ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ, ԹԵ ՆՈՐԻՑ ԱՆԻՄԱՍՏ ՋՈՒՐԾԵԾՈՑԻ
Արխիվ 12-16ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ, ԹԵ ՆՈՐԻՑ ԱՆԻՄԱՍՏ ՋՈՒՐԾԵԾՈՑԻ
Թե կոնկրետ ինչ էր պատրաստվում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գերագույն անսամբլեայի նստաշրջանի շրջանակներում քննարկել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ, այսինքն՝ ինչ օրակարգ է բանակցային սեղանին դնում Մինսկի խումբը, ի սկզբանե էլ բավականին բան պարզ էր: Մասնավորապես նախօրեին իր հարցազրույցներից մեկում Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի ակնարկից, որ հիմնական թեմաներից է լինելու հայ-ադրբեջանական սահմանային ծանր իրավիճակը, որը հատկապես սրվեց այս ամսվա սկզբներին:
Ի դեպ, այդ օրերին առիթ ունեցել էինք կարծիք հայտնել, որ սահմանային բախումների շիկացումը եւ գնալով «ծանրացող» զինատեսակների կիրառումը կարելի է նաեւ բացատրել այդ բարդ իրողությունների վրա բանակցային գործընթացը շեղելու ձգտումով: Այսինքն՝ մի քանի ամիս շարունակ Ուորլիքն ակնարկում էր բանակցություններում բեկում մտցնելու եւ այդ նպատակով մինչեւ իսկ կողմերի նախագահներին ¥եւ առաջին հերթին՝ Իլհամ Ալիեւի, հաշվի առնելով նրա նկատմամբ գնալով ծանրացող ամերիկյան ճնշումների փաստը¤ «նոր պարտավորություններ» առաջադրելու մասին: Իսկ այդ պարտավորություններից խուսափելու տարբերակ կարող էր դառնալ սահմանային բախումների ակտիվացման միջոցով համանախագահներին գոնե եղած մակարդակը պահպանելու վրա կոնտրոնացնելը: Եվ ահա Ուորլիքը, երբ սահմանային բախումների թեման համարում է նյույորքյան հանդիպման առանցքային կետերից, դա հուշում է, որ Բաքվի այդ խաղերը գոնե մասամբ իրենց էֆեկտն ունեցան: Մասամբ, քանի որ մինչ այս վերջին սրացումները՝ համանախագահները կենտրոնացած էին Նյու Յորքում նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու վրա:
Ընդ որում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ՄԱԿ-ի նստաշրջանին, ինչը նաեւ ժեստ է՝ նա, այսպես ասած, բանակցային գոտում է, իսկ Իլհամ Ալիեւը խուսափում եւ Նյու Յորք չի գալիս ¥եթե միայն վերջին պահին միտքը չփոխի): Եվ նկատենք, որ այս հանգամանքը եւս հուշում է, որ «նոր պարտավորություններ» ասվածն առաջին հերթին Բաքվին է մտահոգում:
Չնայած, եթե իրոք սահմանային սրացումներն այդ բանակցային կոնկրետացումներից խուսափելու իմաստ ունեին, էֆեկտը կլինի կարճաժամկետ: Իր նույն հարցազրույցում Ուորլիքը Նյու Յորքի հանդիպման հիմնական իմաստը, ամեն դեպքում, համարում է ոչ թե այդ սահմանային թեմաները, այլ նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը, այն էլ արագորեն՝ մինչեւ տարեվերջ: Ու այս հանդիպմանը այդ «նոր պարտավորությունները», ամենայն հավանականությամբ, առաջ կքաշվեն: Իսկ նոր սահմանային բախումներով իրավիճակը ձգձգելու հարցում Բաքուն արդեն լուրջ սահմանափակումներ ունի: Մասնավորապես՝ նոյեմբերի 1-ին պետք է անցկացնի խորհրդարանական ընտրություններ, եւ Ղարաբաղում հրթիռահրետանային համակարգերով «համեմված» զինադադարային խախտումները դժվար է ասել, թե ինչ հոգեբանական էֆեկտ կարող են ունենալ ադրբեջանցի ընտրողի վրա: Մինչդեռ՝ ադրբեջանցի ընտրողի կարծիքն այս անգամ ունի համեմատաբար կարեւոր նշանակություն. «ավանդական» ընտրական մեթոդները մի փոքր վտանգավոր են դարձել: Նկատի ունենք, որ արեւմտյան ճնշումներն Ալիեւի նկատմամբ միայն խորանում են, իսկ կոպիտ խախտումներով «հաղթած» ընտրությունները «հեղափոխության» լավագույն առիթներից են: Առավել եւս, որ այս օրերին Բաքուն Արեւմուտքից մի գլուխ «կեղծված ընտրություններ» թեմայով պերճախոս մեսիջներ է ստանում: Բերենք վերջին փաստերը. օրերս Բաքու այցելած ԵԽԽՎ պատվիրակությունը, որը պետք է հետեւեր խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական իրավիճակին, ինչպես եւ ենթադրել էինք՝ միանգամայն մռայլ գույներով նկարագրեց իրավիճակը: Այդ «փոխանցումն» ընդունելով՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան տեղեկացրեց, որ իրենց դիտորդական պատվիրակությունը չի մասնակցի ընտրություններին: Եվ եթե այդ եւ եվրոպական այլ կառույցների նմանատիպ սպառնալիքներն իրականանան, ապա էս գլխից էլ կարելի է ասել, որ Արեւմուտքն ադրբեջանական ընտրությունները կհռչակի ոչ լեգիտիմ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Ու այս իրավիճակում նաեւ Ղարաբաղում իրավիճակը ռազմականորեն սրելը շատ դժվար կլինի մարսել:
