ԱՌԱՋԱՐԿ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ. «ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԻՆՆ Է»
Արխիվ 12-16ԱՌԱՋԱՐԿ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ. «ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ
ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
ԱՊՐՈՂՆԵՐԻՆՆ Է»
Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին նախաձեռնության անդամներ Լեւոն Զաքարյանը, Սոֆյա Հովսեփյանն ու Սուրեն Էյրամջյանը ստորագրահավաք են սկսել`հանուն սահմանամերձ բնակավայրերի աջակցության համար: Նախաձեռնության անդամներն առաջարկում են քաղաքապետարանին այս տարի Երեւանի տոնակատարության համար ծախսվող գումարը կամ գոնե դրա մի մասը հատկացնել սահմանամերձ բնակավայրերից մեկին: «Մայրաքաղաքը նաեւ սահմանամերձ բնակավայրերում ապրողներինն է: Եթե քաղաքապետարանն ուզում է տոնել, նրանց համար էլ պետք է տոն լինի դա»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերի այն դժգոհությանը, թե այս նախաձեռնությունը կարծես թե դեմ է Հայաստանում անցկացվող տոնակատարություններին, Լեւոն Զաքարյանը հերքեց դա: «Մենք սիրում ենք մեր քաղաքը: Ես ինքս երեւանցի եմ: Մենք չենք առաջարկում հրաժարվել Երեւանի տոնը նշելուց, այլ առաջարկում ենք քիչ գումարով դա անել: Ես կողջունեմ, եթե միայն հրավառության գումարը փոխանցեն Պառավաքար գյուղին: Ոչ ոք չի նեղվի, եթե այս անգամ հրավառություն Երեւանում չլինի»,- ասաց Լեւոն Զաքարյանը:
Նախաձեռնությունը հաշվարկներ ունի՞, թե ինչի կարիք ունեն սահմանամերձ բնակավայրերի բնակիչները: «Մենք ընդամենը խնդիրներ ենք բարձրացնում եւ դրանց լուծման համար դիմում տարբեր գերատեսչությունների: Բայց շուտով մենք հաշվետվություն կներկայացնենք մեր հանրությանը, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ է արել նախաձեռնությունը»,- մանրամասնեց Հովսեփյանը:
Ի դեպ, նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հաշվեհամար կա, որին ամեն ամիս որոշակի գումարներ են փոխանցում՝ սկսած 500 դրամից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
