ԱՆԿԱԽ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻՑ` ՓՈՔՐԻԿ ՀԱՅՈՒՀԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՀԻՇԵՑՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԱՆԿԱԽ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻՑ` ՓՈՔՐԻԿ ՀԱՅՈՒՀԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՀԻՇԵՑՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թուրքիայում կայացած «Աշխարհի փոքրիկ արքայադուստր» գեղեցկության համաշխարհային մրցույթի 2014-ի հաղթող, «Լավագույններից լավագույնը» Գրան Պրի մրցանակակիր, հնգամյա ԷԼԵՆ ԱՍՈՅԱՆՆ այս տարի եւս մեկնում է Թուրքիա` սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 9-ը «Տիեզերքի փոքրիկ արքայադուստր-2015» համաշխարհային գեղեցկության մրցույթին` «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով:
«Իրավունքի» հետ զրույցում փոքրիկի պրոդյուսեր ԱԼԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասաց. «Չէինք պատկերացնում, որ կրկին կստանանք մրցույթին մասնակցելու պաշտոնական հրավեր: Էլենին հրավիրել են ե՛ւ որպես անցած տարվա Գրան Պրի մրցանակակիր, ե՛ւ որպես այս տարվա մասնակից: Մեր գերնպատակն է` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ մասնակցել այս մրցույթին»,- նշեց պրոդյուսերն ու մտավախություն հայտնեց, որ կլինեն նաեւ խոչընդոտներ, բայց իրենք մեկնում են միայն հաղթելու նպատակով:
«Իրավունքի» այն հարցադրմանը, թե ինչպես են ապահովագրել իրենց անվտանգությունը Թուրքիայում, Ա. Հակոբյանն ասաց, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր զբաղվելու են այդ հարցերով.
- Մենք մեր անվտանգությունն ապահոված` գնում ենք: Քանի որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, մենք սկզբունքորեն ենք գնում մասնակցելու: Անցյալ տարվա մրցույթից կան տեսագրություններ ու լուսանկարներ. Էլենը միակ մասնակիցն էր, որ դրոշով էր բեմի վրա` այն էլ Եռագույնով` Թուրքիայի բեմում:
- Ինչպե՞ս է երեւալու, որ փոքրիկը Թուրքիայի բեմից «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով է ներկայանում:
- Գնում ենք Թուրքիա եւս մեկ անգամ խոսելու` «Հիշում եմ եւ պահանջում» խորագրի մասին, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ 5 տարեկան երեխան անցյալ տարի Եռագույնն է բարձրացրել, այս տարի, այդ նույն բեմի վրա իր զգեստներով է խոսելու 100-րդ տարելիցի մասին: Բացի այդ` մրցույթի ընթացքում մեծ էկրանների վրա կլինի նաեւ տեսաբացիկ, որը նկարահանել ենք Ծիծեռնակաբերդում: Ճանաչողական տեսաբացիկը մոտ օրերս հասանելի կլինի նաեւ համացանցում:
- Իսկ Թուրքիան տեսնելով տեսաբացիկը` չի՞ խոչընդոտի:
- Կարծում եմ` կխոչընդոտեն, բայց մեր թիմը հստակ որոշում կայացրեց` տեսաբացիկը նկարահանել հենց հուշահամալիրի տարածքում, որպեսզի թուրքը եւս մեկ անգամ համոզվի, որ չնայած 100 տարի է անցել` նույնիսկ այս սերունդը չի մոռացել եւ պահանջում է: Տեսաբացիկում երեխան անգլերենով անուն ազգանունն է ասում, տարիքը, նախասիրությունները եւ քայլելով գնում է դեպի հուշահամալիր, ծաղիկներ դնում ու աղոթում անմար կրակի մոտ` նահատակների հոգիների խաղաղության համար: Այդ ամենը Թուրքիայում եթեր է գնալու հենց մրցույթի ժամանակ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
