Զարմացած
Արխիվ 12-16
Փոխարտգործնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ շատ ճիշտ գնահատական է տվել Ադրբեջանի վերջին գործողություններին. «Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները` ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը: Այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների եւ ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է` քնած հային կացնահարելու եւ նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի եւ վարվելակերպի:
Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու եւ կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը»: Սակայն զարմանալի է, ինչու առհասարակ մեր փոխարտգործնախարարը պետք է անդրադառնա նրան, թե արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարությունը Ադրբեջանի ժողովրդի ապագան վտանգի ենթարկում է, թե ոչ: Ջհանդամը, թե չվտանգի, մեզ պետք է հետաքրքրի մեր երկիրը եւ մեր բնակչությունը:
Որոշ քարոզչամիջոցներ եւ ԶԼՄ-ներ Տավուշի վերջին սահմանային դեպքերի կապակցությամբ տարածում են խուճապարար լրատվություն: Զարմանալի է, որ այդ գործին լծվել են եւ ՕԵԿ-ի հսկողության տակ գտնվող կայքերը: Մինչդեռ ժամանակն է զրո հանդուրժողականություն որդեգրել ցանկացածի նկատմամբ, ով խուճապ է տարածում կամ տիրաժավորում է ադրբեջանական ապատեղեկատվական աղբ: Երեւի թե, այդպիսի վերաբերմունք պետք է դրսեւորել եւ ՕԵԿ-ի նկատմամբ, եթե այդ կուսակցությունը շտապ կարգի չհրավիրի իր վայ-քարոզիչներին: Իսկ ինչ վերաբերում է ռեալ իրավիճակին, մեր բանակի պատասխանն արդեն սկսվել է, եւ Տավուշի բնակիչ, պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ վկայությամբ` մեր գյուղերում որեւէ խուճապ չկա, իսկ ադրբեջանական սահմանամերձ գյուղերը մատնված են խուճապի:
Այս չորեքշաբթի Վերաքննիչ դատարանում քննվեց մեր վերաքննիչ բողոքը` Առաջին ատյանի դատարանի կողմից հօգուտ «Նոր սերունդ» ՀԿ-ի անդամ, համասեռամոլության երեք ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ կայացրած վճռի դեմ: Հուսով ենք, որ հոկտեմբերի 8-ին, երբ հրապարակվելու է դատական ակտը, ամեն ինչ տեղի կունենա, ելնելով պետական շահի գերակայությունից: Ընդհանրապես, Առաջին ատյանի դատարանի զարմանալի վճռում թերեւս դեր է խաղացել ակնհայտ օտարերկրյա միջամտությունը, քանզի անցյալ տարի Սորոսի հիմնադրամից «Նոր սերունդը» 4 հազար դոլարի վարկ էր ստացել, որի նպատակն էր հատկապես մեր դեմ դատական գործընթացին օժանդակելը. «Օժանդակել խտրականության դեմ ռազմավարական դատավարություններին: Մասնավորապես գործի շրջանակներում հարց է բարձրացվելու` արդյոք «Իրավունք» թերթի հրապարակման մեջ առկա է ատելության խոսք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ»: Կարծում ենք, տվյալ դեպքում պետության արժանապատվությունից է բխում` կասեցնել տարատեսակ արտերկրյա հիմնադրամների ցանկացած փորձերը, ազդելու մեր դատական համակարգի վրա:
Իսկ հայտնի աղանդապաշտպան ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էլ, զարմանալիորեն շարունակում է նենգ դավադրության փնտրտուքները նոր Սահմանադրությունում. «Կա որոշակի տեղեկատվություն, որ Սահմանադրության ընդունումից հետո Ընտրական օրենսգրքում հենց այդպիսի փոփոխություն է արվելու: Ընտրական ցուցակները լինելու են ռեյտինգային: Սա ի՞նչ է նշանակում, բերեմ օրինակ. ՀՀԿ-ն դնելու է իր թեկնածուներին, եւ Սյունիքի մարզպետը շատ լավ աշխատելու է, որ Սյունիքի մարզն ընտրի ոչ միայն կուսակցությանը, այլեւ իրեն, որպեսզի ինքն այդ ցուցակով բարձրանա վերեւ: Այսպես է լինելու նաեւ մյուս մարզերում, այսպես են աշխատելու մյուս հարուստները: Հետեւաբար, այդ ցուցակները դառնալու են մեծամասնական»: Դե ինչ, փառք տանք Արարչին, որ սույն պարոնը Սահմանադրությունում չի հայտնաբերել կետ, համաձայն որի ընտրություններից հետո ընտրողների վրա աղ են ցանելու եւ հում-հում ուտելու են:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

