ՍՈՒՊԵՐՀԵՐՈՍՆԵՐԸ ԳԱՌՆԻՈՒՄ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՍՈՒՊԵՐՀԵՐՈՍՆԵՐԸ ԳԱՌՆԻՈՒՄ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գառնիի հեթանոսական տաճարում վերջերս կայացավ լուսանկարիչ ԱՐԵԳ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ նախաձեռնած Friends photography-ի հերթական ֆոտոշարքը, որը նախ ցնցեց Գառնի այցելած տուրիստներին, ապա կարճ ժամանակամիջոցում լայն արձագանք գտավ համացանցում: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց Ա. Ավետիսյանի հետ.
-Օրերից մի օր փողոցում հանդիպեցի իմ լավ ընկերոջը` լողափային բոդիբիլդինգով զբաղվող Հովհաննես Ավագյանին` իր եղբոր` Վլադ Խառատյանի հետ: Խոսեցինք ֆոտոշարք անելու մասին եւ սկսեցինք մտածել, թե ինչ ոճի մեջ անենք այն: Հաշվի առնելով նրանց մասնագիտությունը` առավել հարմար գտանք ֆոտոշարքն իրականացնել 300 սպարտացիների կերպարով:
- Արեգ, հետաքրքիր է` ինչպիսի՞ն էր Գառնիում հանդիպած մարդկանց արձագանքը:
- Գառնիում բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեցինք… Մի երեխա էլ հենց տեսավ, վազելով գնաց ու ուրախացած գոռում էր` մամ, նայի սուպերհերոսներ են:
- Իսկ ինչպե՞ս հաջողվեց ֆոտոշարքի համար ձեռք բերել իսկական սպարտացիների հագուստներ:
- Հագուստների հարցն ամենաբարդն էր, երկար ժամանակ փնտրտուքների մեջ էինք, շատ տեղեր դիմեցինք, բայց չկարողացանք ձեռք բերել: Եվ, ի վերջո, հագուստները հենց ինքներս պատրաստեցինք. կտորի խանութից գնեցինք մի քանի բան եւ վերջին կես ժամում ինքներս մի կերպ ստացանք այն, ինչ ստացանք:
Ի դեպ, ֆոտոշարքի մասին «Իրավունքը» հետաքրքրվեց նաեւ սպարտացիների կերպարը կերտած հերոսներից մեկից` լողափային բոդիբիլդինգի Հայաստանի բացարձակ հաղթող ՎԼԱԴ ԽԱՌԱՏՅԱՆԻՑ, ով նույնպես նշեց, որ թերեւս ամենաբարդը հագուստների խնդիրն էր. «Գառնիում կայացած ֆոտոշարքը վաղուց էինք պլանավորել: Որոշված էր այնպիսի կերպար ընտրել, որ պատմական լիներ եւ մենք ինքներս էլ բավականություն ստանայինք այդ կերպարից: Շատ հետաքրքիր ու անսովոր
սկսվեց այն, որովհետեւ հագուստների մի մասը չկարողացանք ձեռք բերել, սակայն որոշել էինք ավարտին հասցնել այդ հետաքրքիր միտքը եւ ինքներս պատրաստեցինք հագուստների մի մասը: Ֆոտոշարքը տեւեց մինչեւ ուշ գիշեր, այնքան հետաքրքիր էր, որ չէինք ուզում Երեւան վերադառնալ»: Անդրադառնալով Գառնիում պատմական կերպարներին հանդիպած տուրիստներին` Վ. Խառատյանը հավելեց. «Մարդիկ շատ ուրախ էին եւ զարմացած, նույնիսկ զբոսաշրջիկները փորձում էին ծանոթանալ եւ շփվել մեզ հետ: Այդ օրը մնաց իմ հիշարժան օրերի շարքում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
