ՄԻՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԼՈԼՈ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ԹՇՆԱՄԻՆ ԿՐԱԿՈՒՄ Է
Արխիվ 12-16ՄԻՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԼՈԼՈ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ, ԹՇՆԱՄԻՆ ԿՐԱԿՈՒՄ Է
Նալբանդյան-Մամեդյարով նյույորքյան հանդիպման նախաշեմին մազութային սուլթանատը նախաձեռնել է աննախադեպ ռազմական սադրանք: Ինտենսիվորեն գնդակոծելով Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը` այս անգամ արդեն նշանառու կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, եւ արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր կան: Պարզ է, որ միջազգային մեկուսացման մեջ հայտնված այդ քվազիպետությունը ձգտում է բանակցությունների նախաշեմին կիրառել իր սիրելի միջոցը` շանտաժը:
Այն, ինչ տեղի է ունենում մեր սահմաններում, արդեն ոչ միայն ռազմական միջադեպերի, այլ նույնիսկ պատերազմի տրամաբանության եւ կանոնների մեջ չի տեղավորվում: Քաղաքացիական բնակչության վրա կրակելը միշտ էլ համարվել է ամենազազրելի պատերազմական հանցանքը, սակայն թուրքի պարագայում դա միանգամայն այդ ցեղատեսակին բնորոշ վարքագիծ է: Դրա դեմ գոյություն ունի ընդամենը մեկ միջոց` համարժեք պատիժ, ու այս պայմաններում լրիվ անթույլատրելի է որոշ քարոզչամիջոցների վարքագիծը: Դրանք ոչ միայն տիրաժավորում են ադրբեջանական ԶԼՄ-ների ստերը, այլեւ շարունակում են բնակչությանը հրամցնել զազրելի քաղաքական բլեֆ, իբր շատ շուտով ռուսական խաղաղապահները Արցախը կխլեն մեզանից եւ կհանձնեն թուրքին:
Գումարած դրան` ոչ քիչ թվով վարձու տականքներ փորձ են կատարում համացանցում խուճապ հարուցող լուրեր տարածելու:
Անշուշտ, ողջունելի է, որ ԱԱԾ-ն վերջապես նախազգուշացրեց Զարուհի Փոստանջյանին` սադրիչ կոչերի համար քրեական պատասխանատվության մասին: Սակայն կենսական անհրաժեշտություն է դարձել խստագույնս պատժել բոլոր նրանց, ովքեր գտնվելով երկրի ներսում, մասնակցում են երկրի դեմ մղվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմին` փաստացի գործակցելով թուրքի հետ: Այդպիսիների նկատմամբ միայն մեկ գործելակերպ է ընդունելի` զրո հանդուրժողականություն: Այժմ այն իրավիճակը չէ, որ մեզ կարողանանք թույլ տալ շպիոնօնիկներ ունենալու ճոխություն:
Ի դեպ, նույն Զարուհի Փոստանջյանի շուրջ հիմա էլ ծավալվել է մեկ այլ գործընթաց` ստորագրահավաք ընդդեմ ԱԱԾ-ի: Սակայն ուրախալի է, որ անգամ ամենահակաիշխանական շրջանակներում արդեն գտնվում են մարդիկ, ովքեր չեն ցանկանում մասնակցել այդ դատապարտելի գործին եւ բացեիբաց քննադատում են այդ կասկածելի գործունեությամբ զբաղվողներին:
Ինչպես միշտ, իրեն շատ տգեղ է պահում ՀԱԿ-ը: Երբ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու զազրելի դեպքը, ՀԱԿ-ն ու իր արբանյակ ՀԺԿ-ն եղան միակ քաղաքական ուժը, որը հայտարարությամբ այդ միջադեպի մեղքը բարդեց իշխանությունների վրա: Դա այն դեպքում, երբ նույնիսկ ծայրաստիճան վրդովված եւ բողոքի ակցիայի դուրս եկած ազատամարտիկները իրենց թույլ չէին տալիս այդպիսի կատեգորիկ գնահատականներ:
Հետագան եղավ ավելի արգահատելի: Երբ ՀԱԿ-ում տեսան, որ քննությունը բավականին արդյունավետ ընթանում է, որ ՀՀԿ-ն անվերապահորեն դատապարտում է տեղի ունեցածը, որ ինքը` Սմբատ Հակոբյանը, միանշանակ պնդումներ չի անում, թե դա իշխանության պատվերն է, նրանք սկսեցին վատաբանել Սմբատ Հակոբյանին, թե դա այն անձն է, որը ժամանակին դրական է արտահայտվել Ռուբեն Հայրապետյանի եւ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ, իսկ քարոզչամիջոցներում ՀԱԿ-իստներն արդեն փորձեցին ամեն կերպ վարկաբեկել տվյալ ազատամարտիկին:
Փաստորեն, ՀԱԿ-ի անբուժելի հիվանդությունը մնում է նույնը` վատն են բոլոր նրանք, ովքեր թութակի պես չեն կրկնում ՀԱԿ-ի ասածները:
ԶՈՒՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹՆԵՐ
Անշուշտ կարեւոր իրադարձություններից մեկն այն է, որ ԲՀԿ խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել նոր Սահմանադրությանը: Այժմ դրա շուրջ ոմանք փորձում են կառուցել սեփական քարոզչությունը: Զորօրինակ, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը ձգտում են սեփական քաղաքական կապիտալը վաստակել ԲՀԿ-ին վատաբանելով: Իսկ ՕԵԿ-ը մինչեւ հիմա խուսափում է հստակ դիրքորոշումից, քանզի այդպես էլ վերջնական չի կողմնորոշվել, թե ում հետ եւ որ ուղղությամբ է շարժվելու 2017-ի ընտրություններին ընդառաջ:
Բնականաբար, բացի քաղաքականապես ամբողջովին արժեզրկված ՀԱԿ-ից եւ «Ժառանգությունից» ու արժեզրկումից միայն հսկայական ֆինանսական ռեսուրսով դեռեւս փրկվող ՕԵԿ-ից, կան եւ այլ ընդդիմադիր նախագծեր: Մեկը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» է, որն առայժմ զբաղված է քարոզչությամբ` Ռուսաստանի եւ ԱՄՆ հայկական համայնքներում` թերեւս որոնելով արտաքին հենարաններ, եւ մյուս կողմից «վայիս լինելով» ինչպես ամբողջ «նարնջագույն» ընդդիմության փային` ԱՄՆ-ում եւ Արա Աբրահամյանի հենարաններին` Ռուսաստանում: Իսկ մյուս նախագիծը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է:
Անունն իսկ արդեն հուշում է բնակչության կողմից չսիրված այնպիսի կատեգորիան, ինչպիսին է «լույսի մարդը»: Իսկ ինչ վերաբերում է գործունեությանը, ապա առայժմ ասպարեզում երեւում են լիբերալ-արեւմտամետ տեսահոլովակները, ուր պատկերված են այն «եվրոպական արժեքները», որոնք պետք է լինեն լուսավոր ապագա ունեցող Հայաստանում: Բայց հարկ է նշել, որ այդ տեսահոլովակները հիշեցնում են 1980-ականների 2-րդ կեսը, երբ ԽՍՀՄ-ում շատ-շատերը ապրում էին «քաղաքակիրթ Արեւմուտքի» մասին իդեալականացված, միֆականացված պատկերացումներով: Այսինքն` նման է, որ պարոն Մարուքյանը մինչեւ հիմա պահպանել է Արեւմուտքի եւ լիբերալ արժեքների մասին այն պատկերացումները, որոնք առկա էին, երբ նա կրտսեր դասարանների աշակերտ էր: Ու կամա թե ակամա ստացվում է, որ այդ նոր ընդդիմադիր նախագիծն իրականացնող պատգամավորը ռեալ կյանքից հետ է մնացել շուրջ 30 տարով, ու թեեւ Նիկոլ անունը կրում է մեկ այլ ընդդիմադիր նախագծի հեղինակը, բայց Էդմոն Մարուքյանի պարագայում ակամա հիշում ես ԽՍՀՄ տարիներին բավականին տարածված «Նիկոլի թվին» արտահայտությունը:
Ինչեւէ, քաղաքական ուժերը բավականին քիչ ժամանակ ունեն դիրքորոշվելու, թե ինչ վերաբերմունք են դրսեւորում Սահմանադրության նախագծի վերաբերյալ: Եվ քաղաքական հասունության քննություն կբռնեն նրանք, ովքեր հստակ դիրքորոշումով հանդես կգան, այլ ոչ թե կձգտեն անվերջ ձգձգումների, որպեսզի դիրքորոշումը հարմարեցնեն պահի քաղաքական կոնյուկտուրային կամ զուտ պոպուլիստական վարկանիշ հայթայթելու նպատակներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk