«ՀԱԿ-Ն ԱՆՀԵՏԱՑՈՂ ՏԵՍԱԿ Է»
Արխիվ 12-16«ՀԱԿ-Ն ԱՆՀԵՏԱՑՈՂ ՏԵՍԱԿ Է»
Դեկտեմբերի 10-ին Սահմանադրական բարեփոխումների նախագիծը կդրվի հանրաքվեի, եւ ՀՀ քաղաքացին իր «այո» կամ «ոչ»-ով կորոշի մայր օրենքում կլինե՞ն փոփոխություններ, թե` ոչ: Իսկ մինչ այդ, արդեն իսկ որոշակի առումով ձեւավորվել է քաղաքական ուժերի «այո» եւ «ոչ» ասողների ճամբարները, ինչի վրա հենվելով էլ` «Իրավունքը» «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ հետաքրքրվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի հնարավոր ճակատագրի մասին.
–Խորհրդարանական դաշտը մի քիչ պարզեցվեց: Ամենակարեւորը` ԲՀԿ-ի ցենտրիստական, կենտրոնամետ լինելը հաստատվեց, որովհետեւ հիմա նրանք, կարծես թե, պաշտպանում են սահմանադրական բարեփոխումները: Սա կարելի է տարբեր ձեւ մեկնաբանել, բայց միանշանակ է, որ ընդդիմությունը միավորվելու նշույլներ չունի: «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը կդառնան արմատական ընդդիմություն` մերժողական դիրքորոշումով: Իսկ ՀՅԴ-ն որոշ վերապահումներով կպաշտպանի նոր սահմանադրությունը: Այսինքն` շանսեր կան, որ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի, այն կընդունվի: Միայն մի վտանգ կա, որ իշխանության մեջ այն կարող է պառակտում մտցնել, որովհետեւ նրանց մի մասի համար սահմանադրությունը կնշանակի պաշտոնների կորուստ կամ եղած պաշտոնների հզորության նվազեցում: Բայց, այդուհանդերձ, համայնքների գերակայող մասը` մոտ 80 տոկոսը, վերահսկվում է Հանրապետական կուսակցության կողմից, եւ մեծ հավանականություն կա, որ նրանք կարող է այդ լծակը օգտագործել, որպեսզի սահմանադրական այս փոփոխությունները հանրաքվեով հաստատվեն: Իսկ թե ինչ կլինի հետագայում, ժամանակի խնդիր է, որովհետեւ տարիներ են պետք, որպեսզի հասկանանք այս նոր սահմանադրության արդյունավետությունը: Չէ որ ՀՀ նախագահի պաշտոնը դառնում է ընդամենը ազգի միավորման խորհրդանիշ, եւ այն այլեւս ուժ չէ, հետեւաբար կարեւոր է, թե ով կլինի վարչապետը, որը կփորձի երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից:
– Իսկ նախնական ուսումնասիրություն ունե՞ք, թե հանրությունն ինչպիսի տրամադրվածություն ունի սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ:
– Տարիների ընթացքում մեզ մոտ դասական տվյալ է ձեւավորվել` էլեկտորատի 40 տոկոսը ընդդիմադիր ուժերին է հարում, 60 տոկոսը` իշխանությանը: Ուղղակի, այսօր, քանի որ արտագաղթում է միջին դասը, որը սովորաբար իշխանամետ է, մենք պետք է նոր հարցումներ անցկացնենք: Հոկտեմբերի առաջին շաբաթը կիրականացնենք այն ու արդեն կիմանանք, թե նոր սահմանադրության ձայների վերաբաշխումն ինչպես տեղի կունենա, ինչը հնարավորություն կտա կանխատեսումներ անել հետագայի համար: Սակայն նշեմ, որ նախորդ հարցման համաձայն, սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները բավականին համեստ թիվ էին կազմում: Թեպետ այն ժամանակ դեռ խոսակցություններ էին, ու այն օրակարգային խնդիր չէր, մինչդեռ այսօր արդեն որոշված է հանրաքվեի օրը:
– Սահմանադրական բարեփոխումների ֆոնին` ի՞նչ կասեք 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ու ներկայիս ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների վարկանիշների մասին:
– Շատ հնարավոր է լինի ԲՀԿ-ի պառակտում, եթե այն ֆինանսավորում չունենա` քարոզարշավը կազմակերպելու համար: Սա շատ լուրջ խնդիր է, ու դրա համար շատերը գնացին «Բարգավաճ Հայաստանից»: ԲՀԿ-ն ուներ մոտ 70 գյուղապետ, հիմնականում` Կոտայքի մարզում, հիմա պարզ չէ, թե նրանցից քանիսը կմնան կուսակցությունում: ՕԵԿ-ը կարող է պահպանել իր ուժերը, այն առումով, որ համայնքներ կան, որտեղ գյուղապետերը ՕԵԿ-ական են: ՀՅԴ-ն նույնպես կպահպանի իր ուժերը, որովհետեւ 35 համայնքում էլ ինքն ունի գյուղապետեր: Իսկ «Ժառանգությունը» ՏԻՄ ընտրություններում երբեք ներկայացված չի եղել, ի տարբերություն մյուս խմբակցությունների, որոնք անգամ նախարարներ ու փոխնախարարներ են ունեցել:
– Չանդրադարձաք միայն ՀԱԿ-ին...
– ՀԱԿ-ն անհետացող տեսակ է, որովհետեւ ներկա վիճակում, ուղղակի, քաղաքական կարգախոսներով ձայներ գրավելը միշտ պրոբլեմային է: Մարդիկ սպասում են ավելի լուրջ աջակցություն` պաշտոն կամ նյութական բարելավում, որպեսզի ձայն տան, հարեն, դառնան ակտիվիստ եւ այլն: Մինչդեռ ՀԱԿ-ն այդ կարողությունները կորցրել է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

