Զարմացած
Արխիվ 12-16
Չէ, «Ոչ»-ի ճակատի բախտը ակնհայտորեն չի բերում: Դեռ ոչինչ չարած` արդեն կարող է բռնել քայքայման ճանապարհը: Ճակատագրի հեգնանքով, զարմանալիորեն այնպես եղավ, որ «Ոչ»-ի ճակատի միակ քաղաքական ուժը, որը հասցրել է փողոցային ակցիա անել` «Հայազն» կուսակցությունը, պայմանականորեն է միացել: Ինչպես խոստովանել է կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԱՂԱՅԱՆԸ, կուսակցությունն ուղղակի ստորագրել է դաշինքից դուրս չմնալու համար, որովհետեւ. «Այդ ճակատում կան մարդիկ, որոնց հետ մենք ընդհանուր ոչինչ չունենք: Անձամբ ես դեմ եմ քվեարկել»:
Չնայած չկայացած ռեժիսոր եւ չկայացած մարդ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻՑ ամեն ինչ սպասելի է, այնուամենայնիվ, նա մեզ զարմացրեց` բացեիբաց պաշտպանելով Բաքվում ապաստան գտած դավաճանին. «Մարդու իրավունքների տեսակետից` ցանկացած մարդ իրավունք ունի ապաստան խնդրել` որտեղից ցանկանա, դա իր գործն է: Քանի որ նա պետական պաշտոնյա չէ, դա իրավաբանական տեսակետից դավաճանություն չէ»: Այստեղ զարմանալին այն է, որ պաշտպանության տակ դավաճանին նա վերցրել է բացեիբաց: Իհարկե, «Ֆեյսբուքում» լիքը կեղծ անուններով հանդես եկողներ եղան, որ նույնիսկ հսկայական տրակտատներ են գրել ի պաշտպանություն այդ թափթփուկի, բայց որ սեփական անունով պաշտպանող լինի... Ախր, դրանից հետո ինչպե՞ս է քայլելու Երեւանի փողոցներով ու նայելու մարդկանց աչքերին:
Ի դեպ, «ՖԵՅՍԲՈՒՔԻ» վնասների մասին: Ինչքան էլ մասնագետներն ահազանգում են, որ երեխաներին մինչեւ համացանցին առնչվելը թողնելը պետք է սովորեցնել անվտանգության տարրական կանոնները, զարմանալիորեն պարզվում է, որ կան այդ կանոններին բացարձակապես չտիրապետող միանգամայն չափահաս եւ հասուն մարդիկ: Այսպես, այժմ դատաքննություն է ընթանում մի սպանության գործով: Պարզվում է, որ Երեւանում 27-ամյա ճարտարապետը, ով «Ֆեյսբուքում» ծանոթանում է մի աղջկա հետ, մի գիշեր լավ հարբած լինելով` որոշում է գնալ, գտնել այդ աղջկան, եւ արդյունքում ներխուժում է մի բնակարան, ուր այնպիսի վեճի է բռնվում, որ ի վերջո սպանվում է:
Սակայն անցնենք թեեւ զարմանալի, բայց հաճելի դեպքերի: Այսպես, պարզվում է, որ Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը արդեն 16 տարի զբաղեցնում է մի հայուհի` ՍԻԱՆ ԷԼԻԱՍ (Սրբուհի Էլիազյան): Համեստ փաստաբանի գործից իր կարիերան սկսած ադ տիկինը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ եթե իր ընտանիքում չպահպանվեր հայկական ինքնությունը, ապա չէր կարողանա հասնել այդպիսի բարձունքի: Եվ, ի դեպ, նա առաջին կինն է, որ Նոր Զելանդիայում ընդհանրապես որեւէ դատարան է գլխավորել: Դե ինչ, եւս մեկ անգամ արձանագրենք մեր գենի զորությունը, եւ կարելի է պատկերացնել, թե ինչ բարձունքների կհասնի երկիրը, եթե հայության բովանդակ ուժը ներդրվի Հայաստանում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
