ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԴԵՌ ԽԱՂԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԻ
Արխիվ 12-16ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԴԵՌ ԽԱՂԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԻ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վստահ խաղ ցուցադրել գերմանական ակումբի կազմում: Հայ ֆուտբոլիստը մեկնարկած առաջնության գրեթե ամեն խաղում բարելավում է սեփական վիճակագրությունը:
Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի Լեւերկուզենի «Բայերի» դեմ հանդիպմանը Մխիթարյանն իր հաշվին գրանցեց հերթական գոլային փոխանցումը եւ ակտիվ ու վստահ խաղ ցուցադրեց, ինչի արդյունքում դարձյալ հայտնվեց գերմանական մամուլի ուշադրության կենտրոնում: Ըստ «Whoscored.com»-ի՝ Մխիթարյանն արժանացել է 8.77 գնահատականին` իրենից մի փոքր միայն առաջ թողնելով գոլերի հեղինակ դարձած Սինձի Կագավային (8.84): Բայց նաեւ նկատենք, որ եթե «Բորուսիան» ընթացիկ մրցաշարում լուրջ առաջխաղացում ունի, որն իհարկե դրական է ազդել նաեւ Մխիթարյանի խաղի որակի վրա, սակայն դեռ ամեն բան չէ, որ հիանալի է ստացվում Եվրագավաթների խաղարկություններում: Միգուցե, պատճառներ էլ կան. մի բան է մրցել գերմանական թիմերի հետ, որոնք թեեւ բարձր մակարդակ, բայց նաեւ ֆուտբոլային գրեթե նույն փիլիսոփայությունն ունեն: Եվ մեկ այլ բան, երբ մրցակիցը, միգուցեեւ ավելի թույլ խաղային որակներ ունի, սակայն առաջնորդվում է հաջողության հասնելու ուրիշ եղանակներով: Մասնավորապես, եթե հիշենք Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում օրեր առաջ կայացած հանդիպումը ռուսական «Կրասնոդարի» հետ, ապա պետք է նշել, որ Մխիթարյանը, մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ խաղ չցուցադրեց: Իհարկե սա էլ իր բացատրությունն ունի. փայլուն խաղով աչքի ընկած մեր հայրենակիցը արդեն ռեալ վտանգ է ներկայացնում մրցակիցների համար, որոնք նրա դեմ իրենց գործողությունները ստիպված են լինում համակարգել, խիստ հսկողության մեջ պահելով հայ ֆուտբոլիստին, ինչի արդյունքում էլ Մխիթարյանը, զրկվելով տարածությունից, գցեց իր խաղի որակը: Բայց հենց դրանում է ֆուտբոլիստի բարձր կարգը հաստատվում, որ նման իրավիճակներում կարողանա իրեն դրսեւորել: Դրա համար ֆուտբոլիստին իհարկե ժամանակ է պետք: Իսկ թե կհաջողվի՞ Մխիթարյանին այդ փուլն էլ անցնել, թերեւս ցույց կտա այս մրցաշրջանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
