Եզդիները կոչ են անում. «ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿ ԵԶԴԻՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԼՈՒՌ ՆԱՅԵՆ ԱՅՍ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ»
Արխիվ 12-16Եզդիները կոչ են անում. «ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿ
ԵԶԴԻՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԼՈՒՌ ՆԱՅԵՆ ԱՅՍ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ»
«Մի քանի օր է, ինչ սահմանամերձ գոտում ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը եւ կրակոցներ է ուղղում սահմանակից հայկական գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որի հետեւանքով ունեցանք նաեւ մի քանի զոհեր: Ադրբեջանն, իհարկե, շատ լավ է հասկանում, որ նրա այդ ահաբեկչական գործողությունները ստանում են իրենց լիարժեք պատասխանը հայկական զինուժի կողմից, բայց պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանի կողմից հայկական կողմի ուղղությամբ իրականացրած կրակոցներից չտուժի խաղաղ բնակչությունը, ովքեր այս օրերին մեծ մասամբ աշխատում են դաշտերում», - այս մասին հայտարարել է «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահի օգնական, «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքի հեղինակ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆՆ ու հավելել. «Պետք է մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերին եւ հավուր պատշաճի պաշտպանել խաղաղ բնակչությանը: Հայաստանաբնակ եզդիները, իհարկե, չպետք է լուռ նայեն այս երեւույթին, քանի որ ապրելով Հայաստանում եւ համարվելով ՀՀ-ի լիիրավ քաղաքացիներ` Հայաստանի մի մասնիկն են կազմում: Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր եզդիական ՀԿ-ները պետք է բարձրաձայնեն իրավիճակի մասին եւ անհրաժեշտության դեպքում բոլոր հնարավոր եւ անհնարին քայլերը ձեռնարկեն, քանի որ խոսքը նաեւ մեր պաշտպանությանն է վերաբերում»: Ռ. Ավդոյանը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Իրաքի հյուսիսում Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման ծայրահեղականները, մարդկային բոլոր իրավունքները ոտնահարելով, իրականացրեցին եզդի ազգի ցեղասպանություն. «Ահաբեկչության զոհը դարձան տասնյակ հազարավոր անմեղ ժողովուրդ եւ այդ օրերին հայ ազգը, լավ հասկանալով եզդիներին` կանգնեցին եւ սատարեցին եզդի ազգին ու մի շարք միջոցառումներով աշխարհին ցույց տվեցին, որ հայ ազգը եզդի ազգի կողքին է եւ դատապարտում է ահաբեկչական այս ոտնձգությունները եզդի ազգի նկատմամբ: Եվ այսօր մենք պարտավոր ենք մեր իսկ հայրենիքում մեր բողոքի ձայնը բարձրացնենք Ադրբեջանի այս ոչ պարկեշտ վարքագիծը դատապարտելու համար»:
Ի դեպ, նշենք, որ մի շարք այլ եզդիական կառույցներ, հասարակական կազմակերպություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից եւս անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն ու Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություններով հանդես եկել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