«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ
Ճիշտ է, որպես դիմադրության փորձ, Բաքվի մի շարք վերլուծաբաններ ակտիվորեն այն սպառնալից թեզն են տարածում, թե Արեւմուտքն այս կերպ Ադրբեջանին ուղղորդում է դեպի ռուսական հարթություն: Օրինակ՝ Կոնստրուկտիվ քաղաքականության հիմնադրամի ռուս քաղտեխնոլոգ համարվող եւ ադրբեջանական ծագում ունեցող տնօրեն Աբդուլ Նագիեւը մինչեւ իսկ ակնարկում է, թե՝ Բաքուն ոչ միայն հայացքը դեպի Ռուսաստան շուռ կտա, այլեւ նույնիսկ կհամաձայնի հայ-ադրբեջանական շփման գոտում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարի հետ, ինչը, ըստ նրա, դեռ 1994-ին ԱՄՆ-ն էր համոզել Հեյդար Ալիեւին՝ ոչ մի կերպ թույլ չտալ:
Այլ հարց է, թե ինչքանով Արեւմուտքն այս ճնշումները «ծանր կտանի»՝ հաշվի առնելով, որ Բաքվի եւ Ալիեւի տարիներով կուտակած նավթագազային կապիտալն իր բանկերում է՝ որպես յուրօրինակ քաղաքական հավատարմության երաշխիք: Ընդ որում՝ ադրբեջանական չինովնիկների նկատմամբ պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ Ալիեւը արդեն իսկ Եվրոպայից սկսել ստանալ: Ամեն դեպքում Բաքվի` դեպի Ռուսաստան շրջվելը կարող է ցույց տալ մեկ պարզ գործոն՝ եթե Ադրբեջանը պաշտոնապես հայտարարի, որ ցանկանում է անդամակցել ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին:
Այսպիսով՝ հենց այս «բագաժով» էլ Մամեդյարովը մեկնել է Նյու Յորք, էլ չասած, որ նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ ավելի բարդ իրավիճակում. այն հաստատ կլինի ադրբեջանական ընտրություններից հետո, այսինքն՝ Ալիեւը կարող է հանդիպման ներկայանալ «վերջին բռնապետը» կարգավիճակով: Մինչդեռ այն, որ բանակցային այս փուլն իրոք բավականին ծանր է լինելու, հուշում է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան. «Համանախագահները եւ, մասնավորապես, ամերիկյան համանախագահը... ավելացրել են ջանքերը` հակամարտության կարգավորման ուղղությամբ»:
Իսկ թե կոնկրետ ուր կուղղվեն այդ «ավելացված ջանքերը», միակ հավանական տարբերակը դեռ մնում է «Մադրիդյան սկզբունքների» այսպես ասած՝ նորացված տարբերակը: Հենց այդ «նորացված» մասն է, որ դեռ մնում է բանակցային կուլուարներում, թեեւ որոշ ակնարկներ եղել եւ այս օրերին էլ են այդ մասին: Օրինակ՝ հիշատակված քաղտեխնոլոգ Ա. Նագիեւը տարածաշրջանում ռուսական խաղաղարարներ տեղակայելու իր խոսքը շարունակում է այս կերպ. «Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը հետաձգվում է, բայց արդեն ռուսական զինված ուժերի երաշխիքով: Զուգահեռաբար բացվում է հայ-թուրքական սահմանը, մեկնարկում է Բաքվի եւ Երեւանի մեջ լարվածության թուլացմանը միտված քաղաքական գործընթաց: Ադրբեջանը ստանում է վերահսկողություն` օկուպացված շրջանների նկատմամբ»: Մի խոսքով՝ նույն «Մադրիդյան սկզբունքներն» են, բացառությամբ՝ ԼՂՀ կարգավիճակի հարցում ոչ թե արագորեն հանրաքվե կանցկացվի, այլ՝ ռուսական երաշխիքով դա, թերեւս, ֆիքսած ժամանակով կհետաձգվի: Իսկ ահա ռուս քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին մի փոքր ավելի է մանրամասնում. «Ամենայն հավանականությամբ, բաղադրատոմսը վերջին տարիներին շատ չի փոխվել: Խոսքը այսպես կոչված օկուպացված տարածքների վերադարձի մասին է: Բայց ոչ բոլորը, այլ միայն 5-ը, ընդ որում՝ աստիճանաբար... Իսկ դրա դիմաց Հայաստանն ի՞նչ է ստանալու: Ուղղակի ու ոչ ուղղակի փոխհատուցում, Ռուսաստանի նոր ռազմական երաշխիքներ: Հնարավոր է, որպես տարբերակ լինի նաեւ Սիրիա բեռնափոխադրումների տարանցիկ կենտրոն ստեղծելու անվան տակ Հայաստանում եւ Ադրբեջանում ռուսական բազաների տեղակայման բարդ սխեման...»:
Ուղղակի ու ոչ ուղղակի փոխհատուցում. թերեւս պետք է հասկանալ, թե դրա տակ ինչ կարող է լինել ու թե ինչքանո՞վ կարող է Հայաստանին պետք լինել՝ այդ պայմաններով համաձայնել Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետաձգելու հետ:
Չնայած՝ կարծես թե բանակցային այս արագացման արմատներն էլի դեպի Սիրիա են տանում: Նույն ՄԱԿ-ի գագաթաժողովում չի բացառվում, որ Սիրիայի հետ կապված լինի գլոբալ համաձայնություն, իսկ դրանից հետո հարց է, թե Ղարաբաղի հետ կապված այս ակտիվացումը կշարունակի՞ համարվել օրակարգային հարց:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk