Ազգագրական երգիչ. «ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՄ` ԼԵԶՈՒՆԵՐԸ ԿԿՏՐԵՄ ԱԿԱՆՋՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ»
Արխիվ 12-16Ազգագրական երգիչ. «ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՄ` ԼԵԶՈՒՆԵՐԸ ԿԿՏՐԵՄ ԱԿԱՆՋՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ»
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է սփյուռքից: Նախօրեին Լիբանանում եւ Բեյրութում տեղի է ունեցել 18 միջոցառում` ի հիշատակ հերոսամարտի 18 զոհերի: Այս միջոցառումները Մուսա լեռան հերոսմարտի օրինակով եւս մեկ անգամ ցույց են տվել, որ հայ ժողովրդի փրկությունն իր միասնականության մեջ է: «Մուսա լեռան» հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմինի նախագահ ԵՍԱՅԻ ԱՎԱԳՅԱՆԻ խոսքով`պատմությունը ցույց է տվել, որ ճակատագրական պահերին իրենց անելիքը որոշելու հարցում հայերը միշտ երկմտել են ու դանդաղել: Մուսա լեռան հերոսամարտն այն օրինակն է, որը եւս մեկ անգամ ապացուցել է, որ ճակատագրական պահին պետք է վճռական եւ խենթ որոշում կայացնել, ինչն օրհասական պահին արեցին մուսալեռցիները:
Լիբանանայնա միջոցառումների շարքում առանձնացել է ազգագրական երգիչ ՀԱՅԿ ՄԽՈՍՅԱՆԻ երկու մենահամերգները, որոնցից մեկին ներկա է եղել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Ըստ Ե. Ավագյանի, սփյուռքում տեղի ունեցած միջոցառումները հազարավոր հայորդիների մասնակցությամբ վերածվել է մեծ տոնախմբության.«Հայկն իր մենահամերգի բացմանը կատարեց Գուսան Հայկազունու հեղինակած «Մուսա լեռ» երգը, որը շատ մոտ է ժողովրդի սրտին: Հայկի հետ երգում էին բոլորը եւ նույնիսկ կեսգիշերն անց, հանդիսատեսը պահանջում էր, որպեսզի Հայկը կրկին ելույթ ունենա»,-նշեց Եսայի Ավագյանը:
Անձամբ Հայկ Մխոյանը տպավորված է վերադարձել Լիբանանից.«Լիբանանը մի փոքրիկ Հայաստան է, որտեղ մեծ նշանակություն ունի ազգային արժեքների պահպանությունը: Սփյուռքից մենք շատ բան կարող ենք սովորել: Զարմանալի է, երբ արաբական մի երկրում պահպանվում է հայկական ազգային արժեքները, իսկ մեր երկրում հակառակն է… Օրինակ մի դեղնակտուց, որը դաշնամուրի վրա երեք ակորդ է նվագում կարող է իրեն իրավունք վերապահել կարծիք հայտնել Սայաթ-Նովայի մեծության մասին: Այս թեմայի շուրջ երկար չեմ խոսի` ուղղակի նախազգուշացնում եմ` լեզուները կկտրեմ ականջների հետ միասին, եթե որեւէ մեկը համարձակվի ձեռք բարձրացնի հայոց արժեքների վրա»,-ընդգծեց Հ. Մխոյանը:
Հայի խոսքը Հայաստանի եւ արտերկրի բեմերում հնչեցնելու համար շուտով Հայկ Մխոյանը եւ բանաստեղծ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ կհամագործակցեն, որի արդյունքում նույն բեմից դասական, ժողովրդական եւ ազգային երգերի հետ միասին կհնչի նաեւ բանաստեղծություններ եւ ընդհանրապես հայկական պոեզիա.«Այս ամենի նպատակն է հայկական երգը հայ գրի ու գրականության հետ համատեղ ներկայացնելն է: Երգին զուգահեռ նույն բեմից կհնչի ժամանակակից պոեզիա եւ ոչ միայն ժամանակակից: Որպես արվեստի տեսակ, վերջին հաշվով երկուսն էլ գործիքներ են, որոնց միջոցով կարողանանք հայապահպանության խնդիրները ներկայացնել: Այս ամենը նորություն չէ, պարզապես մենք գործելու ենք լավագույն նորը, մոռացված հինն է սկզբունքով»,-փաստեց Գ. Հարությունյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

