ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԸ ԿԸՆԹԱՆԱ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԸ ԿԸՆԹԱՆԱ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ
1963 թվականին հիմնադրված Աբովյան քաղաքի տոնը, որը սկսած 2000 թվականից նշվում է հոկտեմբերի կեսերին, այս տարի կընթանա հոկտեմբերի 5-11-ը: Հայաստանի թատերական գործիչների միության եւ Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի փառատոնը կունենա թատերական ուղղվածություն, որի շրջանակներում կցուցադրվեն տասը ներկայացում` Երեւանի եւ Աբովյանի թատրոնների մասնակցությամբ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կմասնակցի Գ. Խանջյանի «Որբերի ընտանիքը» ներկայացումով, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը` Կ. Խոդիկյանի «Սիրային քառանկյունի», Պետական համազգային թատրոնը` Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա», Կամերային թատրոնը` Է. Շմիդտի «Ամնեզիա», Պատանի հանդիսատեսի թատրոնը` Վ. Ստեփանյանի «Բրեմենի երաժիշտները», Աբովյանի տիկնիկային թատրոնը` Վ. Հաուֆի «Փոքրիկ մուկը», Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը` Հ. Թումանյանի «Անխելք մարդը» եւ Աբովյանի թատրոնը` Հ. Ֆիգեյրեդուի «Եզովպոս» ներկայացումներով: Փառատոնի հանդիսավոր բացումը կազդարարվի Երեւանի մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ` Աբովյանի թատրոնին կից հրապարակում:
ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ «Իրավունքին» փոխանցեց, որ. «Թատերական փառատոնի նպատակը` մարզում թատերական կյանքի աշխուժացումն է: Քանի որ Աբովյանի թատրոնը դեռ նոր է կարգավիճակ ստացել, ուստի քաղաքապետի հետ որոշեցինք Աբովյան քաղաքում թատերական տոն ստեղծել, որ մարզի հանդիսականի ուշադրությունը սեւեռենք դեպի թատրոն»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
