«ԱՅՈ»-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ»
Արխիվ 12-16«ԱՅՈ»-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ»
Սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումների ֆոնին տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների, ինչպես նաեւ ազգային դավաճանների, ՀՀ անելիքների ու մի շարք հարցերի հանգուցալուծման մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԱՅԼ Է»
–Հենց անկախության օրը ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց իր իսկ ստեղծած 18 կուսակցության հիմքում կազմված խմբակցության մասին, որից այսօր մնացել է ընդամենը երկուսը: Միեւնույն ժամանակ, հայտարարեց, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: Հետաքրքիր է Ձեր տեսակետն այս ամենի շուրջ:
– Թե ինչու է ՀԱԿ-ում մնացել ընդամենը երկու կուսակցություն, այս հարցը պետք է ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, թող ինքն էլ բացատրություն տա: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին դեմ լինելուն, նա հիմնավորո՞ւմ է, թե ինչու է մերժում այն: Չեմ ուզում Լ. Տեր-Պետրոսյանի փոխարեն պատասխանել:
– ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգությունից» մնաց միայն մի հոգի: Արդյո՞ք կարելի է ասել, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում կունենանք այնպիսի իրավիճակ, որտեղ այլեւս որեւէ քաղաքական ուժ չի ունենա վերոնշյալ կուսակցության տխրահռչակ ճակատագիրը:
– Դրան պետք է ձգտել, իսկ կունենանք, թե` ոչ, միայն ժամանակը ցույց կտա: Եթե խմբակցությունը ձեւավորվել է, ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է պատասխանատվություն կրի իր ընտրողի առջեւ մինչեւ վերջ, ոչ թե աջ ու ձախ փախչելով` իրեն հարմար ու տաքուկ տեղեր ընտրի:
– Այն ընդդիմադիր ուժերը, որոնց մեջ քաղաքական պոտենցիալ էր տեսնում հանրությունը, այսօր մեկը մյուսի հետեւից մարում են: Ի՞նչը խանգարեց նրանց ստեղծել կայուն քաղաքական ուժ:
– Ինչը խանգարեց... Երեւի պատկերացումները այդ կայուն ուժի մասին: Պատկերացնում ենք, որ պետք է լինի մի հսկայական ալիք` խիստ կազմակերպված, հստակ ծրագրով, որը կգա եւ կիրականացնի ինչ-որ փոփոխություններ, իսկ իրականությունը լրիվ այլ է: Իրականությունն այն է, ինչ-որ այսօր կարող ենք ունենալ եւ ոչ ավելին:
– Փաստորեն, այդ ուժերն էլ արժանի են նրա՞ն, ինչ վիճակում հայտնվեցին:
– Իհարկե:
«ՍԱ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ»
–ՀՀ անկախության տարեդարձին` փոքրիկ երթից հետո, ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Ըստ Ձեզ, սա սադրա՞նք էր, թե այլ խնդիրներ կան տեղի ունեցածի հետեւում թաքնված:
– Քննություն է տարվում, երեւի կպարզեն, թե իրականում ինչն է պատճառը: Բայց, բոլոր դեպքերում, սա անթույլատրելի, անբարոյական արարք է, երբ մի խումբ մարդիկ հարձակվում են մեկի վրա, այն էլ ազատամարտիկի, այն էլ տարեց մարդու վրա: Սա ցույց է տալիս նաեւ հասարակության բարոյական վիճակը:
– Սլաքներն ուղղվում են իշխանության կողմը, բայց մի՞թե որեւէ իշխանության ձեռնտու կարող էր լինել երկրի պետական տոնին ունենալ նման միջադեպ:
– Ամեն ինչ արվում է սովորության համաձայն. եթե ինչ-որ մի վատ բան է կատարվել Հայաստանում, ուրեմն` առաջինը միշտ մեղադրում են իշխանությանը: Պետք է սպասենք, քննություն կլինի, կպարզվի, եւ ես վստահ եմ, որ կպարզվի, որովհետեւ շատերն են տեսել:
«ՀԱՅ ԱԶԳԻՆ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՆՄԱՆ ՉԷ ԵՎ ՀԱՐԻՐ ՉԷ»
–Անդրադառնանք նաեւ Ադրբեջանում քաղաքական ապաստան գտած ակտիվիստ Վահան Մարտիրոսյանին: Համամի՞տ եք այն մտքին, որ մեր համապատասխան կառույցներն անելիքներ ունեին մինչեւ նրա սահման հատելը, եւ տեղի ունեցածը նաեւ մեծ բացթողում էր:
– Կարելի է դիտարկել նաեւ այդպես, չնայած ոչ միշտ է լինում, որ կարողանում են բացահայտել մարդու իսկական դեմքը: Երեւույթը շատ տգեղ է, հայ ազգին բոլորովին նման չէ, եւ հարիր չէ նման մարդիկ ունենալ իր մեջ: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե նա այստեղ բացահայտված լիներ, կալանավորված եւ իր պատիժը կրեր:
– Հետագայի համար ի՞նչ դասեր պետք է քաղենք սրանից:
– Վստահ եմ, որ ժողովուրդը կարդալով կամ լսելով նրա մասին` զզվում է եւ միանշանակ նայում է շուրջը, թե հնարավո՞ր է, որ էլի ինչ-որ մեկը լինի այդպիսին: Հայերի առաջին խնդիրը Հայաստանը, պատերազմի հաղթանակը պահելն է, հայրենիքում ապրելն է, ոչ թե հակառակորդի կողմից ելույթներ ունենալը: Նմանների անունը հազարամյակներ առաջ է եղել գրված` ազգի դավաճան, եւ, բնականաբար, նա պետք է ստանա իր պատիժը որտեղ էլ, երբ էլ լինի:
– Շուտով Նյու Յորքում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս հանդիպումից:
– Չեմ հաշվել, բայց կարծում եմ` մի քանի տասնյակ նման հանդիպումներ են եղել, եւ բազմաթիվ հանդիպումներ էլ եղել են ավելի բարձր մակարդակով: Եվ մենք ունենք այն, ինչ ունենք, ոչինչ չի փոխվելու այդ հանդիպումից: Ի՞նչ պետք է սպասենք` կհանդիպեն, կխոսեն, կզեկուցեն, այդքան բան: Այս խնդրի լուծումը այսօր հնարավոր չէ, եւ, միեւնույն ժամանակ, հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով: Ռազմական ճանապարհ` այս խնդրի լուծման, գոյություն չունի:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ՑՆՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆ»
–Վերադառնանք սահմանադրական բարեփոխումների թեմային. այսօր կարծես ձեւավորվել են «այո» եւ «ոչ» ասողների ճամբարները, ինչո՞վ կավարտվի այն:
– Դժվար է գուշակել, որովհետեւ երկու ճամբարների հիմնավորումները շատ հակադարձային են, մեկը մյուսին բացառող են: Պատասխանը պետք է տա ժողովուրդն իր ընտրությամբ: Ժողովուրդը պետք է հասկանա վերջապես` սահմանադրությունն ինչ նոր բան է բերում իր հետ, ինչ դրական փոփոխություններ կարող են լինել հասարակության կյանքում, որպեսզի արտահայտի իր կողմնորոշումը քվեարկության միջոցով: «Այո»-ի եւ «ոչ»-ի ճամբարների խնդիրը ժողովրդին հասկացնելն է, թե ինչու է մեկն ասում, որ սա լավ կլինի, մյուսն ասում` վատ կլինի: Անցյալից ժողովուրդը մեծ փորձ ունի. 1995 թվականին մի տխրահռչակ գործիչ ունեինք, որն ասաց, թե նոր սահմանադրությունը Հայաստանին բերելու է սա-սա-սա... Եվ ժողովուրդը տեսավ, թե 10 տարվա ընթացքում ինչ բերեց: Դրա համար, «այո»-ի կողմնակիցները մեծ աշխատանք ունեն կատարելու` ապացուցելու եւ համոզելու, որ սա նախկինի կրկնությունը չի լինի:
– Ամեն դեպքում, կարո՞ղ ենք ասել, որ առանց ցնցումների ժողովուրդը կհաղթահարի այս ընտրությունը:
– Այն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք անկախ որեւէ բանից, ունեն ցնցումներ առաջացնելու նպատակներ եւ առաջադրանքներ, դրանում կասկած չկա: Ինչ-որ մարդիկ, խմբեր կաշխատեն անել այդ, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով երկու կողմները անկեղծ զրույց կունենան ժողովրդի հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
