ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՉԻՆԱԿԱՆ» ՇՐՋԱԴԱՐՁԸ` ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄ ԼՈՒՐՋ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՉԻՆԱԿԱՆ» ՇՐՋԱԴԱՐՁԸ` ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄ ԼՈՒՐՋ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ
Հակառակ կողմնորոշումային կարծրատիպերին, որոնք առկա են մեր հանրության մեջ, ակնհայտ է, որ անկախության առավել բարձր մակարդակ ցանկացած երկրի համար ապահովում է տարբեր երկրների հետ ինտեգրացումը: Երկիրը կարող է գտնվել կոնկրետ որեւէ մեկ անվտանգության համակարգում` միաժամանակ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ զարգացնելով տարբեր ուղղություններով:
Այս առումով ուշադրության է արժանի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան: Լինելով ԵՏՄ անդամ երկիր եւ սերտ հարաբերություններ ունենալով ԵՄ երկրների հետ, Հայաստանը կարեւորում է նաեւ Արեւելքի եւ աշխարհի հզոր պետություններից մեկի` Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը:
Սրա դրական նշանակությունն ակնհայտ է` նկատի ունենալով Չինաստանի քաղաքական կշիռն աշխարհում, նրա տնտեսական զարգացման մակարդակն ու ներուժը, ինչպես նաեւ քաղաքական պարտադրանքներից զերծ արտաքին քաղաքականությունը` ի տարբերություն մասնավորապես արեւմտյան երկրների վերջնագրային պահանջներով ուղեկցվող հարաբերությունների:
Վերը նշվածի ապացույցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի` Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ՉԺՀ պետական խորհրդի նախագահի գնահատականն է հայ-չինական հարաբերություններին: Լի Քեցյանը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի վարչապետի այցը Չինաստան կնպաստի փոխգործակցության զարգացմանը եւ ամրապնդմանը:
Երկու երկրների վարչապետները փաստել են նաեւ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` մարտին կայացած պետական այցը ՉԺՀ երկու երկրների բարեկամական հարաբերությունները բարձրացրել է որակական նոր մակարդակի եւ նոր թափ հաղորդել հայ-չինական համագործակցությանը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, իսկ տնտեսական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Երկու երկրների վարչապետները կարեւորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Շեշտվել է առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:
Կոնկրետ արդյունքներից Հայաստանի վարչապետը նշել է վերջին տարիներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության էական` ավելի քան կես միլիարդ դոլարի հասնող աճը: Ուշագրավ է հատկապես Չինաստանի վարչապետի մոտեցումը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ծրագրերի` Իրան-Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նկատմամբ:
Լի Քեցյանը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցերում եւ պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության եւ այլ ոլորտներում: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցում չինական կողմի հետաքրքրությունը կարող է արմատական փոփոխություն առաջացնել այս նախագծի կյանքի կոչման հարցում:
Եթե Չինաստանը վերջնականապես համոզվի, որ այս նախագիծը էական տնտեսական շահավետություն կունենա եւ կտեղավորվի իր կողմից առաջ քաշված Մետաքսի ճանապարհի վերականգնման ծրագրի շրջանակներում, ապա երկաթուղու կառուցման համար ֆինանսական ներդրումների խնդիրը վերջապես հնարավոր կլինի լուծել: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներին, ապա ավելացել է հատկապես մեր երկրից Չինաստան արտահանման ծավալները:
Այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանից արտահանումը Չինաստան կազմել է 106 մլն դոլար` 2014-ի ութ ամիսների 81 մլն դոլարի համեմատ: Սա մեր արտահանման ընդհանուր ծավալների 12,5 տոկոսն է կազմել, որը զիջում է միայն դեպի Ռուսաստան մեր արտահանման բաժնին: 2014-ի տարեկան արդյունքներով էլ Չինաստան է արտահանվել մոտ 171 մլն դոլարի հայկական ապրանքներ` նախորդ տարվա 69 մլն դոլարի դիմաց, իսկ դեպի Չինաստան արտահանումը կազմել է ընդհանուրի 11,3 տոկոսը` 2013-ի 4,7 տոկոսի փոխարեն:
Այսինքն, ակնհայտ է հատկապես արտահանման ծավալների անընդհատ աճ դեպի այնպիսի հեռանկարային եւ մեծ շուկա, ինչպիսին չինականն է: Եթե երկու երկրների տնտեսական հարաբերություններում թեկուզ այս միտումը միայն պահպանվի, ապա դա էապես կնպաստի Հայաստանից արտահանման ծավալների աճին, դիվերսիֆիկացմանը եւ մեր արդյունաբերության զարգացմանը:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

