«ԵՐԲ ՍԿՍՈՒՄ ԵՄ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՊԵՐՄՅԱԿՈՎԻՑ, ՆԱ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՎՐԴՈՎՎՈՒՄ Է»
Արխիվ 12-16«ԵՐԲ ՍԿՍՈՒՄ ԵՄ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ ՊԵՐՄՅԱԿՈՎԻՑ, ՆԱ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՎՐԴՈՎՎՈՒՄ Է»
Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում Միացյալ երիտասարդական լիգայի ¥ՄԵԼ¤ նախագահ ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ անդրադարձավ վերջին ժամանակներս Հայաստան մուտք գործած նոր աղանդներին: Դրանցից մեկը` «Արտաշատի շնորհք եւ զորությունը» գործում է Արտաշատում: Ս. Հովհաննիսյանի խոսքով՝ դրա մասնակիցները շատ չեն` 20-30 հոգի, եւ համարվում է ավետարանական հավատքի եկեղեցի: «Անցկացնում են հավաքներ ինչ-որ տան մեջ, իբրեւ խոսում են Ավետարանից: Սակայն մեծ հաշվով, բոլոր աղանդների հիմքում ընկած է գումար աշխատելը, այլ ոչ թե քարոզներ կամ քրիստոնեություն պրոպագանդելը»:
Սակայն շատ ավելի մեծ հետաքրքրություն ներկայացրեց Ս. Հովհաննիսյանի մյուս բացահայտումը: Խոսքը «Աստծո կյանք» կառույցի մասին է, որն ըստ բանախոսի՝ այս տարվա մայիսին է Հայաստան ներթափանցել. «Այս մասին ես ավելի վաղ եմ ասել ասուլիսներից մեկի ժամանակ, որ նոր աղանդ է ներթափանցելու: Ղեկավարի անունը Արմեն Առաքելյան է, ով ինձ սպառնացել է, որ օրենքը շրջանցելով՝ ինձ պատժելու է: Ինձ ասաց, որ «Վիվասելում» ծանոթներ ունի, կարող է ձայնագրություն հանել, որը, ինչպես գիտեք, հնարավոր է միայն դատական կարգով: Ինձ ուղղված նրա սպառնալիքները կարող եք լսել ձայնագրության մեջ: Առաքելյանն իր հիմնական գործունեությունը ծավալում է Կապան քաղաքում, իսկ Երեւանում` Լեւոն Բարդակչյանի Երեւանի Ավետարանական եկեղեցու հովանու ներքո է գործում: Հանդիպումներ են կազմակերպում Վաղարշ Վաղարշյան փողոցում գտնվող «Սերլի» սրճարանում, որտեղ գտնվում է Ավետարանական եկեղեցին: Նրանց պնդմամբ՝ դեռ անդամներ չունեն, ինչ-որ դասընթացներ են սկսել Կապան քաղաքում` պատրաստելով հայ միսիոներներ»:
Սակայն ամենահետաքրքիրը բանախոսի հաջորդ միտքն էր, ըստ որի՝ «Աստծո կյանքը» նախապատրաստվել է Հայաստան ներթափանցել դեռեւս այս տարի հունվարի 15-ին՝ ոճրագործ Պերմյակովի կողմից իրականացրած դաժան սպանությունից անմիջապես հետո: Թե որն է Պերմյակովի եւ տվյալ աղանդի անուններն իրար կողք դնելու իմաստը, Ս. Հովհաննիսյանը միայն նշեց. «Արմեն Առաքելյանը հիմնականում գործունեություն է ծավալում Մոլդովայի, Ուկրաինայի բանտերում` իրականացնելով քարոզներ եւ իբրեւ շատ կալանավորների դարձի է բերել: Երբ նրան սկսում եմ հարցեր տալ Պերմյակովից, նա անմիջապես վրդովվում է եւ սկսում ինձ սպառնալ, թե շարունակես՝ կպատժեմ»:
Ս. Հովհաննիսյանը պնդում է, որ կա ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է Առաքելյանը սպառնում իրեն՝ այդ հարցերը տալու կապակցությամբ: Ավելին` բանախոսը ներկայացրեց լուսանկար՝ բացատրելով. «Նկարում Վլադիմիր Գլատկինն է, ով Ուկրաինայի «Հույս, հավատ, սեր» աղանդի ղեկավարն է, ով սերտ կապերի մեջ է Պերմյակովի հոր հետ, որն էլ իր հերթին Ռուսաստանի Չիտա քաղաքի «Հույս, հավատ, սեր» աղանդի հոգեւոր հովիվն է: Այս տարվա հունվարի 15-ին ոճրագործությունից հետո Պերմյակովի քույրը` Լյուդմիլա Պոկիպելսկայան Odnoklassniki սոցիալական ցանցով բացում է «Ի պաշտպանություն Վալերի Պերմյակովի» էջ, անցկացնում է ստորագրահավաք, թե իբրեւ նրա եղբայրը մեղավոր չէ, եւ պետք չէ հարցը քաղաքականացնել: Ես այդ կայքում գրանցված եմ եղել ռուսական անուն ազգանունով, եւ այդ կերպ շահելով վստահություն` Լյուդմիլան սկսեց ինձ պատմել, թե իր եղբայրը մեղավոր չէ, նրան դրդել են դրան: Երբ նա տեղեկացավ իմ իրական ազգության մասին, ինչ նպատակներով եմ հարցեր տալիս, միանգամից փոխեց իր տեսակետը` ասելով, թե ոչ մի կապ չունեն Վալերիի հետ, լրատվամիջոցներից են տեղեկանում գործի մասին: Երբ ես նրան ուղարկեցի Գլատկինի նկարը, նա սկսեց իմ հարցերին ընդհանրապես չպատասխանել: Իսկ մինչ այդ, պատրաստ էր «սկայպով» ինձ հետ խոսել»:
Բանախոսի պնդմամբ՝ Գլատկինը աշխատում է նաեւ զինվորականների ուղղությամբ. «Ներքուստ վստահ եմ, որ Պերմյակովը պատվեր է կատարել, որի արմատները տանում է Ուկրաինա: Հնարավոր է՝ դրա դիմաց մեծ գումարներ են ստացել, որպեսզի խաթարեն հայ-ռուսական բարեկամական կապը»:
Իսկ թե ինչ-որ կա՞պ է տեսնում Սեւակը այս ամենի եւ Հայաստան մուտք գործած աղանդի միջեւ, բանախոսը միայն նշեց, որ դա արդեն ազգային անվտանգության բացահայտելու խնդիրն է, եւ որ նա չի ցանկանում այս առումով շատ բան խոսել, քանի որ սա շատ նուրբ թեմա է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսագրությունը եւ ձայնագրությունը` iravunk.com կայքում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
