«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼ Է «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԻՐԱՎՈՒՆՔԸ».ՓՈՐՁԱԳԵՏ
Արխիվ 12-16«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼ Է
«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԻՐԱՎՈՒՆՔԸ».ՓՈՐՁԱԳԵՏ
«Իրավունքը» գրել էր Հանքավանի «Լուսաբաց» ճամբարի դիմաց գտնվող անտառում տեղի ունեցած ծառահատման մասին: Հրապարակել էինք նաեւ բնապահպանության նախարարության կիսատ-պռատ գրավոր պատասխանը, որտեղ չէր նշվում ապօրինի ծառահատում կատարողի անունը, վարչական տուգանքի չափը եւ ձեռնարկված քայլերը, որոնց շնորհիվ անտառում այլեւս ծառահատման դեպքեր չեն լինի:
«Իրավունքը» բնապահպանության նախարարությանը օգոստոսի 29-ին ուղարկել էր մեկ այլ գրավոր հարցում` պահանջելով մեզ տրամադրել տեղեկություն ապօրինի ծառահատում կատարողի անվան, վարչական տուգանքի չափի եւ ձեռնարկված քայլերի մասին: Սակայն ստանում ենք հետեւյալ «անողնաշար» պատասխանը` նախորդ գրությամբ սպառիչ պատասխան տրվել է մեր հարցադրմանը: Մինչդեռ ակնհայտ է, որ առաջին հարցման մեջ մեր հարցերի պատասխանները չկան:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանական ծրագրերի ղեկավար Գեւորգ Հայրապետյանից «Իրավունքը» պարզեց` արդյոք նախարարությունը չի խախտել ԶԼՄ-ի տեղեկացված լինելու իրավունքը: «Բնապահպանության նախարարության պատասխանը տեղեկատվության մասին օրենքի խախտում է, քանի որ տեղեկատվության մասին օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` տեղեկությունները պետք է անձին տրամադրել հավաստի եւ տեղեկություն տնօրինողը պարտավոր է ամբողջական տեղեկատվություն տրամադրել: Նախարարության երկրորդ պատասխանն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ չկա իրավախախտողի անունը, բնակության հասցեն, իրավախախտման համար ենթարկված տույժի չափը չկա: Չկա նաեւ տեղեկություն, թե պետական կառույցը` բնապահպանության նախարարությունը որեւէ գործողություն արել է կանխարգելելու անտառում: Փաստացի նախարարությունը չի պատասխանել «Իրավունքի» հարցին, հետեւաբար խախտել է «Իրավունք» թերթի տեղեկություն ստանալու իրավունքը»,- ասաց Գեւորգ Հայրապետյանը:
Ինչո՞վ կարելի է բացատրել պատկան որոշ կառույցների նման աշխատելաոճը: Գեւորգ Հայրապետյանը դժվարացավ միանշանակ պատասխանել, քանի որ ԻԱԿ-ի փորձը ցույց է տալիս` նախարարություններ ու մարզպետարանները տարվա ընթացքում հինգ հարցմանը կարող են լիարժեք պատասխանել:
Ինչ վերաբերում է բնապահպանության նախարարության պատասխանին, ապա, ըստ փորձագետի, երեք վարկած կարելի է առաջ քաշել. առաջին` ուշադիր չեն եղել, չեն կարդացել առաջին հարցումը: Երկրորդ` միգուցե լրատվամիջոցի հարցը կասկածներ է առաջացրել, թե հանուն ինչի պետք է հարցմանը պատասխանի եւ որոշել է մերժել` չիմանալով, թե ինչպես: Երրորդ` նախարարությունը դիտավորյալ չի ցանկանում տրամադրել տեղեկատվություն:
Ի դեպ, Գեւորգ Հայրապետյանը տեղեկացրեց, որ լրատվամիջոցը կարող է դատական գործ հարուցել նախարարության դեմ` վերականգնելով իր տեղեկացված լինելու իրավունքը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
