«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱԶԱՏՎԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՄԵՐ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻՑ»
Արխիվ 12-16«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱԶԱՏՎԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՄԵՐ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻՑ»
«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ: Նրան ուղղված մեր ընթերցողների հարցերը մեծամասամբ վերաբերում էին սահմանադրական փոփոխությունների նախագծին, ներկա ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ տասնյակ հարցեր հնչեցին արդի գրականության ու գրողների մասին, որոնց նույնպես սիրով պատասխանեց մեր հյուրը:
«ԱՅԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ»
-Այսօր հասկացող-չհասկացող` բոլորը խոսում են սահմանադրական փոփոխությունների մասին, իսկ մեր իսկական մտավորականներն ինչո՞ւ են լռում ու չեն առաջնորդում մեր ժողովրդին: Օրինակ՝ շատ կուզեի իմանալ Ձեր մտորումներն այս նախագծի շուրջ (ՄԱՐԻԱՆՆԱ, ք. Երեւան):
- Որպեսզի մտավորականությունը ժողովրդին առաջնորդի, ժողովուրդը պետք է պատրաստ լինի դրան: Մտավորականն էլ իր հերթին պետք է պատրաստ լինի ու իմանա՝ ուր է առաջնորդում ու ինչով: Հենվելով գիտակ մարդկանց կարծիքների վրա` գտնում եմ, որ ՀՀ նախագահի առաջարկով, որում գործունեության հանդեպ շատ մեծ վստահություն ունեմ, այդ փոփոխություններն անհրաժեշտ են: Հատկապես, որ այդ փոփոխությամբ նախագահի իրավասությունները, լիազորությունները կրճատվում են եւ սա տանում է երկրի կառավարման առավել դեմոկրատացման: Այս փոփոխություններն անհրաժեշտ են նաեւ, որպեսզի իշխանության տարբեր թեւերի լիազորությունները մեծանան, մի մարդ իր հրահանգները չտա եւ մնացածները ստորակայության վիճակով ենթարկվեն: Եվ այնպիսի նախկին խոշոր ընդդիմադիրներ, որոնք այսօր էլ որոշ չափով ընդդիմադիր են եւ պահանջում էին այդ փոփոխությունները հնուց ի վեր, այսօր ժրաջանորեն պաշտպանում են այդ փոփոխությունների իրագործումը: Ուրեմն` պիտի աղոթեմ, որ փոփոխությունները ձեր վրա շատ լավ ազդեն:
- Իշխանությունները որքան էլ պնդում են, թե այս սահմանադրական փոփոխությունները շատ լավ բան են, բայց ընդդիմադիր որոշ գործիչներ շարունակում են կտրականապես մերժել այն: Ինչպե՞ս եք վերաբերվում ստեղծված «Այո»-ի եւ «Ոչ»-ի ճակատներին (ԿԱՐԻՆԵ, Արագածոտնի մարզ): 
- Նախ ուզում եմ ազատվենք իշխանության եւ ընդդիմության հանդեպ մեր բարդույթներից: Դրանից հետո կտեսնենք, որ իշխանությունը կամ իշխանամետ ուժերը քիչ գործ չեն արել, չնայած, որ դեռ անելու ահռելի գործ կա: Իսկ ընդդիմությունը, ավելի ճիշտ՝ նրա միայն մի հատվածը այսօր ոչ թե գործնական առաջարկներ է անում, ինչին կոչ է անում իշխանությունը, այլ պարզապես բավարարվում է հայտարարություններով. ասում են՝ լավը չի եւ վերջ: Բայց, եղբա՛յր, եթե քննարկելու անհրաժեշտություն կա եւ մանավանդ հնարավորություն, քննարկեք այն եւ ասեք, որ սա լավը չէ, այս մյուսն է լավը, եւ դրանից հետո գնացեք առաջ: Եթե իշխանությունը չի ընդունի եւ փաստարկներ կունենա, որ այդ առաջարկները լավը չեն, ուրեմն` ընդդիմությունն իր հակափաստարկները կներկայացնի: Սա է խոսելու ամենապատշաճ ձեւը, որը նաեւ ժողովրդի համար նպաստավոր քայլ անելու ամենահարմար տարբերակն է: Ընդդիմության այդ թեեւ մերկապարանոց հայտարարությունները չեմ կարող ընդունել. ես նոր երեխա չեմ, որ նստեմ եւ ասեմ` էս լավ տղա էր կամ էս լավ կնիկ էր, հայտարարեց: Հակառակ նրան, որ բանաստեղծ եմ եւ իմ ռոմանտիզմը պետք է յուրահատուկ լինի, ես շատ կոնկրետ, ռեալիստական մոտեցում եմ ուզում ունենալ խնդիրներին:
