ ԵՐՐՈՐԴ ՄՅՈՒՌՈՆԸ, ՈՐԸ ԿՈՉՎԵՑ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ

Այսօր` Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատ արքայի անունը կրող Բաց Խորանում տեղի ունեցավ 21-րդ դարի երրորդ Մյուռոնօրհնեքը:
Փշաքաղվելու չափ տպավորիչ էր հատկապես այն, որ հայրապետական թափորով տարվում էր Մյուռոնօրհնության արարողության ժամանակ գործածվող սրբազան մասունքները, Սկեւռայի մասանց պահարանի կրկնօրինակը եւ Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների մասանց պահարանը, Սրբալույս Մյուռոնի
նյութերը եւ այլ սրբություններ: Ինչպես տեղեկացանք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. ԱՐԱՄ արքեպիսկոպոս ԱԹԵՇՅԱՆԸ կրում էր Կենաց Փայտի մասունքով խաչը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` Ս. Գեղարդը, ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԽԱԺԱԿ արքեպիսկոպոս ՊԱՐՍԱՄՅԱՆԸ կրում էր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՀՈՎՆԱՆ արքեպիսկոպոս ՏԵՐՏԵՐՅԱՆԸ` Ծաղկանց նյութի սափորը,
Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԸ` Բալասանի սափորը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՊՈՒՀ արքեպիսկոպոս ՉՈՒԼՋՅԱՆԸ` Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից այս առիթով դուրս բերված Վեհափառի Ավետարանը, Գերաշնորհ Տ. ՓԱՌԵՆ արքեպիսկոպոս ԱՎԵՏԻՔՅԱՆԸ` Ս. Անդրեաս առաքյալի մասունքով Աջը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. ՆԱԹԱՆ արքեպիսկոպոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` Ս. Ղուկաս Ավետարանչի մասունքով Աջը, Ռուսաստանի եւ Նոր
Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԵԶՐԱՍ արքեպիսկոպոս ՆԵՐՍԻՍՅԱՆԸ` հին Մյուռոնով Մյուռոնաթափ մեծ աղավնին, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՄՈՎՍԵՍ եպիսկոպոս ՄՈՎՍԻՍՅԱՆԸ կրում էր Ս. Թադեոս առաքյալի մասունքով Աջը:
Զույգ բուռվարակիրներ Հոգեշնորհ Տ. ՆԱՐԵԿ վարդապետ ԱՎԱԳՅԱՆԻ եւ Հոգեշնորհ Տ. ՌՈՒԲԵՆ աբեղա ԶԱՐԳԱՐՅԱՆԻ առջեւից եկեղեցական շապիկով քայլում էր Ս. Մյուռոնի կնքահայրը` Մայր Աթոռի բարերար տիար ՀԱՅԿ ՏԻՏԻԶՅԱՆԸ:
Մյուռոնօրհնության խորհրդավոր արարողության ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոնի կաթսայի մեջ հեղեց ծաղկանց նյութը եւ բալասանը, որից հետո ձեռամբ Նորին Սրբության կաթսայի մեջ լցվեց նաեւ Անթիլիասում օրհնված նոր Մյուռոնը, որ Վեհափառ Հայրապետին էր մատուցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը:
Սրբազան Ավանդության համաձայն, «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեռոնաթափ աղավնիով կաթսայի մեջ հեղեց նաեւ հին Մյուռոնը` նորին փոխանցելով Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով օրհնված
սրբալույս Մյուռոնի զորությունը: Ապա Նորին Սրբությունն օրհնեց նոր Մյուռոնը, տյառնագրեց եւ խառնեց նաեւ Կենաց Փայտի մասունքով խաչով, Աստվածամուխ Ս. Գեղարդով եւ հայոց հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով։
Արարողության վերջում` Տերունական աղոթքից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս. Գեղարդով օրհնեց ներկաներին, ապա հավատավոր բազմությունը հնարավորություն ունեցավ հպվելու Ս. Մյուռոնի կաթսային` ստանալով նոր Մյուռոնի օրհնությունը:
Հավելենք, որ Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ , ՀՀ ԱԺ
նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ, , ՍԴ նախագահ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, թեմակալ առաջնորդներ ու թեմական պատվիրակություններ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, մշակույթի եւ գիտության գործիչներ եւ Հայաստանից ու աշխարհասփյուռ համայնքներից ժամանած բազմահազար ուխտավորներ: Ի դեպ, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կյանքի այս կարեւոր պատմական իրադարձությանը Հայոց Եկեղեցու հոգեւոր դասին եւ համայն հայ ժողովրդին աղոթակից էին Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Հնդիկ Մալաբար Եկեղեցու, Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի Հույն Ուղղափառ Պատրիարքության, Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարքության, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու, Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու, Չեխիայի Ուղղափառ Եկեղեցու, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու, Հույն Կաթոլիկ Եկեղեցու, Ասորի Կաթոլիկ Եկեղեցու, Հայ Կաթողիկե Եկեղեցու, Անգլիկան Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու, Սան Էջիդիո համայնքի եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակներն ու ներկայացուցիչները:
Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

