ՎԱՆԻ ԲԵՐԴԸ ԿԸՆԴԳՐԿՎԻ՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ
Արխիվ 12-16ՎԱՆԻ ԲԵՐԴԸ ԿԸՆԴԳՐԿՎԻ՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ
Վերջին շրջանում Թուրքիան կարծես թե փոխել է վերբերմունքն Արեւմտյան Հայաստանում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ: Հայկական պատմամշակութային հուշարձանները կիսով չափ ոչնչացնելուց հետո, օրերս Թուրքիան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին` Վանի բերդը համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար: Դժվար է ասել, թե այս քայլով Թուրքիան ինչպիսի քաղաքականություն է ուզում իրականացնել, մանավանդ այն դեպքում, երբ Վանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետը համոզված է, որ Վանի բերդը ավելի մեծ օգուտ եւ ճանաչվածություն ձեռք կբերի ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգրկվելու դեպքում: Ինչեւէ, գուցե այս քայլով Թուրքիան դադարի ոչնչացնել իր տնօրինության տակ մնացած հայկական մշակույթի պատառիկները, որոնցից մեկն էլ Վանի բերդն է, եւ հասկանա, որ հուշակոթողը ոչնչացնելով, դրա պատմությունը չես ջնջի կամ փոխի: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռեւս Թուրքիայի կողմից ներկայացված դիմումին չի արձագանքել:
Արդյո՞ք Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը հայկական արժեքների նկատմամբ, երբ դրանք հայտնվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց քանդակագործների հետ:
«ԴԵՌ ՀԱՐՑ Է, ԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՆՉՊԵՍ ԿՎԱՐՎԻ ՎԱՆԻ ԲԵՐԴԻ ՀԵՏ»
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ.
- Թուրքիայի կողմից իրականացվող այս քայլը ցուցադրական բնույթ է կրում: Այդ երկիրն իր վարվելակերպով ձգտում է ցույց տալ, որ սրտացավ է կամ տեր է կանգնում մշակութային արժեքներին: Վերջին շրջանում այդ ե՞րբ է Թուրքիան վերակառուցել ու սրտացավորեն մոտեցել հայկական կոթողներին: Ընդհակառակը` բոլորը թուրքացնում է եւ փակցնում իր դրոշը: Հայկական եկեղեցիները դարձրել է մուսուլմանական, որտեղ մարդիկ գալիս են նամազ անելու: Ամբողջական հայկական ճարտարապետությամբ ու մանրանկարչությամբ եկեղեցի ու հանկարծ վրան հայտնվում է կիսալուսին: Դեռ հարց է, թե Թուրքիան ինչպես կվարվի Վանի բերդի հետ, երբ այն հայտնվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Ենթադրում եմ, որ այս հարցում Թուրքիան ազնիվ չի վարվում, այս ամենից լավ բան չպետք է սպասել:
«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՎԵԼ»
Նախիջեւանագետ, հուշարձանագետ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ.
- Վերջին շրջանում Թուրքիան փոխել է իր վարվելակերպը հայկական հուշարձանների նկատմամբ, սկսել է վերանորոգել դրանք, ինչը Թուրքիայի կողմից խորամանկ քաղաքականություն է: Սակայն ոչ ոք չի կարող ժխտել, որ Թուրքիայի կողմից հայկական հուշարձանները շարունակում են ոչնչացվել: Ցավով պետք է նշեմ, որ խիստ վթարված եւ ոչնչացման եզրին գտնվող հուշարձանները 10-15 տարի անց կվերածվեն հողակույտերի: Թուրքիայի քաղաքականությունը ոչ ոք չի կարող բանեցնել, ուստի դժվար է ասել, թե ինչ է ուզում անել:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

