«Փոքրիկ փիլիսոփա». այսպես բնութագրեցին առաջին ընթերցողները «Ժամանակից ծնվածները» գրքի հեղինակին
Արխիվ 12-16«ՓՈՔՐԻԿ ՓԻԼԻՍՈՓԱ». ԱՅՍՊԵՍ ԲՆՈՒԹԱԳՐԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ «ԺԱՄԱՆԱԿԻՑ ԾՆՎԱԾՆԵՐԸ» ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ
«Ճմռթած նամակ», «Դու այնքան մայր էիր», «Ավազե ժամացույց», «Ներում եմ…», «Ճակատագրի նվեր», «Վաստակավոր դերասանս», «Գիրքն ու սուրճը». սրանք այն 21 պատմվածքների թվում են, որոնք տեղ են գտել 21-ամյա ՕՖԵԼԻ ԴԱԼԱՔՅԱՆԻ անդրանիկ` «Ժամանակից ծնվածները» գրքում: Օրերս կայացավ նաեւ գրքի շնորհանդեսը, որին ներկա էր «Իրավունքը» եւ, բնականաբար, առիթից օգտվելով` պարզեցինք առաջին ընթերցողների տպավորությունները:
«ՆՐԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՍԻՐԵԼ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼ ԻՐԵՆՑ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ»
Ըստ բանասիրական գիտությունների թեկնածու, դեցենտ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՅՐՅԱՆԻ, Դալաքյանի պատմվածքներում արտացոլվում են նրա աշխարհայացքը, հոգեկան աշխարհը, երազանքները, հույսերը, վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, ինչպես նաեւ արդեն ձեւավորված կյանքի արժեքները. «Դալաքյանի պատմվածքներն
առանձնանում են իրենց պարզությամբ եւ անկեղծությամբ, նրանցում արտացոլվում է հեղինակի փնտրտուքները, որոնումները: Նրա պատմվածքներում գերիշխող տեղ է զբաղեցնում սիրո թեման, իր հերոսների միջոցով նա մտորում է մարդու կյանքում այս խորագույն զգացմունքի դերի շուրջ: Չնայած երիտասարդ տարիքին` նրա հերոսները կարողանում են սիրել եւ գնահատել իրենց զգացմունքները, նրանք պատրաստ են հաղթահարել դժվարություններն ու փորձությունները, որը թույլ է տալիս հասնել իրար»: Ամփոփելով խոսքը` Զ. Հայրյանն, ով, ի դեպ, գրքի նախաբանի հեղինակն է, ընդգծեց. «Շրջապատի նուրբ ընկալումը, սերը կյանքի, մերձավորների, մոր, սիրելի դերասանի նկատմամբ Դալաքյանի պատմվածքների հիմքն է: Այս պատմվածքներում զգացվում է հեղինակի ձեւավորված ոճը, որոնք լի են հուզիչ եւ խորը զգացմունքներով: Ցանկանում եմ նրան նոր հաջողություններ, արդիական թեմաներ, բարդ կոմպոզիցիոն ստեղծագործություններ, որոնց միջոցով հեղինակը ձեռք կբերի ընթերցողների լայն շրջանակ»:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆԱ ԴԱՐՁԱՎ ՓՈՔՐԻԿ ՓԻԼԻՍՈՓԱ»
«Փոքրի փիլիսոփան», - այսպես բնութագրեց գրքի հեղինակին Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի լավագույն ուսուցիչներից մեկը` ՍՈՒՍԱՆՆԱ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԸ, ապա մանրամասնեց. «Չէի պատկերացնում, որ այսքան մեծ
տիեզերական գաղափարներ, փիլիսոփայական մտքեր կարող էի հանդիպել նրա ստեղծագործությունների մեջ: Կարդալով գիրքը` տեսա հեղինակի աշխարհընալումը, իրականության եւ հեղինակի շփումը, երբեմն նաեւ բախումը, բայց նահանջ, պարտություն չտեսա: Մեծն Թումանյանի նման հեղինակն ունի ներելու, սիրելու կարողություն: Եվ անգամ ամեն վատի համար նրա սիրտն ունի ներում: Իսկ այդպիսին լինում են մեծահոգի, իմաստուն մարդիկ: Շատ փոքր է նրա տարիքը եւ նույնիսկ շատ վատ է, որ այդքան փոքր լինելով` ինքն այսքան հեռուներն է նայում…Ինձ համար նա դարձավ փոքրիկ փիլիսոփա, որից սպասում են նորանոր հայտնագործություններ, նորանոր մտքեր ու գաղափարներ, որոնք կծնվեն նրա փոքրիկ, բայց տիեզերական հոգում, որտեղ կա սեր, իմաստ եւ ամենակարեւորը` աշխարհի նկատմամբ լավատեսություն»:
«ԻՄ ԱՌԱՋԻՆ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ, ՊԱՇՏՊԱՆԸ, ԼՍՈՂԸ, ԹՈՒՂԹՆ Է»
Իսկ հեղինակը` ՕՖԵԼԻ ԴԱԼԱՔՅԱՆԸ, նշեց, որ շատ շատերի նման մանկուց չի ստեղծագործել, այլ սկսել է գրել 17-18 տարեկանում. «Գիրք ունենալը թաքուն երազանք էր, որ անգամ չէի բարձրաձայնում ինձ համար: Բայց շատ-շատ բարի մարդկանց դրական խոսքերի շնորհիվ առաջ մղվեցի, սկսեցի մտածել այդ ուղղությամբ եւ ստեղծվեց «Ժամանակից ծնվածները»»: Թե ինչու գիրքը վերնագրվեց «Ժամանակից
ծնվածները», հեղինակն անկեղծացավ. «Եղավ մի ժամանակաշրջան, որ իմ պատմվածքներն անկախ ինձնից մտքիս էին գալիս ու արագ-արագ հանձնում էի թղթին: Եթե շատ աղջիկներ կան, որ իրենց հույզերը, մտքերը պատմում են ընկերուհիներին, ես առաջինը հանձնում եմ այն թղթին, հետո նոր կիսվում մնացածի հետ: Իմ առաջին ընկերուհին, պաշտպանը, լսողը, թուղթն է»: Ի դեպ, Օ. Դալաքյանը պատրաստ է քննադատությունների. «Առանց դրա հնարավոր չէ եւ չէի էլ ուզի, որ չլինի, որովհետեւ, եթե քննադատվում է, ուրեմն` ասելիքս տեղ է հասել: Այնպես որ, ուրախ կլինեմ` թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների համար»:
Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
