ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԸ ՄԻՋԻՆ Է
Արխիվ 12-16ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԸ ՄԻՋԻՆ Է
Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում հոկտեմբերի 7-9-ը կանցկացվի բանակայինների 6-րդ համաշխարհային խաղերի ծրագրով հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին հայ ըմբիշները եւս իրենց մասնակցությունը կունենան: Մեր թիմը` երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ, Կորեայում հանդես կգա հետեւյալ կազմով՝ Գեւորգ Ղարիբյան (59 կգ, Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն), Կարեն Ասլանյան,( 66 կգ, երիտասարդների աշխարհի չեմպիոն), Ռաֆայել Ալեքսանյան (71 կգ, միջազգային մրցաշարերի հաղթող) եւ Սարգիս Քոչարյան (80 կգ, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն):
-Առաջին պարապմունքը անցկացրինք, կարող եմ ասել, որ տղաները նորմալ մարզավիճակում են, թիմի վիճակը միջին է, բայց մենք դեռ ժամանակ ունենք նախապատրաստվելու համար: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում նախատեսված է անցկացնել լավ, արդյունավետ պարապմունքներ, իսկ մի քանի օր հետո հնարավոր կլինի ավելի կոնկրետ գնահատական տալ թիմի ընդհանուր մարզավիճակին: Ամեն դեպքում` այս մրցումային փուլերն անցնելուց եւ հանգստից հետո տղաներն իրենց վատ չէին զգում: Մոտ երկու շաբաթ ունենք դեռ, այս օրերին տղաները մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի վերջին երկու հավաքներին. հիմնականում դա է եղել, եւ կոնկրետ բանակայինների համաշխարհային խաղերին այս օրերին ենք սկսել նախապատրաստվել:
Սպասելիքների եւ ակնկալիքների մասին նախապես խոսել չեմ սիրում, մեր մարզաձեւում դա անիմաստ է, երբեք չես իմանա, թե ինչ կլինի: Ըմբշամարտը ոչ ստատիկ մարզաձեւ է, մերը ոչ ծանրամարտ է, ոչ էլ թեթեւ ատլետիկա, որ պարապմունքին արդեն իմանաս՝ տվյալ քաշային կարգում աշխարհում ինչքան են բարձրացնում, կամ ինչքան են ցատկում, ու մոտավոր հասկանաս, թե քո ցուցանիշով մի քիչ այս կողմ, այն կողմ, կլինես առաջին եռյակում, թե՝ ոչ:
- Այնուամենայնիվ՝ մեր տղաները հնարավորություններ ունե՞ն լավ արդյունքներ գրանցելու:
- Դեռ չգիտեմ` մյուս երկրներից ինչ մարզիկներ են մասնակցելու մրցաշարին. բանակայիններին չգիտեմ: Այդ պատճառով չեմ կարող ասել մեր տղաների հնարավորությունների մասին: Մի քանի օրից մասնակցիների ցուցակները կլինեն, այդ ժամանակ կարելի է ասել, թե ինչ հնարավորություններ ունենք:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
