ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՓՐԿԵԼ «ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱՆ», ԹԵ ԱՅՆ ԿՍՆԱՆԿԱՆԱ
Արխիվ 12-16ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՓՐԿԵԼ «ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱՆ», ԹԵ ԱՅՆ ԿՍՆԱՆԿԱՆԱ
«Իրավունքը» անդրադարձել է «Էյր Արմենիայի» համասեփականատիրոջ ծեծի փաստին, ինչպես նաեւ դեպքի օրերին, երբ ավիաընկերության տնօրենը ծեծված վիճակում հիվանդանոցում բուժվելիս է եղել, ընկերությունը տուգանվել է 45 միլիոն 582 հազար դրամով:
Այն պատճառաբանությամբ, որ 2014 թվականին «Էյր Արմենիան» Հայաստան է ներմուծել մեկ օդանավ, որը ձեւակերպվել է ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով՝ 30-օրյա ժամկետով: Հետագայում այդ ժամկետը մի քանի անգամ երկարացվել է...
«Էյր Արմենիայի» ներկայիս իրավիճակի, վերոհիշյալ տուգանքի պատճառների եւ այլ հարցերի շուրջ մեզ հաջողվեց զրուցել ավիաընկերության տնօրեն ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ: Հաշվի առնելով նաեւ, որ մեզ հետ նույն օրն ունեցած զրույցում Ավետիսյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրված Ռուբեն Հայրապետյանն ընդգծել էր. «Անձամբ ես ապտակել եմ իրեն. էդքանը կարամ ասեմ...»: Սակայն պարոն Ավետիսյանը նախապես նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ հայտնի ծեծի փաստին, քանի որ այդ պատմությունը «փակված թեմա է»: Բացի այդ էլ, որ ինքն իրեն արդեն լավ է զգում եւ այսօրվանից (զրույցը եղել է երեկ- Ի. Ա.) անցել է բնականոն աշխատանքի: Իսկ ահա ընկերության տուգանվելու պատճառների մասին Ավետիսյանը մանրամասնեց.
- Այդ հարցը պետք է դատական կարգով լուծենք: Քանի որ այս պահին այստեղի մեր բոլոր հաշիվները կալանքի տակ են դրված, ուստի որեւէ հնարավորություն չունենք ներմուծված գույքը, տվյալ դեպքում՝ օդանավի շարժիչը արտահանելու: Դրա վերաբերյալ մենք համապատասխան գրություն ուղարկել ենք թե՛ Ֆինանսների նախարարությանը եւ թե՛ այլ պատկան մարմինների, որ մեր հաշիվները կալանքի տակ են, եւ որեւէ գործարք հնարավոր չէ անել: Այսինքն՝ անհնարինության պատճառով է, որ մենք այդ գույքը չենք արտահանել եւ մաքսազերծել. ժամանակավոր ներմուծում է եղել օդանավի շարժիչի` մեկ տարով: Մեկ տարին լրանալուն պես, մենք փորձել ենք արտահանել այդ գույքը, սակայն, ցավոք, գործարքները կասեցված լինելու պատճառով` հնարավորություն չենք ունեցել արտահանելու: Այս պահի դրությամբ մեր ներդրողները վարձել են իրավաբան, ով զբաղվում է մեր հաշիվների վրայից կալանքները հանելու գործով, եւ երբ բոլոր հաշիվների վրայից կալանքները կհանվեն, այդ ժամանակ արդեն ֆինանսական միջոցների ներհոսքը կսկսվի: Հակառակ դեպքում` կալանքների պարագայում, որեւէ դոլար չի գա Հայաստան:
- Հնարավո՞ր է, որ Ձեր պլանավորածի պես չգնան գործերը, եւ արդյունքում «Էյր Արմենիան» սնանկ ճանաչվի:
- Իհարկե, նման մտավախություն կա, բայց հավանականությունը շատ փոքր է. համենայնդեպս՝ այս պահի դրությամբ: Ինչպես գիտեք՝ մեր ընկերությանը տրամադրվել են 68 միլիոն դոլարին համարժեք արժեթղթեր, որոնք որպես երաշխիք են հանդիսանում ներդրողների համար: Այդ 68 միլիոն դոլարի արժեթղթերով ինքս փորձում եմ Եվրոպայից վարկ վերցնել 1/2 հարաբերությամբ, որովհետեւ, որպես գրավ երբ վերցնում են` վերցնում են 50-60 տոկոսի չափով: Իրավիճակը այս պահին սա է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