- Ինչպես Դուք էլ նկատեցիք՝ ժամանակին ընդդիմադիր հատվածն էր սահմանադրական այս փոփոխությունների մի շարք դրույթներ նույնիսկ պահանջում իրականացնել, մասնավորապես անցումը ընտրական 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Ի վերջո, ո՞րն է տրամաբանությունը («ԻՐԱՎՈՒՆՔ»):
- Պարզ երեւում է, որ նրանք այդտեղ չեն տեսնում իրենց համար դեպի իշխանություն առաջխաղացման ուղիղ ճանապարհներ: Նրանք գտնում են, որ հիմա քաղաքական դաշտի մեջ իրենք տեղ չունեն եւ իրենց ձեռքից իբրեւ թե մեկը եկել, խլել է նախաձեռնությունը, իրենք կարող է հանկարծ մնան, այսպես ասած, «զա բառտոմ»: Սա է ողջ տրամաբանությունը:
ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
-Դուք եղել եք ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի խորհրդականը: Ըստ Ձեզ, որքանո՞վ է հավանական, որ նա կվերադառնա քաղաքականություն, եւ ի՞նչ կասեք ՀՀ երրորդ նախագահի վարած քաղաքականության մասին (ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, ք. Երեւան):
- ՀՀ երկրորդ նախագահին իմ ճանաչած չափը թույլ չի տալիս, որ այդպիսի եզրակացություն անեմ, թե նա կուզենա վերադառնալ քաղաքականություն կամ` ոչ: Բայց իմ շատ հեռվից դիտարկումների համաձայն, նա այդպիսի ցանկություն չունի: Ինչ վերաբերում է ներկայիս նախագահին, կարեւորում եմ նրա ուղղամտությունը: Բոլոր հարցերում ճշգրիտ ասում է` մեր կարիքը սա է, մենք պատրաստ ենք սա անելու: Եթե այդպես չլիներ, Վատիկանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագն էլ տեղի չէր ունենա: Հազար անգամ ասել եմ` ԱՄՆ լինի, Ռուսաստան, թե Եվրամիություն, ուղիղ ասեք` ինչ եք ուզում, նրանք ուղիղ խոսքի կարոտ են: Դիվանագիտությունն այն է, որ դու ուղղամտորեն ասում ես այն, ինչը ելնում է քո հնարավորությունների եւ անհրաժեշտությունների սահմաններից:
- Տարիներ առաջ քաղաքականությամբ էիք զբաղվում: Հե՞շտ էր դրանից հետո մուտք գործել գրական ասպարեզ եւ հնարավո՞ր է մի օր կրկին ետ գաք քաղաքականություն (ուսանողուհի ՄԱՇԱ, ք. Երեւան):
- Ես գրական ասպարեզ մոտք գործելու կարիք չունեի, որովհետեւ հենց մտել եմ, այնտեղ էլ մնացել եմ, քանի որ գրականությունն է իմ ասպարեզը: Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա ըստ անհրաժեշտության` իմ տեսակետներն ու հաղորդագրությունները հասցրել եմ իմ ժողովրդին եւ կշարունակեմ անել: Բայց այն գրականությանը վնաս բերող բան չէ: Որ ՀՀ նախագահի խորհրդական եմ եղել, եւ սա համարում եք քաղաքականությամբ զբաղվել, լավ եք անում, բայց այն այդքան էլ քաղաքականությամբ զբաղվել չէ: Այն ճանաչողական հսկա նշանակություն ունեցավ ինձ համար, ես չէի կարող այդ ճանաչողությունն ստանալ ոչ մի աղբյուրից, ինչպես ստացա իմ անմիջական գործունեությամբ եւ մասնակցությամբ:
«ԵԿԵ՛Ք ՄԵՆՔ ՄԵՐ ՄԻՋԻ ՄՈԼԱԽՈՏԸ ԻՆՔՆԵՐՍ ՀԱՎԱՔԵՆՔ»

-Վերջին շրջանում ոչ մի քաղաքական ուժի այլեւս չի հավատում մեր ժողովուրդը, ոչ էլ մտավորականների խոսքն է այլեւս ծանրակշիռ: Ի՞նչն է պատճառը (նախկին տեխնոլոգ ԼՈՒՍԻՆԵ, ք. Երեւան):
