ՄԻ ՈՏՔՈՎ` «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-ՈՒՄ, ՄՅՈՒՍՈՎ` ՀԱԿ-ՈՒՄ
Արխիվ 12-16ՄԻ ՈՏՔՈՎ` «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-ՈՒՄ, ՄՅՈՒՍՈՎ` ՀԱԿ-ՈՒՄ
Այս տարի հունիսին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» շարժմանը միացել է «Հայոց Հայրենիք» կուսակցությունը, որի ղեկավարն է ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԸ: Սա այն կուսակցությունն է, որը մինչ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փետրվարյան հայտարարությունը` քաղաքականությունից դուրս գալու եւ «Եռյակի» հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին, սատարում էր ԲՀԿ-ին եւ, այսպես կոչված, Համազգային շարժմանը: Փետրվարի 14-ին անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ելույթին, «Հայոց Հայրենիքը» այն համարել էր տխրահռչակ եւ` ոչ միայն: «Հայաստանցին մեկ անգամ եւս համոզվեց, որ չունի ընտրված ղեկավար ու իշխանություն, այլ կա իշխանությունը զավթած ու ուզուրպացրած խունտա, որից օր առաջ, ժամ առաջ ազատվելը կենսական անհրաժեշտություն է»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Պարզվում է, որ կուսակցության ամիսներ առաջ արված հայտարարությունն այսօր էլ ուժի մեջ է: «Միանշանակ: Մենք մեր կարծիքը երբեք չենք փոխում: Հայտարարության մեջ` ելույթում ասվում է, որ դա երկրի ղեկավարին հարիր ելույթ չէր: Նույնը կրկնում ենք հիմա»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Անահիտ Եղոյանը:
– Հիմա է՞լ եք պնդում, որ մենք ունենք չընտրված իշխանություն եւ չընտրված ղեկավար:
– Այո: Մենք հիմա էլ ենք պնդում, որ չունենք լեգիտիմ իշխանություն:
– Բայց դուք եւ մի շարք այլ կուսակցություններ մաս եք կազմել «Հայկական վերածնունդ» շարժմանը, որի նախաձեռնողն Արթուր Բաղդասարյանն է` ՕԵԿ-ի ղեկավարը: Ըստ էության, Դուք միացել եք ՕԵԿ-ին, որը տարիներ շարունակ մաս է կազմել, Ձեր բնութագրմամբ, չընտրված իշխանությանը:
– Նախ ասեմ, որ մենք ՕԵԿ-ի կողքին չենք կանգնել: ՕԵԿ-ը նախաձեռնել է մի շարժում, որը կոչվում է «Հայկական վերածնունդ»: Արթուր Բաղդասարյանն է նախաձեռնել «Հայկական վերածնունդ» շարժումն ու գաղափարը: Երկրորդ` ցանկացած կուսակցության նպատակն է իր ծրագրերն իրագործել իշխանության միջոցով: ՕԵԿ-ն ի նպաստ ժողովրդի փորձել է իր ծրագրերն իրագործել իշխանության միջոցով: Կա՞ մեկ առաջնորդ ու պաշտոնյա, որն այս քսան տարվա ընթացքում հրաժարվել է իր պաշտոնից: Կարծում եմ` ոչ: Իսկ Արթուր Բաղդասարյանը երկու անգամ հրաժարվել է իրեն առաջադրված պաշտոնից: Իսկ հետո կուսակցությունը նպատակահարմար չի գտել իր գործունեությունը շարունակել իշխանության հետ:
– Դուք բարոյակա՞ն եք համարում, որ ՕԵԿ-ը, Ձեր խոսքերով, «չընտրված իշխանության» ու «հանցագործ խունտայի» հետ կոալիցիա է կազմել:
– Քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ ու բարեկամներ չեն լինում: Այդ հարցը տվեք ՕԵԿ-ին: Հիմա ժամանակին էդպես են նպատակահարմար գտել, էդպես են արել:
– Բայց դուք հիմա ՕԵԿ-ի կողքին ենք կանգնած:
– Մենք գաղափարի շուրջն ենք համախմբվել, ոչ թե կուսակցության: Նորից եմ կրկնում`քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ ու բարեկամներ չեն լինում: ՕԵԿ-ն ինքն է պատասխանատու իր քայլերի համար:
Կուսակցությունն իր հայտարարության մեջ նաեւ կոչ էր անում «մտահոգ բոլոր ուժերին միանալ համազգային շարժմանը, ինչպես նաեւ հայցել էր յուրաքանչյուրի աջակցությունը համազգային շարժմանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու անձամբ առաջնորդ Գ. Ծառուկյանին»: Սակայն պարզվում է, որ հայտարարության այս հատվածը ամբողջապես ուժի մեջ չէ. «Դե քանի որ ԲՀԿ-ն հրաժարվեց համաժողովրդական շարժման պատասխանատվությունից, կարծում եմ` ոչ: Եթե ԲՀԿ-ն իր սկզբունքներին հետեւեր եւ մինչեւ վերջ գնար, բնականաբար մեր հայտարարությունը կունենար իր ուժը: Մենք չէինք կարծում, որ միավորվել էինք մի ուժի կողքին, որը ժողովրդին անտեր կթողնի եւ ետ կկանգնի իր սկզբունքներից»,- բացատրում է իրենց դիրքորոշման փոփոխությունը Եղոյանը:
– Այսինքն` «Հայոց Հայրենիք» կուսակցության հայտարարության այդ կետն ուժը կորցրա՞ծ եք համարում:
– Իհարկե:
Սակայն ԲՀԿ-ի փեշի տակից ՕԵԿ-ի գիրկը թռնելը անհայտ կուսակցության` այսինքն «Հայոց Հայրենիքի» առաջին կերպարանափոխումը չէ: Հետաքրքրիր է, քաղաքական գործչուհուն ինչո՞վ չգոհացրեց Տեր-Պետրոսյանը (որի ՀԱԿ դաշինքի նախընտրական ցուցակում Եղոյանը զբաղեցրել էր 36-րդ հորիզոնականը), որ նա փետրվարին սահուն քայլերով «լքեց» նրան եւ անցավ Գագիկ Ծառուկյանի կողմը: Անգամ մասնակցեց ԲՀԿ նախկին առաջնորդի հրավիրած համաժողովին, որին չմասնակցեց ՀԱԿ կուսակցությունը: «Հայոց Հայրենիք» կուսակցության ղեկավարը հստակ պատասխան չի տալիս. «Տեր-Պետրոսյանին` որպես քաղաքական գործիչ ու հիմնադիր նախագահ, գնահատում եմ, բայց չեմ ուզում խոսել նրա մասին: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր ճանապարհը: Նախընտրական շրջանում ձեւավորվում են դաշինքները, որոնք պարտավոր չեն երկար ճանապարհ անցնել միասին: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ղեկավարած կուսակցությունը համագործակցում էին պրն Ծառուկյանի հետ: Իմ մասնակցելը համաժողովին ոչ մի օգուտ կամ վնաս չբերեց ՀԱԿ-ին»:
Իհարկե չբերեց, քանի որ ՀԱԿ-ը չի տրտնջում, չի դժգոհում, որ «Հայոց Հայրենիքը» դուրս չգալով ՀԱԿ դաշինքից` միացել է ՕԵԿ-ական «Հայկական վերածնունդ»-ին: Անգամ կուսակցությունը, որի անդամների թիվը այդպես էլ չասաց Անահիտ Եղոյանը, նախորդ տարի 682.000 դրամ է ստացել պետբյուջեից` ՀԱԿ-ի շնորհիվ:
Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքականության մեջ չէ, բայց «Հայոց Հայրենիքը» հո կա ու կա` հիմա էլ Արթուր Բաղդասարյանի փեշի տակ: Հետաքրքրիր է, այս անգամ ինչո՞վ չգոհացրեց Ծառուկյանը, որ տիկինը նախընտրեց Բաղդասարյանին: «Պրն Ծառուկյանն ու իր նախաձեռնած շարժումը չկարողացավ հասնել իր նպատակին: Ընդամենը նախագահի մեկ հայտարարություն եւ ԲՀԿ-ն պառակտվեց, Գագիկ Ծառուկյանն էլ հրաժարվեց քաղաքականությունից: Իսկ ում հետեւից պետք է գնային շարժման շուրջ համախմբված քաղաքական ուժերը: Եթե պրն Ծառուկյանը շարունակեր իր գործունեությունը, մենք կշարունակեինք մեր գործունեությունը: Նա դուրս եկավ քաղաքականությունից եւ թողեց քաղաքական դաշտը ամայի: Իսկ հիմա նույն գաղափարը ավելի լավ ու որակով նախաձեռնել է պրն Բաղդասարյանը, որի շուրջ համախմբվել է մոտ 140 ՀԿ: Եթե, Աստված չանի, Արթուր Բաղդասարյանը դուրս գա քաղաքականությունից, չնայած չեմ կարծում, ինչ պետք է անեն մյուս ուժերը: Մեր երկիրն ահավոր ծանր իրավիճակի մեջ է` արտագաղթ, քայքայված տնտեսություն»,- ներկայացնում է իր քաղաքական տանիքի փնտրտուքների մասին տիկին Եղոյանը:
– Այդ ամենի համար Արթուր Բաղդասարյանը պատասխանատվություն չի՞ կրում:
– Կարծում եմ` այդ հարցը կարող եք տալ պրն Բաղդասարյանին: Ես չեմ պատրաստվում պատասխանել նրա փոխարեն:
Այնուամենայնիվ, կուսակցապետուհին մեկ-երկու գովեստ շռայլում է. «Դե ես այստեղ եմ, ապա դա արդեն գնահատական է: Արթուր Բաղդասարյանը շատ կիրթ է, քաղաքականապես զարգացած: Նրա հետ կարելի է ճանապարհ անցնել»:
– Եթե անգամ նա, Ձեր բնութագրմամբ, ապօրինի իշխանության հետ կոալիցիա՞ է կազմել:
– Ապօրինի իշխանության հետ նա կարող է ճանապարհ չի անցել: Նա չէր կարող հրաժարվել իրեն վստահված քվեից: Կուսակցությունը, իմ կարծիքով, որոշել է` թեկուզ այդ ճանապարհով ինչ-որ բարեփոխում անել երկրի համար:
Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան համագործակցության մասին խոսակցություններ չի լսել «Հայոց Հայրենիք»-ի ղեկավարը, ավելին` դրանք անհեթեթ է համարում: Ռոբերտ Քոչարյանի մասին էլ լսել չի ուզում, նույնիսկ որեւէ քննարկում չի ցանկանում սկսել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ.- Ահա այսպիսի «սկզբունքային» «կուսակցություններն» են մարդահաշիվ դառնում ՕԵԿ-ի ռեբրենդինգ արած «Հայկական վերածնունդ»-ում: Մեկի հետ նախընտրական ցուցակ են ստեղծում` պետբյուջեից փողն են առնում, հետո թռնում են ավելի հարուստի մոտ` ակնկալիքով, թե մի փշրանք էլ իրենց բաժին կհասնի: Հետո թռչկոտում են մյուսի փեշի տակ... Եվ այսպիսինները դեռ խոսում են սկզբունքից, արդարությունից, օրինականությունից... Եվ ընդհանրապես` խոսում են ու խոսում: Իհարկե, հարցը այդ իրականում չեղած «կուսակցությունների» մասին չէ, այլ հարցը ՕԵԿ-ի մեջ է: Միթե Արթուր Բաղդասարյանը այդպես էլ չհասկացավ, որ զրոների, անգամ եթե դրանք 100 հատ են, գումարը զրո է, եւ վաղը այդ զրոները իրեն էլ կլքեն:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk