Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՄԻ ՈՏՔՈՎ` «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-ՈՒՄ, ՄՅՈՒՍՈՎ` ՀԱԿ-ՈՒՄ, ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԷԼ` ԱՆՑՅԱԼՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԻ ՈՏՔՈՎ` «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-ՈՒՄ,

ՄՅՈՒՍՈՎ` ՀԱԿ-ՈՒՄ


Այս տարի հունիսին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» շարժմանը միացել է «Հայոց Հայրենիք» կուսակցությունը, որի ղեկավարն է Անահիտ Եղոյանը: Սա այն կուսակցությունն է, որը  մինչ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  փետրվարյան հայտարարությունը քաղաքականությունից դուրս գալու եւ «Եռյակի» հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին սատարում էր ԲՀԿ-ին եւ այսպես կոչված համազգային շարժմանը: Փետրվարի 14-ին  անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ելույթին,  «Հայոց Հայրենիքը» այն համարել էր տխրահռչակ եւ ոչ միայն: «Հայաստանիցին մեկ անգամ ևս համոզվեց, որ չունի ընտրված ղեկավար ու իշխանություն, այլ կա իշխանությունը զավթած ու ուզուրպացրած խունտա, որից օր առաջ, ժամ առաջ ազատվելը կենսական անհրաժեշտություն է»,- ասված է կուսակցության  հայտարարության մեջ:


Պարզվում է, որ կուսակցության ամիսներ առաջ արված հայտարարությունն այսօր էլ ուժի մեջ է: «Միանշանակ: Մենք մեր կարծիքը երբեք չենք փոխում: Հայտարարության մեջ ելույթում ասվում է, որ դա երկրի ղեկավարին հարիր ելույթ չէր: Նույնը կրկնում ենք հիմա»,- «Իրավունքի»  հետ զրույցում ասաց Անահիտ Եղոյանը:


- Հիմա է՞լ եք պնդում, որ մենք ունենք չընտրված իշխանություն եւ չընտրված ղեկավար:

- Այո: Մենք հիմա էլ ենք պնդում, որ չունենք լեգիտիմ իշխանություն:


- Բայց դուք եւ մի շարք այլ կուսակցություններ մաս եք կազմել «Հայկական վերածնունդ» շարժմանը, որի նախաձեռնողն Արթուր Բաղդասարյանն է` ՕԵԿ-ի ղեկավարը: Ըստ էության, Դուք միացել եք ՕԵԿ-ին, որը տարիներ շարունակ մաս է կազմել Ձեր բնութագրմամբ չընտրված իշխանությանը:

-Նախ ասեմ, որ մենք ՕԵԿ-ի կողքին չենք կանգնել: ՕԵԿ-ը  նախաձեռնել է մի շարժում, որը կոչվում է  «Հայկական վերածնունդ»: Արթուր Բաղդասարյանն է նախաձեռնել  «Հայկական վերածնունդ» շարժումն ու գաղափարը: Երկրորդ`ցանկացած կուսակցության նպատակն է  իր ծրագրերն իրագործել իշխանության միջոցով: ՕԵԿ-ն ի նպաստ ժողովրդի  փորձել է իր ծրագրերն իրագործել իշխանության միջոցով: Կա՞ մեկ առաջնորդ ու պաշտոնյա, որն այս քսան տարվա ընթացքում  հրաժարվել է իր պաշտոնից: Կարծում եմ` ոչ: Իսկ Արթուր Բաղդասարյանը երկու անգամ հրաժարվել է իրեն առաջադրված պաշտոնից: Իսկ հետո կուսակցությունը նպատակահարմար չի գտել իր գործունեությունը շարունակել  իշխանության հետ:


- Դուք բարոյակա՞ն եք համարում, որ ՕԵԿ-ը Ձեր խոսքերով «չընտրված իշխանության»  ու «հանցագործ խունտայի» հետ կոալիցիա  է կազմել:

- Քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ ու բարեկամներ  չեն լինում: Այդ հարցը տվեք ՕԵԿ-ին:  Հիմա ժամանակին   էդպես են նպատակահարմար գտել, էդպես են արել:

-Բայց դուք հիմա ՕԵԿ-ին կողքին ենք կանգնած:

- Մենք գաղափարի շուրջն ենք համախմբվել, ոչ թե կուսակցության: Նորից եմ կրկնում`քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ ու բարեկամներ  չեն լինում: ՕԵԿ-ն ինքն է պատասխանատու  իր քայլերի համար:


Կուսակցությունն իր հայտարարության մեջ նաեւ կոչ էր անում «մտահոգ բոլոր ուժերին միանալ համազգային շարժմանը, ինչպես նաեւ  հայցել էր  յուրաքանչյուրի աջակցությունը համազգային շարժմանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությանն ու անձամբ առաջնորդ Գ. Ծառուկյանին»: Սակայն պարզվում է, որ հայտարարության այս հատվածը  ամբողջապես ուժի մեջ չէ. «Դե քանի որ ԲՀԿ-ն  հրաժարվեց համաժողովրդական շարժման պատասխանատվությունից, կարծում  եմ` ոչ:  Եթե ԲՀԿ-ն իր սկզբունքներին հետեւեր եւ մինչեւ վերջ գնար, բնականաբար մեր հայտարարությունը կունենար իր ուժը: Մենք չէինք կարծում, որ միավորվել էինք մի ուժի կողքին, որը ժողովրդին  անտեր կթողնի եւ ետ կկանգնի իր սկզբունքներից»,- բացատրում է իրենց դիրքորոշման փոփոխությունը Եղոյանը:


-Այսինքն` «Հայոց Հայրենիք» կուսակցության հայտարարության այդ կետն ուժը կորցրա՞ծ եք համարում:

- Իհարկե:


Սակայն ԲՀԿ-ի փեշի տակիս ՕԵԿ-ի գիրկը թռնելը անհայտ կուսակցության` այսինքն «Հայոց հայրենիքի» առաջին կերպարանափոխումը չէ: Հետաքրքրիր է, քաղաքական գործչուհուն ինչո՞վ չգոհացրեց Տեր-Պետրոսյանը (որի ՀԱԿ դաշինքի նախընտրական ցուցակում Եղոյանը զբաղեցրել էր 36-րդ հորիզոնականը), որ նա փետրվարին սահուն քայլերով «լքեց» նրան եւ անցավ Գագիկ Ծառուկյանի կողմը: Անգամ մասնակցեց ԲՀԿ նախկին առաջնորդի հրավիրած համաժողովին, որին չմասնակցեց ՀԱԿ կուսակցությունը: «Հայոց Հայրենիք» կուսակցության ղեկավարը հստակ պատասխան չի տալիս. «Տեր-Պետրոսյանին որպես քաղաքական գործիչ ու հիմնադիր նախագահ գնահատում եմ, բայց  չեմ ուզում խոսել նրա մասին: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր ճանապարհը: Նախընտրական շրջանում ձեւավորվում դաշինքները, որոնք  պարտավոր չեն  երկար ճանապարհ անցնել միասին: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ղեկավարած կուսակցությունը համագործակցում էին  պրն Ծառուկյանի հետ: Իմ  մասնակցելը համաժողովին ոչ մի օգուտ կամ վնաս չբերեց  ՀԱԿ-ին»:


Իհարկե, չբերեց, քանի որ  ՀԱԿ-ը չի  տրտնջում, չի դժգոհում, որ «Հայոց Հայրենիքը» դուրս չգալով ՀԱԿ դաշինքից,  միացել է ՕԵԿ-ական «Հայկական վերածնունդ»-ին: Անգամ  կուսակցությունը, որի անդամների թիվը այդպես էլ չասաց  Անահիտ Եղոյանը,  նախորդ տարի 682.000 դրամ է ստացել պետբյուջեից` ՀԱԿ-ի շնորհիվ:

Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքականության մեջ չէ, բայց «Հայոց Հայրենիքը»  հո կա ու կա` հիմա էլ Արթուր Բաղդասարյանի փեշի տակ: Հետաքրքրիր է, այս անգամ ինչո՞վ  չգոհացրեց  Ծառուկյանը, որ տիկինը  նախընտրեց Բաղդասարյանին: «Պրն Ծառուկյանն ու իր նախաձեռնած շարժումը չկարողացավ հասնել իր նպատակին: Ընդամենը նախագահի մեկ հայտարարություն եւ ԲՀԿ-ն պառակտվեց, Գագիկ Ծառուկյանն էլ հրաժարվեց քաղաքականությունից: Իսկ ում հետեվից պետք է գնային  շարժման շուրջ համախմբված քաղաքական ուժերը: Եթե պրն Ծառուկյանը շարունակեր իր գործունեությունը, մենք կշարունակեինք մեր գործունեությունը: Նա դուրս եկավ քաղաքականությունից եւ թողեց քաղաքական դաշտը ամայի: Իսկ հիմա նույն գաղափարը ավելի լավ ու որակով նախաձեռնել է պրն Բաղդասարյանը, որի շուրջ համախմբվել է մոտ 140 ՀԿ: Եթե աստված չանի, Արթուր Բաղդասարյանը  դուրս գա քաղաքականությունից, չնայած չեմ կարծում, ինչ պետք է անեն մյուս ուժերը: Մեր երկիրն ահավոր ծանր իրավիճակի մեջ է` արտագաղթ, քայքայված տնտեսություն»,- ներկայացնում է իր քաղաքական տանիքի փնտրտուքների մասին տիկին Եղոյանը:


- Այդ ամենի համար Արթուր Բաղդասարյանը պատասխանատվություն չի՞ կրում:

- Կարծում եմ` այդ հարցը կարող եք տալ պրն Բաղդասարյանին: Ես չեմ պատրաստվում պատասխանել նրա փոխարեն:

Այնուամենայնիվ, կուսակցապետուհին մեկ-երկու գովեստ շռայլում է. «Դե ես այստեղ եմ ապա դա արդեն գնահատական է: Արթուր Բաղդասարյանը շատ կիրթ է, քաղաքականապես զարգացած: Նրա հետ կարելի է ճանապարհ անցնել»:

- Եթե անգամ նա Ձեր  բնութագրմամբ ապօրինի իշխանության հետ  կոալիցիա՞  է կազմել:

-Ապօրինի իշխանության հետ նա  կարող է ճանապարհ չի անցել: Նա չէր կարող հրաժարվել իրեն վստահված քվեից: Կուսակցությունը իմ կարծիքով որոշել է` թեկուզ այդ ճանապարհով ինչ-որ բարեփոխում անել երկրի համար:


Արթուր-Բաղդասարյան Արա Աբրահամյան համագործակցության մասին խոսակցություններ  չի լսել  «Հայոց Հայրենիք»-ի  ղեկավարը, ավելին` դրանք անհեթեթ է համարում:  Ռոբերտ Քոչարյանի մասին էլ լսել չի ուզում, նույնիսկ որեւէ քննարկում չի ցանկանում սկսել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հ.Գ. Ահա այսպիսի «սկզբունքային» «կուսակցություններն» են մարդահաշիվ դառնում ՕԵԿ-ի ղեբրենդինգ արած «Հայկական վերածնունդում»: Մեկի հետ նախընտրական ցուցակ են ստեղծում, պետբյուջեից փողն են առնում, հետո թռնում են ավելի հարուստի մոտ` ակնկալիքով, թե մի փշրանք էլ իրենց բաժին կհասնի: Հետո թռչկոտում են մյուսի փեշի տակ... Եվ այսպիսինները դեռ խոսում են սկզբունքից, արդարությունից, օրինականությունից... եւ ընդհանրապես` խոսում են ու խոսում: Իհարկե հարցը այդ իրականում չեղած «կուսակցությունների» մասին չէ, այլ հարցը ՕԵԿ-ի մեջ է: Միթե ԱՐթուր Բաղդասարյանը այդպես էլ չհասկացավ, որ զրոների, անգամ եթե դրանք 100 հատ են, գումարը զրո է եւ վաղը այդ զրոները իրեն էլ կլքեն:









Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