- Ճիշտ չէ նման հայտարարություններ անել ժողովրդի անունից: Ես, օրինակ, իմ անձնական փորձի մասին կարող եմ խոսել. երբ 90-ական թվականներից սկսած` ասացի իմ խոսքը ժողովրդին, արժանացա մերժման: Եղավ դեպք, որ Ազգային ժողովի շենքից դուրս գալու ժամանակ նույնիսկ քարեր շպրտեցին, թեպետ ԱԺ անդամ չէի, այլ ընդամենը բազում խնդիրների լուծմանն ու ձեւակերպմանը մասնակցել եմ հրավերով: Ժողովուրդը զայրացած էր պատգամավորների դեմ, եւ քանի որ ես էլ այդ շենքից դուրս եկա, իմ վրա էլ քար շպրտեցին: Ես ընդառաջ գնացի, ասացի` քարն ինձ ի՞նչ է անելու, հո չի՞ սպանելու: Ժողովրդի մեջ գիտակ, ճանաչող մարդիկ կային, ովքեր զգուշացրին` էդ ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում: Գիտեք, երբ ժողովուրդը մի էքստազով է բռնված, խոսք լսելու ընդունակություն չունի, եւ աչքի դեմ մառախուղ է:
- Բայց չէ՞ որ հենց նման դեպքերում մտավորականներն ու հոգեւորականնեը պետք է ժողովրդի աչքերը բացեն…
- Ախր չլսեցին, հիմա չեմ ուզում թվարկել, թե ինչեր եմ ասել: Հնարավոր է, որ Դուք էլ եք եղել իմ մերժման համակարգի մեջ, որովհետեւ նրանց թվում կային նաեւ մարդիկ իմ ազգակիցներից, իմ բարեկամներից: Բայց ես իրենց վրա զայրացած չեմ, այլ օբյեկտիվ իրականությունը գնահատելու հայացքի տակ` ներողմտորեն եմ վերաբերվում: Հիմա էլ ասում եմ` Դուք ձեր հայացքն ուղղեք այն ուղղությամբ, որտեղ տեսնում եք, որ ինչ-որ քաղաքական ուժ կամ քաղաքական լիդերներ ազգանպաստ գործունեություն են ծավալում ամենադժվար պայմաններում: Մենք ունենք ազգային իդեալներ, որի համար հարյուրամյակներով տառապանք ենք քաշել, եւ ահա ինչ պատահեց` Հռոմի պապը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ վեր կացավ եւ Պատարագ մատուցեց Վատիկանում: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ ազգահույզ իրադարձություն էր: Եվ եթե Դուք հեռուստատեսությամբ տեսաք եւ հուզվեցիք, ես այնտեղ` Վատիկանում` Սուրբ Պետրոսի տաճարում, լաց եղա…
- Ամեն դեպքում, շատ կուզենայինք Ձեզ տեսնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրականացվող հանրահավաքներին Բաղրամյան պողոտայում, որտեղ նաեւ առաջին շարքերում էին հոգեւորականները:
- Այդ ժամանակ Լոնդոնում էի, զբաղված էի լուրջ գործերով. չէի գնացել վայելքի համար: Ամեն գիշեր ուղիղ հեռարձակում էր գնում Բաղրամյան փողոցից, եւ տիկնոջս հետ նստած հետեւում էինք, թե ինչ էր կատարվում: Այն քաղաքում, որտեղ հիմնական աշխատանքային ժամանակս էի անցկացնում, երկու-երեք հայ ընտանիքներ կային, որոնք իմացել էին, որ այնտեղ եմ եւ կապ էին պահպանում ինձ հետ: Նրանք ընդդիմադիրների տրամադրությունների տակ էին ու անընդհատ ասում էին` տեսա՞ք, ոստիկանը նրան քաշեց, տեսա՞ք, բերեցին, աղբարկղները դրեցին, առաջները փակեցին, տեսա՞ք ինչեր արեցին… Տիկինս այս ամենը տեսնելով` զարմացավ ու մի օր բաց արեց այդ հայ ընտանիքների առաջ Լոնդոնի ոստիկանության վարքագիծը, թե ինչ շան օյին են դնում իրենց ցուցարարների գլխին` քաշ տալով, մահակներով ծեծելով, ծեծուջարդ տալով լցնում էին մեքենաները եւ տանում էին: Սա տեսնելով` մեր հայերը պապանձված մնացին: Մինչդեռ մեր խեղճ փոխոստիկանապետ Օսիպյանը գիշերուզօր ամենահլու հնազանդ ծառայի պես բացատրում էր, հորդորում համբերել: Այո, պետք է, ճիշտ է, արդար է բողոքը, եւ հետո քեֆս բերեց, որ այդ արդար բողոքողները սադրիչներին ասացին, որ մենք խաղաղ ցույց ենք անում, որպեսզի մեր էլէկտրաէներգիայի վճարները չթանկացնեն ու չթողեցին, որ այն քաղաքական պայքարի վերածեն: Այս ամենից հասկացա մի բան` եկե՛ք մենք մեր միջի մոլախոտը ինքներս հավաքենք, չթողնենք ամբողջ պարտականությունը ո՛չ ոստիկանության, ո՛չ իշխանության վրա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-Նյութի մշակութային հատվածը կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
